Վահրամ ՄԻՐԱՔՅԱՆ․ ՈԼՈՐՏՆԵՐ ԿԱՆ, ՈՐ ՊԵԿ-Ը «ՍՊԱՆԵԼ» Է
ՊԵԿ համակարգում գործում է շանտաժի ինստիտուտը, որովհետև ամբողջ համակարգը կառուցված է «պլան կատարելու» տրամաբանությամբ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Մանթաշյանց» գործարար միության նախագահ Վահրամ Միրաքյանը։
«ՊԵԿ տեսուչների առջև խնդիր դրված չէ՝ եկեք՝ խրախուսենք արդար բիզնեսները։ ՊԵԿ-ի տեսուչների խնդիրը պլան կատարելն է, ու հիմա էլ են պլան կատարում, դրա համար ամեն ինչի պատրաստ են։ Ասում են՝ «պաշտպանում ենք արդար բիզնեսը»։ Չկա նման բան․ քանի՞ արդար բիզնես գիտեք, որի գլխին սարքել են։ Կարող է ՊԵԿ նախագահը համոզված է՝ պաշտպանում են արդար բիզնեսը, բայց նման բան չկա, համակարգն այդպես չի աշխատում»,- ասաց նա։
Նշենք, որ արդեն մի քանի օր է՝ «Մանթաշյանց» գործարար միության նախագահ Վահրամ Միրաքյանի և ՊԵԿ-ի միջև կրքերը թեժացել են։ Օրեր առաջ գրառումներից մեկում Միրաքյանը մեղադրել էր ՊԵԿ-ին բիզնեսի դեմ ահաբեկչության համար, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն էլ իր ճեպազրույցում ասել էր, թե Միրաքյանի խոսքերում շանտաժի տարրեր է տեսնում։ Իրավիճակն առավել լարվեց, երբ հայտնի դարձավ ՊԵԿ օրենսդրական նոր նախաձեռնության մասին՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածից հանել «խրախուսական նորմին» վերաբերող կետը, ըստ որի՝ հարկեր թաքցրած բիզնեսն ազատվում է քրեական պատասխանատվությունից՝ պետությանը պատճառված ամբողջ վնասը վերականգնելուց հետո։
«Եթե բիզնեսմենին կալանավորում են օրենքը խախտելու համար, շատ լավ, թող կալանավորեն, բայց ոչ հարկային տեսուչի որոշման հիման վրա։ Հիմա հարկային տեսուչը դիմում է գրում քննչականին, քննչականն էլ կալանավորման միջնորդություն է ներկայացնում։ Այո, եթե բիզնեսմենը հանցանք է գործել, պետք է պատժվի ու շատ խիստ, բայց դա պետք է լինի դատարանի որոշումով»,- նշում է Միրաքյանը։
Նրա խոսքով՝ հիմա իրավիճակն այնպիսին է, որ ՊԵԿ տեսուչը ստուգումից հետո հայտարարում է, օրինակ, որ 200 միլիոնի խախտում է արձանագրել։ Դրա հիման վրա գործարարը կալանավորվում է, ստիպված վճարում է 200 միլիոնը կալանքը վերացնելու համար, հետո դատական կարգով սկսում է վիճարկել, որովհետև համաձայն չէ 200 միլիոն խախտման հետ։ Դատական համակարգի ներկա ծանրաբեռնվածության պայմաններում, հնարավոր է` 2 տարի անց նոր որոշում լինի, վճարված 200 միլիոնը հետ վերադարձվի, բայց իրավիճակը շատ դեպքերում արդեն փոփոխելի չի լինում։ Գործարարը կարող է այս պայմաններում պարզապես կորցնել բիզնեսը, իսկ սխալ արձանագրում արած հարկային տեսուչի համար որևէ հետևանք սա չի ունենում։
Միրաքյանի խոսքով՝ օրենսդրական փոփոխությունից հետո ստացվում է, որ անկախ ամեն ինչից՝ գործարարը կալանավորվելու է։ Այս դեպքում էլ, հնարավոր է` 2 տարի բանտում անցկացնելուց հետո դատարանում պարզվի՝ մարդն անմեղ էր, բայց արդեն կյանքի 2 տարին ու բիզնեսն էլ կորած են։
Նրա խոսքով՝ ներկայում միության 2 անդամ կալանավորված են, բայց գիտի՝ որ միությունից դուրս էլ կալանավորվածներ կան։ Թեպետ հետագայում կարծում է` կարդարացվեն, բայց մարդիկ արդեն 20-30 օր է՝ անազատության մեջ են։
Միրաքյանը մատնանշում է ՊԵԿ հրապարակած 2023թ․ վիճակագրությունը՝ 932 քրեական վարույթ է նախաձեռնվել (հարկայինի մասով)։ Ասում է՝ միևնույն ժամանակահատվածում, ըստ պաշտոնական վիճակագրության, ԱՄՆ-ում 2600 քրեական գործ է հարուցվել։
«ԱՄՆ-ում բիզնեսմենների քանակն ավելի մեծ է, քան ամբողջ ՀՀ բնակչության թիվը, ու այնտեղ ընդամենը 2,5 անգամ ավելի քրեական գործ է հարուցվել, այսինքն՝ մեր երկրում ֆանտաստիկ մեծ թվով քրեական գործեր են հարուցվում բիզնեսի դեմ։ Դրա մեծ մասն էլ հետագայում հերքվում է, դատարանով արդարացվում, որովհետև տեսուչը, որը շահագրգիռ կողմ է, որևէ ազդեցություն չպետք է ունենա կալանքի վրա»,- ասում է Միրաքյանը։
Հիշեցնում է, այսպես ասած, նախկինների ժամանակները, երբ, որքան էլ աբսուրդ է, բայց բիզնեսում խաղի կանոններ կային, օրինակ` գիտեիր, որ փողով կարող ես հարց լուծել։ Պնդում է՝ այսօր էլ պետք է խաղի կանոններ լինեն, բայց միանշանակ օրենքի սահմաններում։
Միրաքյանը ևս մի խնդիր է բարձրացնում․ Հայաստանում հարկային ոլորտին վերաբերող օրենքներն այնքան արագ են փոխվում, որ բիզնես-ոլորտը չի էլ հասցնում կողմնորոշվել, ժամանակին ու ճիշտ կազմակերպել աշխատանքը։
«Ամսվա մեջ մի 5 օրենք է փոխվում, դա շատ վատ է, քանի որ պայմանական ներդրողը պլանավորում է ներդրում անել, այդ ընթացքում մի 10 անգամ փոխվում է իրավիճակը, ամեն անգամ ինքն էլ իր բիզնես պլանն է ստիպված լինում փոխել, վերջում հասկանում՝ անկանխատեսելի է, ավելի լավ է՝ ներդրում չանել»,- նշում է նա։
Շեշտում է՝ օրենսդրական փոփոխություններն առանց շահագրգիռ կողմերի հետ քննարկումների են արվում։
«Ես երբևէ չեմ լսել, որ որևէ բիզնեսմեն հանդիպի ՊԵԿ նախագահի հետ։ Չեմ հավակնում ասել, որ իմ սուբյեկտիվ տպավորությունները 100 տոկոս ճշմարտություն են, բայց դա նշանակում է, որ այդ հանդիպումները բավականին քիչ են։ Որովհետև ամենամեծ բիզնես շփումներն ինձ մոտ են, մենք նաև ՊԵԿ-ի հանրային խորհրդի անդամ ենք, հանրային խորհրդի վերջին նիստն էլ եղել է մոտ 1 տարի առաջ՝ հոկտեմբերին, թե նոյեմբերին, իսկ այս մեկ տարվա ընթացքում մի 20 օրենք են փոխել»,- նշում է Միրաքյանը։
Հավելում է՝ օրենսդրական անկանխատեսելի ու չմտածված փոփոխություններով ՊԵԿ-ը որոշ ոլորտները «սպանել է»։ Որպես ամենավառ օրինակ ավտովերարտահանման ոլորտն է մատնանշում, որը տնտեսության համար բավականին մեծ շրջանառություն էր ապահովում 2022-2023թթ․-ին։
«Օրինակ` խաղի կանոնների կեսից որոշվեց, որ ԱԱՀ-ն չի վերադարձնում, ներքին որոշում արեց, որ ավտովերարտահանողները 10 տոկոս մարժայից ավելի պետք է չունենա։ Պատկերացնու՞մ եք՝ Սովետական Միության ժամանակ էր, որ բաժակն արտադրում էին, որոշում էին՝ էս գնից վերև չպետք է լինի։ ՊԵԿ-ը որոշեց, որ ավտոն էս գնով պետք է վաճառվի ու սպանեց էդ ոլորտը։ Հիմա հարյուրավոր մարդկանց վրա քրեական գործեր են բացված, հարյուրավոր մարդկանց ԱԱՀ-ն չվերադարձրեցին։ ՊԵԿ-ը հպարտանում էր, որ անցյալ տարի ավել հարկային մուտքեր են եղել։ Ավելի են եղել, որովհետև, բառի բուն իմաստով, «քցել էին բիզնեսին»,- ասում է Միրաքյանը։
Հավելում է՝ հիմա այդ ոլորտը տեղափոխվել է Ղրղզստան, որտեղ հարյուրավոր միլիոն դոլարներ են մտնում, ու Ղրղզստանը շնորհակալ է մեր ՊԵԿ-ին դրա համար։
Վստահ է՝ ոլորտը բարեփոխելու համար պետք է նաև կադրային բարեփոխում անել։ Ավանդաբար այն եղել է ամենակոռումպացվածներից մեկը։ Այսօր ՊԵԿ-ում կադրային առումով փոխվել է միայն ղեկավարությունը, անգամ եթե վերադասն այսօր չի խրախուսում դրամաշորթությունը, չի նշանակում, որ այն չկա։ Ասում է՝ Հայաստանում օֆշորային ոլորտներ էլ կան, օրինակ, մրգի վաճառքը։
«Մեյմանդարի շուկան Հայաստանի ամենամեծ օֆշորներից է, որտեղ սևով ամեն օր միլիարդավոր դրամներ են պտտվում, երբ այդ պայմաններում ինչ-որ մեկն ուզում է սպիտակ աշխատել, ինքը շանս չունի»,- ասում է նա։
Նշում է՝ քայլերը հասկանալու համար առաջիկայում պատրաստվում են հանդիպումներ, քննարկումներ ունենալ նաև այլ գործարար միությունների հետ, որովհետև խնդիրը ոչ թե «Մանթաշյանց» միության հետ է, այլ բիզնես-ոլորտի։ Միության անդամներից նաև մասնակցություն է լինելու սեպտեմբերի 6-ին նախատեսվող ՊԵԿ–ին կից հանրային խորհրդի նիստին։ Իրենց հիմնական պահանջն այն է, որ գործարարի կալանավորումը հնարավոր լինի միայն քննության ավարտից հետո՝ դատարանի որոշմամբ։