ՌԴ-ում մտադիր են աշխատանքային ներգաղթյալներին արգելել ընտանիքներով տեղափոխել Ռուսաստան
ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության մի խումբ պատգամավորներ կուսակցության առաջնորդ Լեոնիդ Սլուցկիի գլխավորությամբ օգոստոսի 19-ին Պետդումա կներկայացնեն ՌԴ քաղաքացիություն չունեցող աշխատանքային ներգաղթյալների՝ իրենց ընտանիքներին Ռուսաստան տեղափոխելու իրավունքը սահմանափակող օրինագիծ։
«Օրենքով առաջարկվում է արգելել օտարերկրացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը ՌԴ, ովքեր մուտք են գործում ՌԴ տարածք որպես աշխատանքային պայմանագրի հիմքի վրա աշխատանքային գործունեություն ծավալելու նպատակով ՌԴ-ում ժամանակավորապես գտնվող օտարերկրացու ընտանիքի անդամ»,- ասված է հիմնավորման մեջ։
Ինչպես նշում են օրինագծի հեղինակները, խոսքը ցածր որակավորում ունեցող մասնագետների մասին է, ովքեր Ռուսաստանում են մնում միայն աշխատանքային պայմանագրի կամ արտոնագրի հիման վրա և չունեն երկրում ապրելու այլ օրինական հիմքեր, օրինակ՝ ՌԴ քաղաքացիություն։
Բացառություններ են արվելու բարձր որակավորում ունեցող օտարերկրյա աշխատողների ընտանիքի անդամների համար:
«Աշխատող ներգաղթյալների ընտանիքները պետք է նրանց սպասեն հայրենիքում։ Ռուսաստան եկող աշխատող օտարերկրացիների հարազատներն ապրում են կոմպակտ անկլավներով, խոսում են իրենց մայրենի լեզվով և արհամարհանքով են վերաբերվում տեղի բնակիչներին:
Հաճախ են լինում դեպքեր, երբ նման ներգաղթյալների բնակարանները չեն վճարում բնակարանային և կոմունալ ծառայությունների համար և կուտակում են հսկայական պարտքեր, որոնց հետ ստիպված են լինում գործ ունենալ մյուս սեփականատերերը։ Այս բոլոր խնդիրները պետք է վերացվեն, իսկ որակավորում չունեցող օտարերկրացիներին պետք է արգելել աշխատանքի ընթացքում իրենց ընտանիքը տեղափոխել ՌԴ։ Եկավ, աշխատեց, գնաց տուն։ Այլ խոսակցություն չպետք է լինի»,- ասել է Սլուցկին РИА Новости-ին։
Նախաձեռնության հեղինակների կարծիքով՝ ներկայում միտում կա, որ ներգաղթյալների երեխաներն ու գործազուրկ ամուսինները՝ նրանց աշխատանքային պայմանագրերի կամ արտոնագրերի հիման վրա իրավունք ունեն ազատորեն տեղափոխվել Ռուսաստան, ինչը հանգեցնում է միգրացիոն անվերահսկելի հոսքի և սոցիալական լարվածության։
Օրինագիծը ենթադրում է, որ աշխատանքային ներգաղթյալի համար աշխատանքային պայմանագրի կամ արտոնագրի առկայությունը այլևս հիմք չի ծառայի՝ ընտանիքի անդամների՝ նրա հետ Ռուսաստան տեղափոխվելու համար։
News.am