ՀՀ էկոնոմիկայի նախարարություն․ Հայկական կոնյակի մասին պաշտոնական ծանուցում չենք ստացել

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը չի ստացել Ռուսաստանում անցկացված հետազոտության արդյունքները։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին գերատեսչության մամուլի ծառայությունից։

Այսօր հայտնի դարձավ, որ «Անտիկոնտրաֆակտ» ասոցիացիան և Ռուսաստանի կոնյակ, սպիրտ և ալկոհոլային խմիչք արտադրողների միությունը համատեղ հետազոտություն են անցկացրել և պարզել, որ ռուսական խանութներում վաճառվող հայկական կոնյակների գրեթե 90%-ն անվտանգ չեն, իսկ արտադրանքի մոտ կեսը պարունակում է ոչ խաղողի սպիրտ:

«Պաշտոնական ծանուցում և հետազոտության հիմքերը չենք ստացել, թեմային կանդրադառնանք փաստերին ծանոթանալուց հետո»,– Sputnik Արմենիային ասացին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Նշենք, որ «Անտիկոնտրաֆակտը» դիմել է ՌԴ գլխավոր դատախազություն, Դաշնային մաքսային ծառայություն և Ռոսալկոգոլտաբակկոնտրոլ՝ խնդրելով ուժեղացնել Հայաստանից ներկրվող ալկոհոլային արտադրանքի վերահսկողությունը։