EUObserver․ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐԵԼ՝ ԳԼԽԻՆ ՊԱՐԶՎԱԾ ԱՏՐՃԱՆԱԿՈՎ
Այս տարի ՄԱԿ կլիմայի համաժողովը (COP29) տեղի կունենա Ադրբեջանում, երկիր, որը խիստ կախված է հանածո վառելիքից և հայտնի է մարդու իրավունքների իր վաղեմի խախտումներով։ Ադրբեջանի կառավարությունն այս միջոցառումը ներկայացնում է որպես պատմության մեջ առաջին «СОР հանուն խաղաղության» ակցիա, թե ինչ է դա նշանակում, հատկապես միմյանց հետ թշնամական հարաբերություններ ունեցող Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների համար, մնում է անհայտ, գրել է EUObserver-ի գլխավոր խմբագիր Էլենա Սանչես Նիկոլասը։
«Եկել է կայուն և երկարատև խաղաղության հաստատման վճռական քայլեր ձեռնարկելու ժամանակը։ Ադրբեջանը պետք է օգտվի 29-րդ համաժողովի պահից, որպեսզի խաղաղություն կնքի Հայաստանի հետ»,- վերջերս Euobserver-ին հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը։
Հանդիպման նախօրեին, որը տեղի է ունենալու նոյեմբերի 11-12-ին Բաքվում, ակտիվիստները և իրավապաշտպանները կոչ են անում դեմոկրատացնել երկրների ընտրության գործընթացը՝ այդ միջոցառումների անցկացման համար, պահանջելով, որպեսզի ընդունող երկրները լինեն ՄԱԿ կլիմայական արժեքների և մարդու իրավունքների կողմնակիցը։
ՄԱԿ Գլոբալ պայմանագրի նախկին փոխնախագահ և Unilever-ի գլխավոր տնօրեն Փոլ Փոլմանը Euobserver-ի հարցազրույցում ասել է, որ կազմակերպության «СОР հանուն խաղաղության» անվանումը մեծ ուշադրություն է գրավել Կովկասի իրավիճակի հանդեպ։ Նրա կարծիքով՝ ԱՄՆ և ԵՄ ճնշումը կարող է հանգեցնել երկրում դրական փոփոխությունների, հատկապես ավելի քան 280 քաղբանտարկյալների, ինչպես նաև լրագրողների և ակտիվիստների նկատմամբ, ինչպիսին է Անար Մամեդլին, որը կալանքի տակ է։
«Քաղաքական ներկայությունը կարևոր հարց է, որովհետև Հայաստանը չի կարող խաղաղության բանակցություններ վարել՝ գլխին պարզված ատրճանակի պայմաններում։ Եթե մարդիկ, որոնք ներկայացնում են (Հայաստանը), գտնվում են բանտում, նրանք չեն կարող մասնակցել (խաղաղության բանակցություններին)»,- ասել է նա։
Սակայն, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քրատուղար Այհան Հաջիզադեի խոսքով՝ «նախկինի պես գոյություն ունեն լուրջ խոչընդոտներ առաջիկա օրերին խաղաղության պայմանագրի ստորագրման համար, իսկ ԵՄ՝ որպես ազնիվ միջնորդի դիրքը խափանված է»։
Պարբերականի գլխավոր խմբագիրն այս առնչությամբ հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղում 2023թ. Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո Եվրոպական խորհրդարանը կոչ է արել նպատակաուղղված պատժամիջոցներ մտցնել Բաքվի դեմ՝ ընդգծելով, որ իրավիճակը, որում հայտնվել են Լեռնային Ղարաբաղից փախած հայերը, հավասարեցվում է էթնիկ զտման։
Սակայն ԵՄ և Բաքվի գազային դիվանագիտությունը և ԵՄ որոշ երկրների (ինչպիսին Հունգարիան է, որը սերտ կապեր ունի Ադրբեջանի հետ) դիրքորոշումը առայժմ անհնար են դարձնում ԵՄ պատժամիջոցները։ Ադրբեջանի գազային հատվածի բաժինը ՀՆԱ-ում զգալիորեն ընդլայնվել է Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո, ընդգծել է Սանչես Նիկոլասը։
2022թ. հունիսին Ադրբեջանը և Եվրահանձնաժողովը պայմանավորվել են կրկնապատկել ադրբեջանական գազի արտահանումը Եվրոպա մինչև 2027թ.։ 2021թ. Ադրբեջանը ԵՄ մատակարարել է 8,1 մլրդ խորանարդ մետր գազ, ինչը, պաշտոնական տվյալների համաձայն, ավելացել է՝ 2022-ին հասնելով 11,3, իսկ 2023-ին՝ 11,4 մլրդ խորանարդ մետրի։ ՄԱԿ-ում կլիմայի վերաբերյալ քննարկումները երկար տարիներ ուղղված են եղել այն բանին, որպեսզի ուշադրությունը կենտրոնացվի հանածո վառելիքից երկրների փուլային հրաժարման և իրենց տնտեսությունն ածխածնից ազատելու անհրաժեշտությանը։
Անցած տարվա դեկտեմբերին Դուբայում ստորագրված համաձայնագիրը առաջին անգամ նախատեսում էր «արդար, կարգավորված և իրավահավասար անցում հանածո վառելիքի օգտագործումից էներգետիկ համակարգերի»։ Բայց գազը և նավթը կազմում են Ադրբեջանի ՀՆԱ երկու երրորդը, ինչն այն դարձնում է երկրներից մեկը, որն ամենամեծ չափով է կախված հանածո վառելիքից։
Քանի որ նախագահ Իլհամ Ալիևը երկրի ղեկին է արդեն ավելի քան 20 տարի, նրան հաճախ համեմատում են մաֆիայի բոսի կամ բռնապետի հետ, աճում է անհանգստությունը կառավարությանը քննադատողների, ակտիվիստների և լրագրողների դեմ շարունակվող բռնաճնշումների, ընտրություններում առկա խնդիրների և իրավապահ մարմինների գործադրած կտտանքների առիթով, ընդգծել է EUObserver-ը։
Հոդվածի հեղինակի խոսքով՝ չնայած աշխարհում իր հեղինակությունն ամրապնդելու Ադրբեջանի ջանքերին՝ Ստրասբուրգում տեղակայված Եվրոպայի խորհուրդը, որը չի մտնում ԵՄ-ի մեջ, սկսել է ավելի կոշտ վերաբերվել Բաքվի հանդեպ, անգամ դադարեցնելով Ադրբեջանի մասնակցությունը 2024թ. վեհաժողովին։ Մինչդեռ ՀԿ-ներն անհանգստություն են հայտնում այս տարի համաժողովի մասնակիցների պահպանության առնչությամբ։
«ՄԱԿ և Ադրբեջանի իշխանությունների միջև համաձայնությունը» պետք է երաշխիք պարունակի, որ մարդու բոլոր իրավունքները պաշտպանված կլինեն և կպահպանվեն ինչպես միջոցառումների անցկացման վայրերում, այնպես էլ դրանց սահմաններից դուրս,- ասել է Amnesty International-ի ակտիվիստ Էնն Հարիսոնը։ Դրանց են վերաբերում կարծիքի արտահայտման ազատության և խաղաղ հավաքների իրավունքները։ Դա հատկապես կարևոր է, քանի որ Ադրբեջանի իշխանությունները մշտապես կասեցնում են քննադատությունը։ COP 29-ը հնարավորություն է Ադրբեջանի համար՝ հաստատել իր հավատարմությունը միջազգային իրավունքին և ստեղծելու պայմաններ ազատ և անկախ քաղաքացիական հասարակության աշխատանքի համար։ Երկիրը զբաղեցնում է 164-րդ տեղը 180 երկրների շարքում՝ 2024թ. «Թղթակիցներ առանց սահմանի» մամուլի ազատության ռեյթինգում, իջնելով 2023թ. 150-րդ տեղից։