Այս տարի կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քննվել է 1003 քրեական վարույթ
ՀՀ քննչական կոմիտեում 2024թ. առաջին կիսամյակում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քննվել է 1003 քրեական վարույթ, որը 46-ով կամ 4,3%-ով քիչ է 2023թվականի առաջին կիսամյակի համեմատ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նշված 1.003 քրեական վարույթից 32-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 60 անձի վերաբերյալ ուղարկվել դատարան, 132-ը կարճվել է, որից 104-ը՝ ռեաբիլիտացնող, իսկ 28-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքերով։ 90 վարույթով ավարտվել են վարութային գործողությունները, 112-ն ուղարկվել է այլ մարմին, 37 վարույթ միացվել է, իսկ 600 վարույթ փոխանցվել է 2024թ. 2-րդ կիսամյակ:
Կոռուպցիոն բնույթի հանցագործություններով իրականացված մինչդատական վարույթի ընթացքում պատճառված գույքային վնասը, նախնական հաշվարկներով, կազմել է 7.446.326.000 ՀՀ դրամ, որից նախաքննության ընթացքում վերականգնվել է 675.420.000 դրամը։
«Վերականգնվածից 657.630.000 դրամը եղել է պետությանը պատճառված վնասը, 9.798.000 դրամը՝ համայնքներին, 4.000.000 ՀՀ դրամը՝ իրավաբանական, իսկ 3.992.000 ՀՀ դրամը՝ ֆիզիկական անձանց պատճառված վնասը»,–նշված է հաղորդագրության մեջ։
2024թ. առաջին կիսամյակում կոռուպցիոն հանցագործություններով վնասի վերականգնման ցուցանիշը ավելի քան 4 անգամ գերազանցում է 2023 թվականի նույն ժամանակահատվածի արդյունքները (156.126.000 ՀՀ դրամ)։
Կոմիտեից նշում են, որ քրեական վարույթներով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ պատճառված վնասի մնացած մասի վերականգնումը ևս ապահովելու ուղղությամբ։
Sputnik Արմենիա