Կիրանցի բնակիչը հրաժարավել է 270 միլիոն դրամ փոխհատուցումից, նրան սպառնացել են կալանավորել
Կիրանցի բնակիչը հրաժարավել է 270 միլիոն դրամ փոխհատուցումից, նրան սպառնացել են կալանավորել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը։
«Կիրանցից տեղեկացա, որ գյուղի 11 ընտանիք, որոնց հարազատները զոհվել են հայրենիքի տարածքները պաշտպանելու ժամանակ, հրաժարվել են սահմանազատման անվան տակ, միակողմանի, ապօրինի կերպով Ադրբեջանին հանձնված, կադաստրի վկայականներով իրենց պատկանող հողի, գույքի համար պետբյուջեից փոխհատուցում ստանալ։ Պետական բյուջեից մեծ գումարներ են տրվել նրանց, ովքեր համաձայնվել են գործարքին։
Գյուղացիների վկայությամբ՝ որպես խանութ ծառայած վագոն-տնակի համար վճարել են 18 միլիոն դրամ, ավտովերանորոգման ոչ մեծ արհեստանոցի տարածքի համար՝ 28 միլիոն դրամ։ Դրանք Կիրանցի բնակիչներին վճարված ամենափոքր գումարներն են, տների, հողերի համար ավելի մեծ գումարներ են տրվել։ Կիրանցի մի բնակչի, որի անունը չեմ գրում՝ իր համար խնդիրներ չստեղծելու համար, առաջարկել են 270 միլիոն դրամ, սակայն նա հրաժարվել է։
Գյուղի բնակիչները ասացին,որ հետո այդ մարդուն հրավիրել են Երևան, քննչական կոմիտե, որտեղ համառ տղամարդուն ասել են, որ ինքը և իր որդին դիմադրություն են ցուցաբերել ոստիկաններին, կարող են քրեական գործ հարուցել, սակայն 270 միլիոն դրամից հրաժարված կիրանցցին չի վախեցել քրեական հետապնդումից, չի գնացել գործարքի։ Կիրանցի տարածքները Ադրբեջանում հանձնելուց հետո հերոսական Կիրանցում տրամադրություն է փոխվել։ Ամեն տարի օգոստոսի 1-ին մեծ շուքով նշվում է Կիրանցի տոնը։ Այս տարի գյուղի տոնը անշուք է անցել։
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ արել՝ Ադրբեջանին հանձնված տարածքների դիմաց պետական բյուջեից ինչքա՞ն գումար է նախատեսված Կիրանցի բնակիչներին փոխհատուցելու համար, ինչքա՞նն է նրանց արդեն տրվել, ի՞նչ սկզբունքով է որոշվել փոխհատուցման չափը։
Մարզպետարանից պատասխանել են․ «Պպահանջվող տեղեկատվությունը ենթակա չէ տրամադրման, քանի որ այն ունի գաղտնիության դրոշմագիր»»,- գրել է նա։
News.am