Չելսի Քլինթոնը միացավ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի Ընտրող հանձնաժողովին է միացել «Քլինթոն» հիմնադրամի փոխնախագահ, հանրային առողջության փորձագետ Չելսի Քլինթոնը:
«Դոկտոր Քլինթոնը հայտնի է մարդկանց կյանքը բարելավելու իր ջանքերով, ինչը ոգեշնչում է ապագա առաջնորդներին ամբողջ աշխարհում ու նպաստում կարևոր հարցերի, այդ թվում՝ առողջապահական հավասարության վերաբերյալ իրազեկության բարձրացմանը և գործնական քայլեր ձեռնարկելուն», - ասված է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հաղորդագրությունում:
«Ավրորա» մրցանակը՝ 1 միլիոն ԱՄՆ դոլար, շնորհվում է այն անհատներին, որոնք վտանգում են սեփական կյանքը, որպեսզի փրկեն այն մարդկանց կյանքը, որոնք տառապում են հակամարտությունների կամ մարդկության դեմ իրագործվող հանցագործությունների հետևանքով։ «Ավրորա» մրցանակի դափնեկիրն ստանում է նվիրատվության շղթան շարունակելու բացառիկ հնարավորություն՝ այդ միջոցներն ուղղելով համայնքներում մարդասիրական աշխատանք իրականացնող անհատներին:
«Ուրախ ենք ողջունելու Չելսի Քլինթոնին «Ավրորա» համայնքում: Հաշվի առնելով սոցիալական փոփոխություններին նվիրված երկարամյա ջանքերը՝ նա կատարյալ համալրում է Ընտրող հանձնաժողովում, և ես անհամբեր սպասում եմ մեր համատեղ աշխատանքին՝ լույս սփռելու մարդասեր գործիչների վրա, որոնք վտանգում են սեփական կյանքն՝ օգնելու դժվարին իրավիճակում գտնվողներին», - մասնավորապես ասել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ և Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար Լորդ Արա Դարզին:
Երկար տարիներ լինելով հանրային առողջության փորձագետ՝ Չելսի Քլինթոնը նաև «Քլինթոն» առողջապահության հասանելիության նախաձեռնության (Clinton Health Access Initiative) փոխնախագահն է: Հիմնադրամում աշխատելուց բացի, նա դասավանդում է Կոլումբիայի համալսարանի Մեյլմենի անվան հանրային առողջության դպրոցում: Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բիլ Քլինթոնի և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի միակ զավակը մի քանի գրքերի հեղինակ է, այդ թվում՝ լավագույն տարածում գտած "She Persisted" («Նա հաստատակամ էր») շարքի:
«Մենք բոլորս մեր դերն ունենք համաշխարհային մեծագույն մարտահրավերներին դիմակայելու գործում», - հայտարարել է Չելսի Քլինթոնը: - «Ինձ համար պատիվ է միանալ 2024թ. «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին և շարունակել մեր համագործակցությունը «Քլինթոն» համաշխարհային նախաձեռնության (CGI) միջոցով՝ աջակցելու մարդասիրության ոլորտի առաջնորդներին, որոնք մեծապես փոխում են աշխարհը»:
2024թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդների՝ «Ավրորայի» հերոսների անունները հայտարարվել էին 2023-ի սեպտեմբերի 18-ին՝ Նյու Յորքում տեղի ունեցած «Քլինթոն» համաշխարհային նախաձեռնության (CGI) ամենամյա միջոցառման ընթացքում: Ութերորդ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը շնորհվեց Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գործող իրավապաշտպան, աշխարհում հայտնի գինեկոլոգ Դենիս Մուկվեգեին 2024-ի մայիսի 9-ին: Բժիշկ Մուկվեգեն Կոնգոյի «Փանզի» հիվանդանոցի և հիմնադրամի նախագահն է, որը հիմնադրել է 1999 թվականին՝ մայրական առողջության և մայրական մահացության համակարգային խնդիրը լուծելու նպատակով: Շարունակվող հակամարտության և պատերազմից բխող առողջապահական կարիքների պայմաններում՝ հիվանդանոցը դարձել է հակամարտությունների ժամանակ սեռական բռնության ենթարկվածների բուժման առաջատար կենտրոններից մեկն աշխարհում:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ձգտում է լուծել մարդասիրական խնդիրներն աշխարհի տարբեր անկյուններում՝ տեղում օգնելով ամենակարիքավորներին: Նախաձեռնության գլխավոր նախագիծը՝ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը, բացահայտում է և աջակցում մերօրյա հերոսներին, որոնք շոշափելի դրական փոփոխություն են իրականացնում խոցելի և ամենակարիքավոր համայնքներում: Մինչև հիմա «Ավրորան» արդեն նախաձեռնել է և աջակցել 430 նախագծի 56 երկրում և տարածքում՝ զգալի ազդեցություն գործելով ծայրահեղ կարիքի մեջ գտնվող մոտավորապես 3.4 միլիոն մարդու կյանքի վրա, ասված է հաղորդագրությունում:
Azatutyun.am