Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ՌԴ-Ն ԱՅՍ ԱՆԳԱՄ ԷԼ ԽԱԲՎԵԼՈՒ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Թուրքիան Ադրբեջանին (տվյալ դեպքում՝ Թուրան նախագծի իրականացման համատեքստում) դիտարկում է որպես տարածաշրջանում իր նպատակներին հասնելու գործիք, որը միշտ հաջողությամբ օգտագործել է։ Դրա մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը։

 

«Ռուսաստանը նույնպես օգտվեց այս գործոնից, սակայն առանձին դեպքերում նրան խաբեցին։ Ըստ իս՝ այս դեպքում նույնպես Թուրքիան ու և Ադրբեջանը կխաբեն Ռուսաստանին, և այս անգամ նաև կներքաշվի Հարավային Կովկասի պատերազմի մեջ։ Իրադարձությունների զարգացումը կհանգեցնի նրան, որ Ռուսաստանն ու Իրանը (ոչ միմյանց հետ) ստիպված կլինեն այս տարածաշրջանում իրենց շահերի համար կոշտ եղանակներով պայքար մղել»,- նշել է նա։

Զաքարյանի գնահատմամբ՝ Հարավային Կովկասում՝ ռուսական օրակարգը լրացնելու առումով, բաց տեղ կա, և Հայաստանի իշխանությունների հիմարության պատճառով Բաքվին հնարավորություն ընձեռվեց այն լրացնելու։

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարարի կարծիքով՝ դա հանգեցրեց նրան, որ Ադրբեջանը Ռուսաստանի Դաշնության համար գրավիչ գործընկեր դարձավ։

«Եթե նախկինում տարածաշրջանում կար հայկական գործոն, և Ռուսաստանը չէր կարող հաշվի չառնել Հայաստանի շահերը, այսօր արդեն գործում է «երրորդն ավելորդ է»-ի սկզբունքը։ Հայաստանի իշխանությունները երկիրը վերածել են մարգինալ պետության, իսկ Արևմուտքը բացը չի լրացնի. Նույն այդ Ադրբեջանը հիմա Արևմուտքի համար ավելի գրավիչ է, քան Հայաստանը»,- նշել է նա։

Զաքարյանի գնահատմամբ՝ Արևմուտքը Փաշինյանին համոզեց հրաժարվել Արցախից՝ անվտանգությունն ապահովելու խոստման դիմաց, ինչպես նաև խոստանալով, որ հաղորդակցությունները Հայաստանի վերահսկողության տակ կլինեն։

«Բայց հետո Արևմուտքը հայտարարեց, թե այդ հաղորդակցությունները պետք է լինեն իր վերահսկողության տակ։ Արևմուտքն այն անվանում է Միջին միջանցքի մաս, որն Իրանում անվանում են Թուրանյան միջանցք։ Ստացվում է, որ Փաշինյանը հող է նախապատրաստել Ռուսաստանի և Արևմուտքի միջև բախման համար, և նրանցից յուրաքանչյուրը պնդում է հաղորդակցությունները վերահսկելու իր իրավունքի մասին»,- նշել է քաղաքական գործիչը։

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարարը հավելել է, որ հետագա զարգացումները կախված են Վրաստանի քաղաքական գործընթացներից, սակայն Ռուսաստանը Հարավային Կովկասը լքելու մտադրություն չունի։

News.am