ՈՒԺԻ ԵՐԿՈՒ ԲԵՎԵՌ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵԺ ԱՇՆԱՆ ՆԱԽՕՐԵԻՆ…

Փաշինյանը «վաստակած» արձակուրդից վերադարձավ տոտալիտարիզմի և ժողովրդավարության թեմայով քարոզով։ Տոտալիտար կառավարման և ժողովրդավարության միջև տարբերության նկարագրությունը բռնապետի շուրթերից հնչում էր որպես բացահայտ ծաղր «3 միլիոն վարչապետների» նկատմամբ, որոնք ամեն օր ենթարկվում են ոստիկանական տեռորի, բռնության ու նվաստացման

Այս ամառ արցախցի Արամ Երիցյանի նկատմամբ ոստիկանական հաշվեհարդարի կադրերը ցնցեցին երևանցիներին. ոստիկանը 10 սմ հեռավորությունից շիթն ուղղեց ասֆալտին պառկած երիտասարդի հենց աչքերին, թեև նա չնչին իսկ դիմադրություն չէր ցուցաբերում: Երիցյանին ասֆալտին էին տապալել 10 ոստիկաններ, ոստիկանության բաժանմունքում նրան ձեռնաշղթաներով քարշ էին տալիս աստիճաններով, հայհոյանքներ տեղալով արցախցիների հասցեին։ Երիտասարդն արդեն ոչինչ չէր տեսնում. արցունքաբեր գազի շիթից անմիջապես կուրացել էր։ Երիցյանը բռնության է ենթարկվել արգելված տեղում կայանման համար։ Նա չի հրաժարվել բաժանմունք գնալուց, դիմադրություն չի ցուցաբերել իրավապահներին, սակայն նրա նկատմամբ դաժան հաշվեհարդար է իրականացվել, որը բացահայտ պատվիրված քաղաքական բնույթ ունի։

Դա տեղի է ունեցել օգոստոսի 1-ին, իսկ օգոստոսի 7-ին հայտնի դարձավ, որ Արամին կրկին ձերբակալել են, սակայն դատարանը երկրորդ անգամ էլ չի բավարարել նրան կալանավորելու վերաբերյալ ՔԿ-ի միջնորդությունը: Ինչո՞ւ է ՔԿ-ն այդքան համառորեն ձգտում հասնել Երիցյանի կալանավորմանը։ Գուցե վրեժ է լուծում նրա փաստաբան եղբորի՞ց, որը հրապարակեց ոստիկանական կամայականության հերթական փաստը։

Ավելի քան 3 ամիս է անցել Սամվել Վարդանյանի նկատմամբ հայ հասարակությանը ցնցած հաշվեհարդարից։ Ապրիլի 15-ին ավտոբուսում երիտասարդը մի քանի թունդ մակդիրների էր արժանացրել ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանին: Դրա համար նրան ձերբակալեցին։ Ձերբակալված անձանց պահելու կետ հասնելու ճանապարհին սև հագուստով ու դիմակներով զինված հանցախումբը իջեցրել է Վարդանյանին ոստիկանական մեքենայից, մի քանի մետր քարշ տվել, ստիպել ծնկի գալ, գլուխը հարվածել գետնին: Երիտասարդի տաբատն իջեցրել են, ոտքերի արանքը մտցրել ոստիկանական մահակը։ Այդ ամենն ուղեկցվել է հայհոյանքներով ու դեմքին թքելով։ Ի դեպ, հավելեմ, որ Ասլանյանին ուղղված մակդիրները կարելի է կարդալ սոցցանցերում, որտեղ այդպիսիք առավել քան շատ են

Վարդանյանին մեղադրանքներ են ներկայացվել խուլիգանության և քաղաքական հայացքներով պայմանավորված թշնամանք հրահրելու հոդվածներով։ Նրա նկատմամբ հաշվեհարդարի համար ոչ ոք պատասխատվության չենթարկվեց։ Մինչ օրս չի հաջողվել պարզել նույնիսկ ուղեկցող ոստիկանների անունները, որոնք կանգնեցնելով մեքենան՝ հեռացել են, հնարավորություն տալով դիմակավորված հանցախմբին հաշվեհարդար տեսնել ձերբակալվածի հետ։

Ամռան ավարտին ակնհայտ դարձավ, որ այսուհետ ոստիկանական տեռորը տարածվում է ոչ միայն ընդդիմության փողոցային ակցիաների մասնակիցների նկատմամբ, ինչպես դա եղավ հունիսի 12-ին խորհրդարանի շենքի մոտ, այլև քաղաքացիներից յուրաքանչյուրի։ Լրատվամիջոցները տեղեկություններ են հրապարակում ոստիկանական համատարած բռնությունների մասին։ Հերթական դրսևորումը տեղի է ունեցել հուլիսի 19-ի ուշ երեկոյան։ Ոստիկանության Նոր Նորք վարչական շրջանի բաժին ձեռնաշղթաներով և ուժի գործադրմամբ բերման է ենթարկվել մի քաղաքացի, որին այնուհետ բաց են թողել՝ բերման ենթարկելու հիմքերի բացակայության պատճառով: Դրանից հետևում է, որ բռնությունն անիրավաչափ է եղել, սակայն բերման ենթարկվածը չի ցանկացել բողոք ներկայացնել, որ իրեն գլխով հարվածել են պատերին, ձեռնաշղթաներով քարշ տվել գետնին՝ ուշադրություն չդարձնելով գանգատներին: Տղամարդը գանգատվել է վատ ինքնազգացողությունից, ասել, որ ոտքի վրա չի կարողանում կանգնել,.. Նման դրվագները վերջերս դարձել են հայ հասարակության կյանքի անբաժանելի մասը։

Մեկնաբանելով այս հանգամանքը՝ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն արձանագրեց. «Ռեժիմի քաղաքական հակառակորդների դեմ ամենաթողությունը հանգեցրել է նրան, որ ոստիկանները սկսել են բռնություն կիրառել ոչ միայն ընդդիմության ներկայացուցիչների, այլև բոլոր քաղաքացիների նկատմամբ։ Ակներև է Մարդու իրավունքների խախտումը ոստիկանների կողմից»։ Հունիսի 12-ին բեկորային վնասվածքներից տուժած 106 անձինք դիմել են բուժօգնություն ստանալու համար: Արգելված «Զարյա-3» լուսաձայնային նռնակների կիրառման համար ոչ մի ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել ռողջապահության նախարարությունը օրինականացրեց դրանց կիրառումը հետին թվով, նույն կերպ վարվեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը): Մինչ այդ 30 ոստիկաններից ոչ մեկը պատասխանատվության չենթարկվեց ՀՅԴ շենքի մոտ ընդդիմադիր գործիչ Աշոտ Սիմոնյանին խմբովի ծեծի ենթարկելու համար:

Քաղաքականացված հանրությունը հիշում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, երկրորդ նախագահ Լևոն Քոչարյանի որդու ծեծի կադրերը։ Անցնող ամռանը այդ հանրությանը ցույց տվեցին Քոչարյանի և նրա ընկերոջ՝ Սերգեյ Ասատուրովի մեղադրանքով դատաքննության դրվագը։ Մեղադրող կողմը, հակառակ ոստիկանների կողմից Քոչարյանին ծեծի ենթարկելու կադրերի, որոնք ցուցադրվել են դատարանի դահլիճում, մեղադրեց հենց Քոչարյանին ոստիկաններին ծեծի ենթարկելու մեջ: Ակնհայտ է, որ երիտասարդները դարձել են ոստիկանների կողմից խմբովի բռնության զոհ, սակայն մեղադրող կողմը պնդում է իր անհեթեթ վարկածը, քանզի այդպիսին է քաղաքական պատվերը: Երկրորդ նախագահի որդուն պե՛տք է մեղադրեն ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, այդպես է ցանկացել Փաշինյանը։

Ոստիկանական տեռորը «ժողովրդավարության բաստիոնի» այցեքարտը դարձավ դեռևս 2022 թվականի գարուն-ամռանը «Դիմադրություն» շարժման ակցիաների ժամանակ։ Առանձնակի աչքի ընկած ոստիկանները պաշտոնի բարձրացում ստացան։ Զոհված հերոսների ծնողների նկատմամբ Եռաբլուր զինվորական պանթեոնում կիրառված բռնություններից հետո մորեգույն բերետավորներից ոչ մեկը պատասխանատվության չենթարկվեց, թեև ոստիկանության ծառայությունում ձևացնում էին, թե ներքին քննություն են անցկացնում: Ակնհայտ է, որ ուժի գերազանցման և հատուկ միջոցների անիրավաչափ կիրառման անպատժելիությունն ապահովված է առաջին դեմքի մակարդակով։ Փաշինյանը գիտակցում է, որ ոստիկանական տեռորը իր իշխանության գլխավոր և միակ նեցուկն է։ Ռեժիմի պարագլուխը վախի մթնոլորտ է արմատավորում հասարակության մեջ, քաղաքացիներից պահանջելով անվերապահորեն ենթարկվել իր կամքին։ Նման բռնապետություն Հայաստանը չի տեսել նույնիսկ այն տարիներին, երբ ՆԳ համակարգում գործում էր Վանո Սիրադեղյանի ստեղծած քիլերների հանցախումբը։ Այսօր այդպիսիք գործում են բացահայտ, ինչպես Վարդանյանին ծանակելու դրվագում

«Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը պատրաստվում է աշնանային բողոքի ակցիաների։ Ամռան բոլոր ամիսներին Փաշինյանի քարոզչամեքենան 7/24 ռեժիմով համոզում էր քաղաքացիներին չմասնակցել այդ ակցիաներին։ Ռեժիմի վերնախավը լրջորեն մտահոգված է, որ շարժումն օրեցօր համալրում է իր շարքերը նոր աջակիցներով։ Բռնության և արգելված հատուկ միջոցների կիրառման անպատժելիությունն ամեն օր ծնում է նոր հանցագործություններ, որոնց զոհ են դառնում ոչ միայն ընդդիմադիր ուժերի ակտիվիստները, այլև շարքային քաղաքացիները: Աշնանը մորեգույն ու սև բերետավորները պատրաստակամորեն կկրկնեն հունիսի 12-ի հաշվեհարդարը, չէ՞ որ Փաշինյանը կանխավ ինդուլգենցիա է տվել իրենց։

Ուշադրություն դարձրեք, պարոնայք, մեր երկրում քրեական հետապնդման կարող են ենթարկել նախարարներին, դատախազներին, քննիչներին, բուհերի պրոֆեսորներին ու ռեկտորներին. անպատիժ են մնում միայն սև ու մորեգույն բերետավորները: Նրանց թույլատրված է ամեն ինչ, նրանք Փաշինյանի իշխանության հենքն են, որը ձգտում է ցույց տալ ՀՀ բոլոր քաղաքացիներին, թե իր դեմ խաղ չկա

Քաղաքական թեժ աշնան նախաշեմին Հայաստանում ձևավորվել է ուժի երկու տրամագծորեն հակադիր բևեռ. դրանք են՝ ոստիկանական տեռորի, համատարած բռնության և մարդկային արժանապատվության նվաստացման բևեռը՝ Փաշինյանի գլխավորությամբ, և Մարդու իրավունքների և ազգային արժանապատվության վերականգնման համար պայքարի բևեռը՝ «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման գլխավորությամբ։ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կոչ արեց մեզանից յուրաքանչյուրին ընտրություն կատարել բևեռներից մեկի օգտին: Սխալվել չի կարելի, իսկ «պայքարից վեր» դիրքորոշումը հավասարազոր է դավաճանության