Ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստները Եվրոպայի պատանիների շախմատի առաջնություններում

Հայ պատանի շախմատիստները օգոստոսի 17-20-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մասնակցել են Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնություններին և բարձր արդյունքներ գրանցել, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Հայաստանի ներկայացուցիչ Ալեքս Սահակյանը դարձել է Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն: Հայ շախմատիստն ամբողջ առաջնության ընթացքում մնացել է անպարտելի՝ 9 հնարավորից վաստակելով 7.5 միավոր:

Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների արագ շախմատի թիմային առաջնությունում Հայաստանի թիմը դարձել է բրոնզե մեդալակիր: Հայաստանի թիմում հանդես են եկել Դավիթ Մելքոնյանը, Աշոտ Ավետիսյանը, Արմեն Վարդանյանը և Սլավա Կոնջորյանը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սոֆիա Բաղրամյանը դարձել է Եվրոպայի մինչև 8 տարեկան աղջիկների արագ շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր: Սոֆիան 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսել 2-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։

Սոնա Կրկյաշարյանը մինչև 14 տարեկան աղջիկների պայքարում վաստակել է 6.5 միավոր և կիսել է 3-4-րդ հորիզոնականները, սակայն լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել է 4-րդ տեղը:

Տիգրան Պետրոսյանը վաստակել է 6.5 միավոր և կիսել 4-8-րդ հորիզոնականները մինչև 14 տարեկան պատանիների առաջնությունում, սակայն լրացուցիչ ցուցանիշներով Տիգրանը զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը:

Համլետ Անտոնյանը վաստակել է 6 միավոր և կիսել 6-12-րդ հորիզոնականները մինչև 16 տարեկան պատանիների առաջնությունում՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը:

Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնություններին Հայաստանից մասնակցել են 19 շախմատիստներ՝ Ալեքս Սահակյանը (մինչև 18 տարեկան), Համլետ Անտոնյանը (մինչև 16 տարեկան), Ալեն Հակոբյանը (մինչև 16 տարեկան), Արամ Մարգարյանը (մինչև 14 տարեկան), Տիգրան Պետրոսյանը (մինչև 14 տարեկան), Միքայել Բալդրյանը (մինչև 12 տարեկան), Անրի Հայրապետյանը (մինչև 12 տարեկան), Սուրեն Կարապետյանը (մինչև 12 տարեկան), Դավիթ Մելքոնյանը (մինչև 10 տարեկան), Արմեն Վարդանյանը (մինչև 10 տարեկան), Աշոտ Ավետիսյանը (մինչև 10 տարեկան), Սլավա Կոնջորյանը (մինչև 10 տարեկան), Նարեկ Խաչատրյանը (մինչև 8 տարեկան), Հակոբ Պետրոսյանը (մինչև 8 տարեկան), Մանվել Վարդանյանը (մինչև 8 տարեկան), Սոնա Կրկյաշարյանը (մինչև 14 տարեկան), Լիդիա Հարությունյանը (մինչև 12 տարեկան), Արիանա Չիլինգարյանը (մինչև 10 տարեկան), Սոֆիա Բաղրամյանը (մինչև 8 տարեկան):

Արագ շախմատի առաջնությունն անցկացվել է օգոստոսի 17-18-ը՝ 9 խաղափուլով, կայծակնային շախմատի առաջնությունը՝ օգոստոսի 19-20-ը՝ 18 խաղափուլով:

1Lurer.am