Ի՞նչ իրավիճակ է ՀՀ–ում վարակիչ հիվանդությունների մասով. պարզաբանում է մասնագետը

Հայաստանում նախորդ տարվա համեմատ այս պահին վարակիչ մի շարք հիվանդությունների մասով աճ է նկատվում։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը` անդրադառնալով Հայաստանում վարակիչ հիվանդություններին։

«Նախորդ տարվա համեմատ կարմրուկի աճ է նկատվում։ 2023 թվականի ընթացքում գրանցվել էր 545 դեպք, իսկ այս տարի մինչև օգոստոսի 20–ը արձանագրվել է 547 դեպք։ Մեծ աշխատանքներ են տարվում ՀՎԿԱԿ–ի, նախարարության և այլ գործընկերների կողմից, հիշեցնում ենք նաև պատվաստումների մասին։ Նախորդ տարվա համեմատ կարմրուկի դեմ այս տարի ավելի շատ մարդ է պատվաստվել, ունենք մոտ մոտ 1.8 տոկոս իջեցում։ Այս տարի նաև կապույտ հազի բարձրացում ունենք, իսկ նախորդ նման իրավիճակը եղել է 2017-2018 թվականներին։ Գումարային` այդ ընթացքում 237 դեպք է գրանցվել, իսկ 2023 թվականին` 50, իսկ այս տարվա ընթացքում` 98 դեպք։ Ճնշող մեծամասնությունը նախադպրոցական տարիքի երեխաներն են»,– ասաց Աթոյանը։

Սուր շնչառական վարակների մասով նույնպես նա շեշտեց` այստեղ էլ նախորդ տարվա համեմատ բարձրացում է նկատվում։

Անդրադառնալով կապիկի ծաղիկ հիվանդությանը` Աթոյանը նշեց` մեր տարածաշրջանում դրանով վարակման ռիսկը ցածր է։ Այս հիվանդության վարակը փոխանցվում է սեռական ճանապարհով, հիվանդ կենդանու մորթի, կամ դրա միսն ուտելու ժամանակ։ Այս հիվանդությունով վարակման ռիսկի գոտի են համարվում աֆրիկյան երկրները` Կոնգոն, Ուգանդան, Ռուանդան։

Այս տարի Հայաստանում քութեշ հիվանդության ակտիվացում նույնպես արձանագրվել է։ Այն բակտերիալ հիվանդություն է, վիրուսային չէ, հիմնականում հայտնաբերվում է դպրոցական տարիքի անձանց մոտ։

Աթոյանը վստահեցրեց` Հայաստանում այս հիվանդության մասով իրավիճակը կայուն է։

Sputnik Արմենիա