ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը պատմել է, թե ինչպիսին է լինելու պատասխանն Իսրայելին Հանիեի սպանության համար

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը պատմել է Իսրայելի կողմից Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանն Իրանի պատասխանի մասին, տեղեկացրել է Mehr-ը։

«Իրանի պատասխանը պետք է ունենա երկու ակնհայտ արդյունք։ Նախ՝ այն պետք է պատժի ագրեսորին ահաբեկչության և Իրանի ազգային ինքնիշխանության խախտման համար։ Երկրորդ՝ դա պետք է ուժեղացնի Իրանի զսպիչ հզորությունը և ռեժիմի (Իսրայելի) զղջումն առաջացնի, որպեսզի կանխի ցանկացած ապագա ագրեսիա։ Իրանի արձագանքը նաև պետք է խուսափի հնարավոր բացասական ազդեցությունից (Գազայում) հնարավոր հրադադարի վրա»,- ԶԼՄ-ն մեջբերել է նրա խոսքերը։

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունն ավելացրել է, որ Իրանը կպատասխանի Իսրայելին այն ժամանակ և այն ձևով, որին չեն սպասում։

«Գուցե, երբ նրանք նայեն երկինք և ռադարի էկրանին, նրանց հանկարծակիի բերի այն, թե ինչ է տեղի ունենում երկրի վրա, իսկ գուցե, թե՛ մեկը, թե՛ մյուսը միասին»,- նշել են ներկայացուցչությունում։

ԻՀՊԿ հրապարակած հայտարարության համաձայն՝ Իսմայիլ Հանիեն և նրա թիկնապահներից մեկը զոհվել են հուլիսի 31-ին Թեհրանում, նրանց նստավայրի դեմ գրոհի ժամանակ։ Հայտարարությունում նշված է, որ Հանիեի սպանությունը «պլանավորված էր և իրականացվել է սիոնիստական վարչակարգի կողմից, Ամերիկայի հանցավոր կառավարության աջակցությամբ»։

News.am