ՌԴ ԱԳՆ․ ՀՀ-ի առջև դռները բաց են ՀԱՊԿ-ում լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար
Հայաստանի առջև դռները բաց են ՀԱՊԿ-ում լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ինչ վերաբերում է Հայաստանի մասնակցությանը ՀԱՊԿ-ի միջոցառումներին, ապա հանրապետության առջև դռները բաց են լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար: Վերջին հաշվով, բացի ՀԱՊԿ–ից և Ռուսաստանից, ՀՀ–ի համար կայունության այլընտրանքային երաշխավորներ չկան։ Դա փորձարկվել է ոչ թե տարիներով, այլ դարերով, և դա գնահատել է հայ ժողովուրդը», - ասաց Զախարովան։
Նա ընդգծեց` դա արձանագրված է նաև Հայաստանի պատմության մեջ, որը ենթակա չէ վերաշարադրման՝ անկախ հրատարակվող որևէ կեղծ դասագրքից։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանն ասել էր, որ ՀԱՊԿ–ի շրջանակում Հայաստանի նկատմամբ պարտավորությունները չեն փոփոխվել։
Sputnik Արմենիա