ԳՈՂԸ ԳՈՌՈՒՄ Է՝ ԲՌՆԵ՛Ք ԳՈՂԻՆ, կամ՝ ԿՐԿԻՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏՐԱՄԱԴՐԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՄԱՍԻՆ
Օգոստոսի 16-ի լույս 17-ի գիշերը, ճիշտ և ճիշտ Վլադիմիր Պուտինի Բաքու կատարած պետական այցի նախօրեին, ռուսական տելեգրամ-ալիքներ արտանետվեց տարածաշրջանային հարցերում քիչ թե շատ բանիմաց ցանկացած մարդու համար իսկապես ֆանտաստիկ «նորություն»։ Առանց աղբյուրին հղում անելու և այլ մանրամասների հաղորդվում էր, թե «Հայաստանն Ուկրաինային հրթիռներ է մատակարարել, որոնց օգնությամբ գնդակոծվել է Ռուսաստանը»: Հաշված ժամեր անց «սենսացիան» սկսեց տիրաժավորվել բավական պատկառելի լսարան ունեցող պարբերականների կողմից, իսկ վաղ առավոտից ֆեյքի թեժ տարածմանը ձեռնամուխ եղան, բնականաբար, ադրբեջանական կայքերը։
Հերթական կեղծիքի արտանետման նպատակներն այնքան ակներեվ են, որ դժվար թե արժե մեկնաբանել դրանք։ Ինչպես գրում է reartsakh տելեգրամ-ալիքը՝ «կարող է թվալ, թե նման խարամին մարդիկ չեն հավատա, բայց քարոզչությունն այլ կերպ է աշխատում և, ցավոք, հաջողության հասնում։ Նման լցոնումների մեջ որևէ հանգամանքներ, փաստեր և մանրամասներ չեն լինում, որպեսզի հնարավոր չլինի հերքել։ Եվ դա Պուտինի Ադրբեջան կատարելիք այցից առաջ արվեց, իհարկե, ոչ հենց այնպես»։
Մեր կողմից հավելենք. նման քարոզչական աղբն առանձնակի արդյունավետ է այն պայմաններում, երբ Հայաստանում վաղուց դադարեցված է աշխատանքը լրատվական դաշտում, և հիբրիդային պատերազմ է տարվում փաստացի նույն դարպասի ուղղությամբ, ոչ մի հակազդեցություն չստանալով Երևանից՝ առնվազն պետական մակարդակով։
Մինչդեռ սա ազերքարոզչությանը շատ բնորոշ դեպքերից է, որոնց պարագայում կատարյալ կիրառելի է «գողը բոլորից բարձր է գոռում՝ բռնե՛ք գողին»։ Որովհետև Ուկրաինային ցուցաբերած իր օգնությամբ լավ հայտնի է հենց Ադրբեջանը, որի ականջներն ակնհայտորեն ցցված են տեղեկատվական անհեթեթ փչոցի հետևից։ Ընդ որում՝ ոչ միայն հումանիտար օգնությամբ, ինչպես եռանդագին պնդում են Բաքվում, այլև ռազմական։ Այդ մասին, մասնավորապես, բազմիցս գրել է Russia-Artsakh.ru կայքը, ինչպես նաև այլ, այդ թվում՝ ուկրաինական և ռուսական աղբյուրներ։
Պաշտոնապես Իլհամ Ալիևի ռեժիմն ամեն կերպ ընդգծում է, թե ռուս-ուկրաինական հակամարտությունում Բաքուն, իբր, չեզոքություն է պահպանում։ Այսպես, ընթացիկ տարվա ապրիլին, պատասխանելով Կիևին զենքի հնարավոր մատակարարումների մասին հարցին, Ալիևը շտապեց ջերմագին հավաստիացնել. «Ոչինչ, բացարձակապես ոչ մի բան։ Եվ մենք սա ասում ենք բաց և հրապարակավ»։
Ցուցանշական է, ի դեպ, բուն այն փաստը, որ նման հարցով դիմեցին հենց Ադրբեջանի նախագահին։ Քանզի ավելի քան երկու տարվա ընթացքում ԶԼՄ-ների բազմաթիվ հրապարակումները կասկած չեն թողնում, որ Ալիևը լկտիաբար ստում է Կիևին Բաքվի օգնության ձևաչափի «բաց և հրապարակավ» լինելու վերաբերյալ։ Բերենք բաց աղբյուրներից միայն մի քանի փաստեր, որոնք ապացուցում են այդ օգնության մեջ ռազմական լուրջ բաղադրիչի առկայությունը։
ԵՎ ԱՅՍՊԵՍ, Ի՞ՆՉ Է ՓՈԽԱՆՑԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԻԵՎԻՆ, ԲԱՑԻ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԻՑ։
1. QFAB-250 LG բարձր նշանառության կառավարվող ավիառումբեր (250 կգ քաշով լազերային նշանառությամբ բեկորային-ֆուգասային ռումբը մշակվել է Պաշտպանության նախարարության գիտահետազոտական ինստիտուտի և թուրքական ASELSAN ընկերության կողմից):
Դեռևս 2022 թվականի հուլիսին իրաքյան Sabereen News տելեգրամ-ալիքը փաստաթղթեր է հրապարակել, որոնք վկայում են, որ Ադրբեջանը ավիառումբեր է մատակարարել Ուկրաինա՝ Ռուսաստանի դեմ պատերազմի համար։ Զինամթերքի մատակարարումները սկսվել են 2022 թվականի ապրիլին, ասվում է հրապարակման մեջ։ Ներկայացված փաստաթղթերի համաձայն՝ Բաքվի ռազմական գերատեսչության վերահսկողության տակ գտնվող CIHAZ Industrial Association ընկերությունն ապրիլից սկսել է ավիառումբեր ուղարկել «Ուկրսպեցէքսպորտի» համար։
«Մատակարարումներն իրականացրել է ուկրաինական «Մերիդիան» ավիաընկերությունը Խարթումի (Սուդան) օդանավակայանից դեպի Լեհաստանի Ժեշուվ օդանավակայան՝ այնուհետ բեռը Ուկրաինա տեղափոխելու համար։ Mem5002 չվերթը կատարվել է ապրիլի 16, 18, 20, 22, 24, 26, 28 և 30-ին»,-հավաստում էր տելեգրամ-ալիքը:
2. 122 մմ և 152 մմ հրետանային արկեր D-30 դաշտային հրանոթների համար: Ադրբեջանական Palladium Group Companies ռազմարդյունաբերական համալիրի կողմից մատակարարումները սկսվել են 2022 թվականի դեկտեմբերին՝ մեկ տարի անց հասնելով արկերի մի քանի տասնյակ հազար քանակի։ Նշված ռազմարդյունաբերական համալիրն իր մասնաճյուղերն ունի Թուրքիայի տարածքում (Ստամբուլ), որտեղից էլ իրականացվում են մատակարարումներն Ուկրաինա։
3. Ավելի վաղ ՌԴ-ից գնված երեք ՄիԳ-29 կործանիչներ:
4. Ականազերծման մեքենաները, որոնք նույնպես գնվել են Ռուսաստանից, մատակարարվել են ուկրաինական բանակի ստորաբաժանումներին՝ Ուկրաինայի զինված ուժերի հարձակման գոտում ռուսական ականապատ դաշտերն ականազերծելու համար:
5. Ադրբեջանում արտադրվող 120 մմ 40M11 հրետանային ականներ. մատակարարվել են Ուկրաինայի զինված ուժերի հրետանային ստորաբաժանումներին:
Բացի այդ, Ադրբեջանը կազմակերպել է ուկրաինացի սակրավորների ուսուցում, ինչպես նաև ադրբեջանցի մասնագետների կողմից ուկրաինական գրոհային խմբերի զինյալների բժշկահոգեբանական ռեաբիլիտացիա, ընդհուպ մինչև նրանց վերադարձ ծառայության: Ոչ մեկի համար գաղտնիք չէ նաև, որ նավթային սուլթանության հանցավոր կազմավորումներն անմիջականորեն մասնակցում են Ռուսաստանի դեմ պատերազմին ՝ հակամարտության գոտի ուղարկելով իրենց զինյալներին։ Սոցցանցերի ադրբեջանական հատվածում տարածվող բազմաթիվ տեսանյութերը դրա համոզիչ ապացույցն են։
Ի դեպ, հրանոթային արկերի մատակարարման մասին հայտնի դարձավ պատահաբար՝ ուկրաինացի բլոգերի անփութության շնորհիվ։ 2023թ. դեկտեմբերի 5 Lenta.ru-ն տեղեկատվություն տեղադրեց՝ «Ուկրաինայում պատահաբար բացահայտել են զինամթերքի արտադրության գործընկերոջը։ Պարզվում է, որ դա Ադրբեջանն է»։ Նշվում է, որ ռազմական թղթակից Ռոման Բոչկալան իր տելեգրամ-ալիքում գրել է, որ Ուկրաինան կազմակերպել է Д-30 հրանոթի 122 միլիմետրանոց արկերի սեփական արտադրությունը այլ պետության տարածքում:
«Գրառմանը նա կցել է արտադրամաս կատարած այցի ժամանակ արված լուսանկարները և հայտարարել, որ գտնվում է «գործընկեր երկրներից» մեկում: Ցուցանշական է, որ լուսանկարներից մեկում Բոչկալան ցուցադրում է ուկրաինական դրոշը, իսկ նրա թիկունքում սյուների վրա կարելի է նշմարել ադրբեջանական Palladium ընկերությունների խմբի՝ «Ուկրօբորոնպրոմի» գործընկերներից մեկի խորհրդանիշներով տեղեկատվական վահանակները»,- ասվում էր հրապարակման մեջ։
Բնականաբար, Բաքվից շտապեցին հերքել նաև դա՝ հայտարարելով, թե իբր «սոցցանցերում տարածված լուսանկարը, որում պատկերված է ուկրաինական դրոշով տղամարդ, երկրի (Ադրբեջանի - Մ.Գ.) հետ ոչ մի կապ չունի»։ Ինքը՝ Բոչկալան, շտապ ջնջեց լուսանկարը, բայց այն արդեն ողջ թափով շրջում էր ռուսական կայքերում։
«Palladium-ը կապված չէ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետ, սակայն ընկերությունը բազմիցս շահել է ՆԳՆ-ի, պետական պահպանության հատուկ ծառայության և արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության տենդերները։ «Palladium Defence and Security Solutions»-ը հիմնադրվել է 2014 թվականին, այն Ադրբեջանական Palladium ընկերությունների խմբի մասն է: Գլխավոր գրասենյակը գտնվում է Բաքվում»,- գրել է sovsekretno.ru պարբերականը։
Դե, այդ ո՞վ է բոլորից բարձր ճղավում՝ «բռնե՛ք գողին»: