44-օրյային առնչվող գործի շրջանակում մեղադրվող գնդապետն արդարացվել է

44-օրյային առնչվող քրգործի շրջանակում մեղադրվող գնդապետ Վահան Յայլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ Տեղեկությունը հայտնում է 168.am–ը` հղում անելով ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանին։

«Վահան Յայլոյանի գործով դատախազի կողմից կայացվել է արդարացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում»,- ասել է նա։

2022թ. հունվարի 27-ին ՔԿ-ն հայտնել էր, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N պաշտպանական շրջանի հրամանատար, գնդապետ Վ.Յ-ին 2022 թվականի հունվարի 19-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասով (Ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագայում զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը) և 376-րդ հոդվածի 1-ին մասով (Պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որը պատճառել է էական վնաս)։ Արարքը կատարվել էր 2020 թվականի հոկտեմբերի 10-13-ն ընկած ժամանակահատվածում։

168.am-ը նշում է, որ մամուլում ժամանակ առ ժամանակ տեղեկություններ են շրջանառվում Վահան Յայլոյանի և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մտերիմ հարաբերությունների մասին։

Sputnik Արմենիա