Փաշինյան․ Հովիվների պրոբլեմ կա, չեն կարող հովիվ գտնել, որ ոչխարաբուծությունը զարգանա
Կառավարությունը հաստատեց ոչխարաբուծության և այծաբուծության, մթերատվության բարձրացման և մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագրերը։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նիստին ներկայացրեց, թե ինչ ծրագրերի մասին է խոսքը․
«Արհեստական սերմնավորման ծրագրի միջոցով կփորձենք համաչափ բաշխել կովերի ծինը, նաև կաթնատվության ամբողջ գործընթացը։ Մեկ կովի սերմնավորման ծրագրի համար միջին գինը 15 հազար դրամ է։ Այս ծրագրով մենք կփոխհատուցենք 70 տոկոսը, բայց ոչ ավել 10 հազար դրամը․ այսինքն՝ եթե կստացվի 15 հազար դրամից ներքև, ապա 10 հազարից ավելի քիչ կփոխհատուցենք։ Արդյունքում ակնկալում ենք, որ կովերի կաթնատվությունը կավելանա տարեկան մինչև 1000 հարյուր կիլոգրամով, կազմելով 3600 կիլոգրամ, որի շնորհիվ տարեկան հավելյալ կարտադրվի շուրջ 31 հազար տոննա կաթ, իսկ բդվող կենդանիների կենդանի զանգվածը 30 կիլոգրամով կավելանա, և ակնկալում ենք, որ կարտադրվի Հանրապետությունում հազար տոննա միս, կամ ծրագրի շնորհիվ լրացուցիչ կարտադրվի 8,2 մլրդ դրամ արժեքով բարձրորակ կաթ և միս»։
Նա նշեց, որ կենդանիները պետք է լինեն ներմուծված, ունենան տոհմային լինելու հավաստագիր, իսկ ներմուծող կամ արտադրող կազմակերպությունը պետք է չունենա հարկային կամ վարկային բացասական պատմություն։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ոչխարաբուծությունն այս ոլորտում ամենաշահութաբերն է, սակայն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարդիկ ոչխարը ներմուծում են․ «Գյուղերից մեկում էի, բոլորը ընդունում էին, որ գառների արտահանումը ամենաշահութաբեր ոլորտներից է, երբ ուզում էի հասկանալ՝ ինչն է պատճառը, որ գլխաքանակը չի ավելանում, լսեցի ինձ համար թերևս հնարավոր անսպասելի պատասխանը, ասացին՝ հովիվների պրոբլեմ կա, չենք կարողանում հովիվ գտնել։ Այդքան հետազոտում ենք, ուսումնասիրում ենք, բայց մեկ է, պատասխանները պետք է կյանքից վերցնել, որ խնդիրներն ավելի լուրջ հասկանանք։
Նրա խոսքով՝ գյուղացիները կաթի գնի աճ են ակնկալում, սակայն, ըստ Փաշինյանի, պետք է կաթը շատանա, որպեսզի գինն էլ բարձրանա։
Փաշինյանը նաև կարևորեց պաշտոնյաների՝ գրասենյակից դուրս աշխատանքը․ «Այն, ինչը ես ասացի, վերջին 10 օրը կաբինետից դուրս կատարած աշխատանքի տեղեկատվությունն է։ Մեզ թվում է, թե մենք շատ ինֆորմացիայի ենք տիրապետում, բայց իրականում այդ ինֆորմացիայի մի շատ մասը ոչ մեկին պետք չէ, որ չտիրապետեինք դրանից մեծ խնդիր չէր առաջանա»։
News.am