Երևանում ավտոկայանատեղերը կառանձնացվեն 4 գույնով
Երևանում համայնքային վճարովի ավտոկայանատեղերն ըստ գոտիավորման կլինեն տարբեր գույների՝ փոքր կենտրոնի «Ա» գոտին` կարմիր, մեծ կենտրոնի «Բ» գոտին` կապույտ գույներով։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Ինչ վերաբերում է ծառայողական ավտոկայանատեղերին, ապա դրանք կառանձնացվեն սպիտակ գույնի գետնանշմամբ:
«Ծառայողական ավտոկայանատեղի զբաղեցրած տարածքի առանձնահատկություններից և նպատակահարմարությունից ելնելով, կարող է իրականացվել ծառայողական ավտոկայանատեղի զբաղեցրած ամբողջ տարածքի` սպիտակ ներկանյութով, այդ թվում՝ սպիտակ գույնի ասֆալտաբետոնյա կամ այլ ծածկույթներով սահմանազատում»,– ասված է որոշման մեջ:
Էլեկտրամոբիլների լիցքավորման ապահովման համար վճարովի ավտոկայանատեղերի զբաղեցրած տարածքը կառանձնացվի կանաչ գույնի գետնանշմամբ:
Նշվում է, որ այսպիսով վարորդները կկարողանան գետնանշման գունային տարբերությամբ հեշտորեն միմյանցից տարբերակել ծառայողական ավտոկայանատեղերը, այլ վճարովի ավտոկայանատեղերը, այդ թվում՝ էլեկտրամոբիլների լիցքավորման կայաններից էլեկտրամոբիլների լիցքավորման ապահովման հնարավորությամբ կազմակերպված վճարովի ավտոկայանատեղերը:
Sputnik Արմենիա