Հանրային խորհրդի հին կազմը կցրվի, իսկ նորը կստեղծի փաստահավաք հանձնաժողով. որոշում

Հայաստանում Հանրային խորհրդի հին կազմը կցրվի, իսկ նորն իր կազմում կստեղծի փաստահավաք հանձնաժողով։ Այս մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Ներկայացնելով «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը` ՀՀ արդարադատության նախարարի տեղեկալ Արմենուհի Հարությունյանը նշեց, որ այս նախագիծը բխում է անցումային արդարադատության և փաստահավաք գործունեության իրականացման քաղաքական խոստումից, որն իր արտացոլումն է գտել դատաիրավական բարեփոխումների ռազմավարության մեջ։

«Նախագծի նպատակն է խորհրդի կազմում ձևավորել փաստահավաք գործունեություն իրականացնող հանձնաժողով, որը կուսումնասիրի ՀՀ–ում 1991 թվականի սեպտեմբերի 21–ից մինչև 2023 թվականը ներառյալ ժամանակահատվածում մարդու իրավունքների հիմնարար և պարբերաբար խախտումները և դրանց վերաբերյալ կկազմի փաստահավաք զեկույց»,– ասաց փոխնախարարը։

Նա տեղեկացրեց, որ հանձնաժողովի կողմից ուսումնասիրվող դեպքերն ու իրադարձությունները ներառելու են համապետական ու ՏԻՄ ընտրությունների, հանրաքվեների կազմակերպումն ու անցկացումը, հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումները, պետության կարիքների անվան տակ, ինչպես նաև հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումները, անձանց սեփականության իրավունքից զրկելու այլ դրսևորումները, ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը, հավաքների ազատությունների իրավունքների խախտումների դեպքերը։

Այդ նպատակով փաստահավաք հանձնաժողովը կհավաքագրի տեղեկություններ, կուսումնասիրի համապատասխան նյութեր, կկազմակերպի հանրային լսումներ։

Հանձնաժողովն իր ուսումնասիրությունների արդյունքում կկազմի միջանկյալ ու եզրափակիչ զեկույցներ։ Հարությունյանը նշեց, որ եզրափակիչ զեկույցը հանձնաժողովը պարտավոր է հրապարակել իր կազմավորումից հետո 2 տարվա ընթացքում, նաև հնարավորություն ունի իր որոշմամբ ևս մեկ տարով երկարաձգել հրապարակումը։ Եզրափակիչ զեկույցն այնուհետև կներկայացվի ՀՀ կառավարությանը։

Փոխնախարարի խոսքով` փաստահավաք հանձնաժողովը կազմված կլինի 7 անդամից, որոնք կընտրվեն Հանրային խորհրդի կողմից, կներգրավեն մասնագիտական փորձառություն ունեցող մարդիկ, իրենց ոլորտի կամ հանրային հեղինակավոր փորձագետներ, որոնք երբևէ չպետք է զբաղեցրած լինեն քաղաքական պաշտոն, իրենց գործունեության ընթացքում պետք է դրսևորած լինեն քաղաքական չեզոքություն և զսպվածություն։ Հանձնաժողովի թեկնածուները կառաջադրվեն ՀԿ–ների կողմից։

«Տևական ժամանակ է` Հանրային խորհուրդն իր գործունեությունն արդյունավետորեն չի իրականացրել։ Հանրային վստահություն ձևավորելու համար Հանրային խորհրդի ներկա կազմը կցրվի, կձևավորվի նոր խորհուրդ, որն էլ իր հերթին կկազմավորի փաստահավաք հանձնաժողովը։ Այս օրենքն ուժի մեջ մտնելու հետո խորհուրդ ձևավորելու համար կսահմանվի եռամսյա ժամկետ»,– ընդգծեց Հարությունյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ այս հարցով բազմաթիվ քննարկումներ են ունեցել, սակայն ինստիտուցիոնալ խնդիրների պատճառով է նախագծի ընդունումը ձգձգվել։

«Բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել, թե որ պետական կառույցի ներքո այն պետք է լինի։ Ձգձգումը բացառապես սրա հետ է կապված եղել, որ նաև հանձնաժողովի լեգիտիմության և սահմանադրականության հետ կապված խնդիրներ չլինեն։ Որոշումը մի բան է, սակայն հույս ունեմ, որ այն նաև արդյունավետ կիրականացվի»,– ասաց Փաշինյանը։

ՀՀ կառավարության հավանությանն արժանացած «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։

Հիշեցնենք, որ Հանրային խորհուրդը շուրջ 3 տարի է՝ անգործունակ է։ 2021 թվականի մայիսից այն նախագահ չունի, ինչպես նաև թափուր են շուրջ 10 անդամների տեղերը։ Խորհուրդը ստեղծվել է 2009 թվականին և բաղկացած է 45 անդամից։

2019 թ. դեկտեմբերի 19–ին Ստյոպա Սաֆարյանը նշանակվեց Հանրային խորհրդի նախագահ։ Նա այդ պաշտոնից հրաժարվեց 2021 թվականի մայիսին։ Պատճառը 2021 թվականին ԱԺ արտահերթ ընտրություններին «Շիրինյան–Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» կազմում ընտրություններին մասնակցելն էր։

Sputnik Արմենիա