Պաշտպան․ Հրայր Թովմասյանի քրեական գործը ստեղծվել է բացառապես ՍԴ-ում փոփոխություններ իրականացնելու համար

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում` դատավոր Տաթևիկ Գրիգորյանի մասնակցությամբ, այսօր շարունակվել է Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախկին նախագահ, այժմ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը։ «Սույն դատական գործի շրջանականերում ողջամիտ ժամկետները վաղուց՝ արդեն չորս տարի է՝ խախտվել են, որովհետև սույն քրեական գործը չէր կարող ընդհանրապես վարույթ ընդունվել դատարանում և քննության առարկա դառնալ»։ Այս մասին լրագրողնեի հետ զրույցում ասաց պաշտպան Արամ Օրբելյանը՝ խոսելով այն մասին, որ մեղադրողները պնդում են՝ պաշտպանական կողմը դիտավորյալ ձգձգում է դատական նիստը։

Նրա խոսքով, քննության առարկա դառնալուց հետո մի շարք միջնորդություններ, որոնք ենթադրում էին քրեական գործի անմիջապես ավարտ, չեն քննարկվել, այսինքն հետաձգվել ու առանց քննության են թողնվել, ինչից հետո դատաքննությունն ամբողջությամբ տեղի է ունեցել, հետազոտվել են ապացույցներ։ «Սույն գործի շրջանակներում ներկայացվել է առնվազն երկու միջնորդություն՝ ՍԴ–ի գործող դատավորի անձեռնամխելիության հաղթահարված չլինելու հետ կապված։

Դատարանը ոչ թե արձանագրել է, որ հաղթահարվել է, կամ արձանագրել է, որ չկա անձեռնամխելիություն և հաղթահարելու կարիք չկա, կամ էլ, որ Հրայր Թովմասյանը, ենթադրենք, չունի կարգավիճակ անձեռնամխելիություն նախատեսող, այլ ուղղակի ասել է՝ այս քննությունը չենք անում, վերջում կանդրադառնանք»,–ասաց պաշտպանը։ Արամ Օրբելյանի խոսքով, գործի շրջանակներում ներկայացվել է հստակ դիրքորոշում, որ քրեական գործը արդարադատություն իրականացնելու հետ որևէ առնչություն չունի, այլ ստեղծվել է բացառապես ՍԴ–ում փոփոխություններ իրականացնելու համար։ «Վերջին միջնորդությունը, որ պետք է այս գործը կարճվեր այն պահին, երբ ներկայացվել է, հետևյալն է՝ գործը ներկայացվել է անանուն, օպերատիվ տեղեկության վրա։ Ցանկացած քրեական իրավունքի մասնագետի հարցրե՛ք. անանուն տեղեկատվության հիման վրա քերական գործ չի կարող հարցուվել։ Գործը ոստկանությունում մակագրվել է մեկ ծառայողի, քրեական գործը հարուցել է այլ ծառայող, հարուցել է ժամկետների խախտումով, որոշման մեջ նշված են ինչ– որ բացատրություններ, որոնք գործում չեն եղել։ Երբ մատնանշեցինք, ասացին՝ վայ, այնտեղ մի տեղ առանձնացրած ունենք, դրանք բերեցին։ Հիմք ունեմ ենթադրելու, որ դատարան չեն ներկայացվել մի շարք այլ ակտեր, որոնք ուղղակիորեն բացառում են սույն գործի քննությունը»,–հավելեց նա։

Արամ Օրբելյանի խոսքով, տուժողներից մեկն ասել է, որ Արդարադատության նախարարն ազդել է դատարանի վրա, որպեսզի գործով կայացվի որոշում՝ ի վնաս իրենց։ «Սա ապացուցման սանդղակ է։ Մարդիկ իրենց արշինով են չափում այս գործընթացը»,–ասաց պաշտպանը։

News.am