ՀՀ-ում քննարկվում է առցանց տաքսիների համար առավելագույն գործակից սահմանելու գաղափարը

ՀՀ իշխանությունը քննարկում է որոշ դեպքերում առցանց տաքսիների համար առավելագույն գործակից սահմանելու գաղափարը։ Կառավարության նիստի ժամանակ այդ մասին հայտնեց ՀՀ մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։

Նա տեղեկացրեց, որ ՄՊՀ–ն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ աշխատում է նոր կարգավորումների վրա, որոնք կպաշտպանեն և՛ վարորդների, և՛ սպառողների իրավունքները։

«Առաջինը` տաքսիների դեպքում սահմանվում է, որ պատասխանատվություն է կրում պլատֆորմը։ Այսինքն` եթե սպառողը տաքսու հետ խնդիր ունեցավ, պլատֆորմն է պատասխանատվություն կրում սպառողի առջև։ Երկրորդ` քանի որ տաքսիստները բողոքում են, որ պլատֆորմները բավական մեծ գումար են գանձում, սահմանվում է հնարավոր միջնորդավճարի առավելագույն ծավալ։ Երրորդ կարգավորումը վերաբերում է սպառողներին. առցանց տաքսի ծառայությունները անձրևների և խցանումների ժամանակ գործակից են գեներացնում, և սակագինը մեծանում է, ըստ կարգավորումների` գործակցի վերին շեմ է սահմանվում»,– ասաց նա։

Քննարկումները նախատեսվում է ավարտել մինչև սեպտեմբերի 1–-ը, երբ ուժի մեջ կմտնեն տաքսի ծառայությունների համար նոր կարգավորումները։

Sputnik Արմենիա