«Զորաց քարերի» մոտ կտեղադրվի մոդուլային շենք` զբոսաշրջիկների սպասարկման նպատակով

ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի վարչական տարածքում գտնվող «Զորաց քարեր» հուշարձանի մոտ կտեղադրվի մոդուլային շենք։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Նախաձեռնությունը «Պատմամակութային արգելոց–թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ–ինն է։

«Որոշման ընդունմամբ հնարավոր կլինի մոդուլային շարժական շենքի տեղադրումը այդ հողատարածքում՝ դրանում տեղակայելով տոմսավաճառի, հուշանվերների վաճառքի կրպակները` բուկլետներ, բացիկներ, այլ գրականություն, հուշարձանի բնույթին համապատասխան հուշանվերներ վաճառելու համար, ինչպես նաև սանհանգույցը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:

Նշվում է, որ հուշարձան այցելող զբոսաշրջիկների սպասարկումն ապահովող կառույցի և ենթակառուցվածների բացակայությունը հնարավորություն չի տալիս պատշաճ կազմակերպել դրանց սպասարկումը։

Մոդուլային այս շենքի տեղադրմամբ հնարավոր կլինի առավել հանրահռչակել հուշարձանը, ապահովել զբոսաշրջիկների ավելի մեծ հոսք և ներգրավել ֆինանսական լրացուցիչ միջոցներ հուշարձանի պահպանության, օգտագործմանն առնչվող միջոցառումների, տարածքը և շրջակայքը բարեկարգ պահելու աշխատանքների իրականացման համար:

Sputnik Արմենիա