Ի՞ՆՉ Է ԵՆԹԱԴՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ՝ «ՄԻՋՈՒԿԱՅԻՆ 123-ՐԴ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ» ՄԻԱՆԱԼԸ

Հայաստանի՝ «միջուկային 123-րդ համաձայնագրին» միանալը խոսում է ԱՄՆ-ի հետ ներքին գործընթացների ավարտի մասին. սա ընդամենը սկիզբն է, ոչ մի հանգրվան չէ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 22-ին, News.am–ի հետ զրույցում ասաց էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Արթուր Ավետիսյանը։

«ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից առաջարկվել էր փոքր մոդելային ռեակտորների և առհասարակ ամերիկյան տեխնոլոգիաների մասով հնարավոր ներդրում անել Հայաստանում, քանի որ գիտեր՝ Հայաստանը դիտարկում է ատոմակայան կառուցելու հնարավորությունը։ Պաշտոնապես հայտարարվել էր, որ բացի ամերիկյան առաջարկից կա նաև այլ առաջարկ։ Ամերիկայի ներքին կանոնակարգի համաձայն, որպեսզի օտարերկրյա ներկայացուցիչներին հասանելի լինեն ամերիկյան տեխնոլոգիաների հետ կապված հարցերը, այդ երկիրը պետք է միանա «միջուկային 123-րդ համաձայնագրին»։ Սա սկիզբ է նրան, որ հայ մասնագետները կկարողանան հավաստիանալ՝ արդյո՞ք այն առաջարկները, որոնք կան Ամերիկայի կողմից, իրական են, թե՞ ոչ»,-ասաց Արթուր Ավետիսյանը։ Էներգետիկ անվտանգության մասնագետի խոսքով, ատոմակայանի կառուցման մասին խոսելը դեռ վաղ է։

«Ուզում եմ ուշադրություն դարձնենք, որ առաջարկը մինչև այս պահը չի եղել ԱՄՆ էներգետիկայի նախարարության կողմից, այլ եղել է պետդեպարտամենտի կողմից. քաղաքական առաջարկ է եղել, ոչ թե տեխնիկական, իսկ ատոմակայանի համար ամենակարևորը տեխնիկական լուծումներն են։ Ամերիկյան առաջարկները լիցենզավորված չեն, որևէ մեկը չունի շինարարության լիցենզիա, բոլորը նախագծման փուլում են, նախագծման աշխատանքներն էլ իրականում չեն ավարտվել։ Թեկուզ այդ նախագծային փաստաթղթերին հասանելիություն ունենալու համար անհրաժեշտ էր միանալ համաձայնագրին։ Դա կբերի՞ ամերիկյան նոր ատոմակայանի կառուցմանը թե ոչ, այդ հարցի պատասխանը ոչ ոք այս պահին չունի»,–ասաց նա։ Արթուր Ավետիսյանը նշեց, որ անկախ հակվածություններից, պետք է կայացնել այնպիսի որոշում, որը ռազմավարական սխալի չի բերի Հայաստանին, իսկ ատոմակայանի պարագայում սխալ որոշումը կարող է ռազմավարական սխալի հանգեցնել։

«Համաձայնագրին միանալը ենթադրում է, որ ՀՀ մասնագետները կարող են հասանելիություն ունենալ նախագծերի փաստաթղթերին, որոնք անհրաժեշտ են որոշում կայացնելու համար։ Որոշումը կարող է լինել ինչպես դրական, այնպես էլ բացասական։ Միգուցե, փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո պարզվի , որ կարևոր կրիտերիաներին չեն բավարարում»,–հավելեց էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետը։ Հարցին, թե արդյո՞ք համաձայնագրին միանալը ենթադրում է, որ Հայաստանը հրաժարվում է Ռուսաստանի առաջարկներից, ի պատասխան, Արթուր Ավետիսյանն ասաց. «Համաձայնագրին միանալը չի ենթադրում նման բան։ Եթե հիմնվենք Հայաստանի համապատասխան պաշտոնական ներկայացուցիչների հրապարակային հայտարարությունների վրա, ռուսական կողմն արդեն վաղուց ներկայացրել է իր առաջարկը։ Որպեսզի ամերիկյան կողմը ևս կարողանա ներկայացնել իր համանման առաջարկը և հայկական կողմը որոշում կայացնի, այդ համաձայնագրին Հայաստանը պետք է միանար։ Այն ինչ արդեն արել է ռուսական կողմը, անում է նաև ամերիկյան կողմը, դա իրականացվում է վերջնական որոշման կայացման համար։ Ինչպես միշտ, ես հիմա էլ եմ առաջարկում զերծ մնալ ռուսական, ամերիկյան կամ այլ երրորդ պետությունների անունների վրա շեշտադրումներ անելուց, որովհետև եթե մենք հարցին մոտենում ենք այդ տրամաբանությամբ, հարցն էլ ավելի ենք քաղաքականացնում, ու ավելի մեծ ճնշումների առաջ ենք կանգնեցնում Հայաստանը։ Մեզ պետք է անվտանգ, 600-700 մեգավատ հզորությամբ ատոմակայան և էներգահամակարգի կառուցում»,–ասաց Արթուր Ավետիսյանը՝ նշելով, որ բանակցությունների և համաձայնության գալու ժամանակ պետք է ուշադրություն դարձնել այդ նախապայմանների բավարարմանը։

News.am