ՕՐԱԿԱՐԳ՝ «3 ՄԻԼԻՈՆ ՎԱՐՉԱՊԵՏՆԵՐԻ» ՀԱՄԱՐ

«Ինչի մասին որ պետք է, էն էլ բանակցում եմ». այս արտահայտությամբ Փաշինյանն առաջին անգամ մատնանշեց այն դիրքորոշումը, որը փակուղի մտցրեց բանակցային գործընթացը, արձակելով Ալիևի ձեռքերը 2020 թվականի 44-օրյա պատերազմի համար, որը գնալով ավելի հաճախ են անվանում «պայմանավորված»։ Այս անվանումը բնորոշում է ռեժիմի պարագլխի ողջ քաղաքականությունը՝ «բանավոր պայմանավորվածությունների» հիման վրա տարածքային զիջումների փուլից մինչև սահմանազատման ցուցանակի տակ տարածքների հանձնում։ Ռեժիմի պարագլուխն ի սկզբանե խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ միանձնյա է վճռելու Արցախի և Հայաստանի ճակատագիրը, միտումը պահպանվում է, արդյունքում Հայաստանը կարող է կրկնել Արցախի ճակատագիրը։ Այս ամառ Փաշինյանը բաց տեքստով հասկացրեց, որ բոլոր ճակատագրական հարցերի լուծումը կախված է միայն իրենից

Ամառային քաղաքական սեզոնը նշանավորվեց СОР-29-ից հետո Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի մասին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությամբ: Իշխող վերնաշերտի արձագանքն իրեն սպասեցնել չտվեց. երկրի ղեկավարությունն անմիջապես ողջ կազմով գնաց արձակուրդ։ Օրերս «Հանուն հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը Արթուր Կիրակոսյանի ստուդիայում հարց հնչեցրեց. «Զրոյացվա՞ծ են արդյոք այն հայտարարության հիմքերը, ըստ որի՝ СОР-29-ից հետո Ադրբեջանը հարձակվելու է Հայաստանի վրա»։ Ամենևի՛ն, և նույնիսկ հակառակը, ինչը չի խանգարում իշխող վերնաշերտին հետևել նախկին սխեմային. ինչ ուզում եմ, այն էլ անում եմ։

Ժողովրդի և քաղաքական ուժերի թիկունքում բանակցությունների արդյունքում, որոնք ավելի շատ նման են գործարքի, խաղաղության մասին ապագա համաձայնագրի տեքստից հանվել է կոմունիկացիաների ապաշրջափակման մասին կետը։ Այդ քայլը Փաշինյանը ոչ մեկի հետ չի համաձայնեցրել, քանի որ առաջվա պես բանակցում է «կիրթ» և «կառուցողական» տրամադրված Ալիևի բոլոր ցանկությունների անվերապահ կատարման ոգով։

Ոչ ոք մասնագետների հետ չի համաձայնեցրել Հայոց պատմության դասագրքերի բովանդակությունը, իշխող վերնախավն ինքն է որոշել, թե ինչ և ինչպես պետք է շարադրվի դրանց մեջ։ Հարգարժան պատմաբանների վրդովմունքը գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն անտեսեց, փոխարենը անմիջապես արձագանքեց 8-րդ դասարանի պատմության դասագրքերի վերաբերյալ Ռուսաստանի անդրադարձին: Նախարարին հասկացնել տվեցին, որ անթույլատրելի է խեղաթյուրել Ռուսաստանի պատմությունը։ Անդրեասյանի կամայականությանն ու քմայքներին ենթակա է միայն Հայաստանի պատմությունը

Ճարտարապետների հետ չեն համաձայնեցրել Երևանի նոր գլխավոր հատակագիծը, պրոֆեսիոնալները վրդովված են այն թղթի կտորից, որը քաղաքապետարանը ներկայացնում է իբրև գլխավոր հատակագիծ, բայց ռեժիմի վերնաշերտը թքած ունի նրանց կարծիքի վրա

Համանման մոտեցում է տիրում պետական կյանքի բոլոր ոլորտներում. իշխող վերնաշերտն անտեսում է «3 մլն վարչապետների» թվին պատկանող պրոֆեսիոնալների կարծիքը, ընդ որում անում է դա ցուցադրաբար։ Շարքային քաղաքացիներին ամեն քայլափոխի հասկացնում են, որ արտաքին քաղաքականության, անվտանգության և պետական ու հասարակական կյանքի արդար կազմակերպման հարցերը իրենց խելքի բանը չեն։

ՓԱՇԻՆՅԱՆԸ ԲԱՑԱՀԱՅՏ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ՈՐ ԹՔԱԾ ՈՒՆԻ ԻՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՇԱՐՔԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿԱՐԾԻՔԻ ՎՐԱ։ Ասենք, ոչ մի քաղաքականություն չկա, քանզի ռեժիմի պարագլուխն ի վիճակի չէ որոշումներ կայացնել և որևէ գործողություններ կատարել ի նպաստ հայ ժողովրդի շահերի։ Դրա համար նա չունի անհրաժեշտ հմտություններն ու փորձը, փոխարենը ունի անսխալականության բարդույթ. Նիկոլ Վովաևիչն իրեն երևակայել է վերջին ատյանի ճշմարտություն։ Շարքային քաղաքացիների համար նա հորինել է առանձին օրակարգ՝ լայն սպառման մակարդակի։ Դրանում ներառված է մայթերին շինարարական աղբի կուտակումների թեման։ Փաշինյանը նաև բացատրեց հասարակ մահկանացուներին, թե ինչ վատ է, երբ փողոցների հետիոտնային հատվածն օգտագործում են մեքենաներ կայանելու համար։ Նույն շարքին է պատկանում նաև մենախոսությունն այն մասին, որ Իջևանում խոշոր սալոր աճեցնելն ավելի եկամտաբեր է, քան մանրը։ Փաշինյանը նույնիսկ ափի մեջ ցույց տվեց երկու սալոր՝ մեծ ու փոքր, օգտագործելով հորական տան բոստանի բերքը որպես հանրամատչելի ձեռնարկ, որպեսզի բոլորին հասկանալի լինի

Քաղաքացիների գիտակցության համար հարմար գտնվեց նաև հեծանիվ վարելու օգտակարության մասին քարոզը, և առհասարակ շարքային քաղաքացիները պետք է քննարկեն, թե ինչպես է Աննա Հակոբյանը լոբի մաքրում, իսկ անվտանգության, տարածքային ամբողջականության և արտաքին քաղաքական կապերի հարցերը ժողովրդի հետ այլևս չեն քննարկվում։ Ժողովրդի ուղեղին այդ պրոբլեմատիկան չի հասնի, ուստի թող բավարարվի «արոտի խոտով»՝ գիտակցելով իր իրական տեղը, իսկ քաղաքականության ու անվտանգության հարցերը կլուծի իշխող «էլիտան»՝ Նիկոլի գլխավորությամբ։ ԱԳ նախարարը խոսում է արդեն այս աշնանը հնարավոր ագրեսիայի մասին, իսկ Փաշինյանը ժողովրդին պատմում է, որ մայթերը պետք է օգտագործել ըստ նշանակության, իսկ տնամերձ հողամասերում աճեցնել մեծածախ վաճառքի համար պիտանի պտուղ-բանջարեղեն

Խորհրդարանական ընդդիմությունը կրկին զրկվել է խաղաղության համաձայնագրի նախագծին ծանոթանալու հնարավորությունից, այդպես է որոշել ԱԳՆ ղեկավարությունը. որոշումից հետևում է, որ Փաշինյանը թաքցնելու բան ունի։ «Միջանցքի թեման դուրս է եկել համաձայնագրից, բայց ոչ օրակարգից»,- արձանագրեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, զգուշացնելով, որ փաստաթղթի ստորագրումը տևական խաղաղության երաշխիք չի դառնալու: Բաբաջանյանը, իր հերթին, համոզմունք հայտնեց, որ իշխանությունների պասիվությունը չի նվազեցնի ագրեսիայի ռիսկերը, ուստի «Ժողովրդավարական ուժերի հարթակը» մտադիր է սեղմ ժամկետներում հավաքել 50 հազար. ստորագրություն՝ ԱԺ օրակարգում ԵՄ-ին ՀՀ անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու հարցը ներառելու համար:

Բաբաջանյանը հայտարարեց նաև նոր Սահմանադրության մեջ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու ՀՀ ուղեգիծն ամրագրելու անհրաժեշտության մասին, թեև այս ամռանը Եվրոպան էլ բաց տեքստով բացատրեց մեզ, որ Հայաստանին այդ կառույցներում չեն սպասում։ Խեղդվողը, ինչպես հայտնի է, ձեռքը դարմանին է գցում. Բաբաջանյանը որոշել է, թե ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվեն կապահովագրի ՀՀ-ին Ալիևի հերթական ագրեսիայից

Ամառային քաղաքական սեզոնի ընթացքում Փաշինյանի հրապարակային արտահայտությունների վերլուծությունը հանգեցնում է իշխանության և ժողովրդի միջև աճող ջրբաժանի մասին եզրակացության: Ռեժիմի պարագլուխը միտումնավոր ցուցադրում է 2 օրակարգ. զանգվածային գործածության համար նախատեսված օրակարգը և իր անձնական օրակարգը։ Գործում է նախկին սկզբունքը. «Ինչի մասին որ պետք է էն էլ բանակցում եմ»։ Չոր նստվածքում Ալիևի հետ հերթական սեպարատ պայմանավորվածություններն են ժողովրդի թիկունքում, որոնց արդյունքները գաղտնազերծեց ադրբեջանական կողմը, հայ ժողովրդին պահում էին են անտեղյակության մեջ: Նա (ժողովուրդը), ընդհանրապես չպետք է իմանա, օրինակ, թե որ մարզում է Փաշինյանը շարունակելու տարածքների միակողմանի հանձնումը

Մարզեր կատարած ամառային այցելությունների ժամանակ Փաշինյանը ժողովրդի հետ խոսում էր միայն կենցաղային բնույթի հարցերի մասին, հեռուստախցիկի առջև ցույց տալով, թե անվտանգության և տարածքային ամբողջականության հարցերը մարդկանց չեն անհանգստացնում։ Բերքաբեր գյուղ այցելության մասին Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժը կոչված էր ցույց տալու, թե տեղի բնակիչներին չի հուզում բռնազավթված 900 հեկտարի ճակատագիրը, որն ադրբեջանական կողմը չի նախատեսում վերադարձնել: Դիլիջանում հանդիպումը ցույց տվեց, թե բնակիչներին մտահոգում է միայն թիվ 5 մանկապարտեզի վերանորոգումը և այլն: Օրակարգի բաժանումը՝ իշխող շրջանակներին հասանելի հարցերի և այն ամենի, ինչը Փաշինյանը փորձում է պարտադրել շարքային քաղաքացիներին, ակներև է։ Զանգվածներին ներշնչում են, թե իրենց տեղը ճամփեզրին է, թող քննարկեն ռեժիմի պարագլխի ու նրա կնոջ հեծանվային զբոսանքները։

«Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը տրամագծորեն հակառակ նպատակ է հետապնդում. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը փորձում է ներգրավել շարքային քաղաքացիներին ակտիվ քաղաքական պայքարի մեջ, մասնակից դարձնել պետության անվտանգության և զարգացման հետ կապված ճակատագրական հարցերի լուծմանը: Ժողովրդի այն հատվածը, որը չի ցանկանում բավարարվել Փաշինյանի պարտադրած օրակարգով, արդեն միացել է շարժմանը։ Առջևում պայքարի երկրորդ փուլն է ռեժիմի պարագլխի պաշտոնանկության համար, որը սպանդի է տանում երկիրն ու ժողովրդին՝ ի նպաստ հավաքական Արևմուտքի, Անկարայի և Բաքվի շահերի։ Սա պայքար է սեփական ճակատագիրը վճռելու ժողովրդի իրավունքի համար՝ չվստահելով այդ վճիռը նրանց, ովքեր 6 տարում հանձնեցին Արցախը, իսկ հիմա ժողովրդի թիկունքում մաս-մաս հանձնում են Հայաստանը

Որքան էլ պարադոքսալ է, բայց երկրի ու ժողովրդի գլխին կախված նոր ցեղասպանության և տարածքի մասնատման իրական սպառնալիքի պայմաններում զանգվածների ուշադրությունը դատարկ օրակարգի վրա շեղելու սկզբունքը գործում է։ Քաղքենիական ենթախավը դատում է հետևյալ կերպ. եթե Փաշինյանը հեծանիվ է քշում ու խոսում սալորի մասին, ուրեմն նոր ագրեսիա չի լինի, և բոլոր մտավախություններն անհիմն են։ Արքեպիսկոպոս Գալստանյանը փորձում է հակառակը համոզել մարդկանց. վտանգ կա, և այն օրեցօր ահագնանում է։ Հայաստանը կարող է կրկնել Արցախի ճակատագիրը, Փաշինյանին պետք է կասեցնել