Մակրոնը բանակցություններ է սկսել քաղաքական կուսակցությունների հետ՝ վարչապետ նշանակելու համար
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այս ուրբաթ սկսում է բանակցությունները կուսակցությունների առաջնորդների հետ, որպեսզի վերջ դնի վեցշաբաթյա քաղաքական փակուղուն, որը հաջորդել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, հայտնում է France 24-ը։
Մակրոնը, ըստ երևույթին, մտադիր է ստեղծել լայն կոալիցիա, որում, ամենայն հավանականությամբ, տեղ կգտնի իր պարտված աջ կենտրոնամետ դաշինքը:
Քննարկումները սկսվում են այս ուրբաթ ձախակողմյան «Նոր Ժողովրդական Ճակատ» (NFP) դաշինքի հետ, որը ստացել է ամենաշատ տեղերը, բայց դեռևս բացարձակ մեծամասնություն չունի: Կուսակցության առաջնորդները կներկայացնեն վարչապետի իրենց թեկնածու, տնտեսագետ և պետական ծառայող Լյուսի Կաստեին, որը ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի փորձ ունի։
Ձախ կոալիցիան Մակրոնին կոչ է արել վարչապետ նշանակել Կաստեին՝ նշելով, որ Ֆրանսիայի վարչապետն ավանդաբար պատկանում է խորհրդարանում տեղերի մեծամասնություն ունեցող քաղաքական խմբին։
Թեև նախագահի կողմից վարչապետի ընտրությունը չի պահանջում Ազգային ժողովի պաշտոնական հաստատում, սակայն պատգամավորները կարող են անվստահության քվե հայտնել և անմիջապես լուծարել կառավարությունը: Հաշվի առնելով, որ Ազգային ժողովն այժմ բաժանված է երեք քաղաքական դաշինքների միջև, որոնք ունեն արմատապես տարբեր քաղաքական օրակարգեր, սա շատ իրական հավանականություն է թվում:
Մակրոնը հրաժարվեց Կաստային նշանակելուց՝ պնդելով, որ կուսակցությունները փոխարենը համագործակցեն ավելի լայն կոալիցիա ստեղծելու համար, որը կարող է դիմակայել Ազգային ժողովում անվստահության ցանկացած նման քվեի:
Ֆրանսիայի նախագահը հասկացրել է, որ կնախընտրեր կոալիցիան, որը կազմված կլինի ձախ կենտրոնամետ սոցիալիստներից, որոնք ներկայումս հանդիսանում են NFP-ի երկու հիմնական կուսակցություններից մեկը և ավանդական պահպանողական հանրապետականներից, ներառյալ, բնականաբար, իր սեփական աջ կենտրոնամետ դաշինքը:
Վեց շաբաթ է անցել այն պահից, երբ ֆրանսիացի ընտրողները մասնակցեցին նախագահ Էմանուել Մակրոնի նշանակած արտահերթ խորհրդարանական ընտրություններին, իսկ Ֆրանսիան դեռ կառավարություն չունի։
Երբ աշխարհի ուշադրությունը սևեռված էր 2024 թվականին Փարիզում անցկացվող օլիմպիական խաղերին, նախագահը միակողմանի «օլիմպիական զինադադար» հայտարարեց՝ խոստանալով, որ որոշում չի կայացնի կառավարության նոր ղեկավարի մասին, քանի դեռ Օլիմպիական խաղերը չեն ավարտվել:
News.am