ՀՅԴ․ Իշխանությունների ապազգային քաղաքականության հետևանքով զիջվում են ազգային կենսական շահերը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը Հայաստանի անկախության հռչակագրի օրվա առթիվ հայտարարություն է տարածել: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է

«Ուղիղ 34 տարի առաջ այս օրը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը, որով պաշտոնապես սկիզբ դրվեց Հայոց անկախ պետականության կայացման գործընթացին, սահմանվեցին պետականության զարգացման ուղենիշները։  

1990 թ օգոստոսի 23-ի փաստաթուղթը սահմանում է ազգային պետություն կառուցելու տեսլականը՝ ինքնիշխանություն, ժողովրդավարություն, իրավունքի գերակայություն, ազգային բանակ, խոսքի, մամուլի, խղճի ազատություն, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման ու հավասարակշռման սկզբունք, իրավապահ մարմինների և զինված ուժերի ապաքաղաքականացում, կրթության, գիտության և մշակույթի սեփական համակարգ։ Հայաստանի Հանրապետության գերակա հանձնառություններում ամրագրվեց 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը հետապնդելու հաստատակամությունը:

Ըստ էության, Անկախության հռչակագիրը հայտարարում և ուղենշում է նորանկախ Հայաստանի ազգային պետականություն կառուցելու հավատամքը, ճշտում իր համազգային հավակնություններն ու իդեալները, սեփական անվտանգության և ինքնիշխանության բանաձևն ու տեսլականը:  

Այսօր Հայոց պետականությունը գոյութենական մարտահրավերներ է դիմագրավում, իշխանությունների կողմից որդեգրված ապազգային քաղաքականության հետևանքով զիջվում են ազգային կենսական շահերը, Անկախության հռչակագրով ամրագրված հանձնառությունները, թշնամու պատկերացումներով վերաձևվում է ապագայի մեր տեսլականը: Անկախության հռչակագիրը մեր համազգային պատմական երթի կարևորագույն հանգրվանն է, արժանապատիվ և կենսունակ պետականութուն կառուցելու մեր հավատամքը, որին պարտավոր ենք անզիջում լծվել ազգովին:

Օրվա առիթով շնորհավորում ենք հայ ժողովրդին և վստահություն հայտնում, որ համազգային ուժերով կկարողանանք լուծել մեր առջև դրված խնդիրը։   ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին  23 օգոստոսի, 2024 թ»։

News.am