Հայաստանի ու Իրանի արտգործնախարարները զրուցել են հեռախոսով
Հայաստանի ու Իրանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Սեյեդ Աբբաս Արաղչին քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ–ն։
«Ընդգծվել է բարեկամական կապերի, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ամուր գործընկերության հետագա ամրապնդման ուղղությամբ շարունակական ջանքեր գործադրելու երկուստեք պատրաստակամությունը»,– ասված է հաղորդագրությունում։
Հեռախոսազրույցի ընթացքում Արարատ Միրզոյանը շնորհավորել է Սեյեդ Աբբաս Արաղչիին արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել նոր կարևոր առաքելության մեջ:
ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության անխախտելիության առնչությամբ ԻԻՀ–ի հաստատուն դիրքորոշումը:
Նշենք, որ Աբաս Արաղչին Իրանի ԱԳՆ ղեկավար է նշանակվել օգոստոսի 18–ին, նրա թեկնածությունը հաստատել է երկրի խորհրդարանը: Մասուդ Փեզեշքիանի՝ նախագահ ընտրվելուց հետո Արաղչին նրա խորհրդականն էր՝ արտաքին քաղաքականության գծով։
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող ուղղաթիռը կործանվել էր մայիսի 19-ին երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում: Բարձրաստիճան պաշտոնյաները վերադառնում էին Արաքս գետի վրա հիդրոհանգույցների բացման արարողությունից, որին մասնակցում էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Հուլիսի 5–ին Իրանի նախագահ ընտրվեց Մասուդ Փեզեշքիանը։
Sputnik Արմենիա