Հայաստանում ավելանում է Արևմտյան Նեղոսի տենդով վարակվածների թիվը

Վերջին 2 օրվա ընթացքում Հայաստանում 17-ով ավելացել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակվածների թիվը։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

«Այսօրվա տվյալներով` Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելու լաբորատոր հաստատված 75 դեպք է գրանցվել»,– ասված է հաղորդագրությունում։

Օգոստոսի 21-ի դրությամբ` Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելու 58 դեպք էր գրանցվել։

Հիշեցնենք` Արևմտյան Նեղոսի տենդը մեծամասամբ ընթանում է ասիմպտոմ։ 85% դեպքերում մարդիկ չգիտեն, որ վարակված են այդ հարուցիչով։ Մնացած դեպքերում մարդկանց մոտ կարող են ախտանշաններ լինել ջերմության, գլխացավի, ցանավորման տեսքով։ Հիվանդության ինկուբացիոն շրջանը կարող է տևել 2-3 շաբաթ, բայց ավելի հաճախ տևում է 3-6 օր։ Վարակված մարդու ջերմությունը կարող է բարձրանալ 38-40 աստիճան, դողէրոցք սկսվել։ Հիվանդությանը բնորոշ են ուժեղ գլխացավը, փսխումները։ Վիրուսը բարդացման փուլում կարող է առաջացնել ընդհուպ մենինգոէնցեֆալիտ, որը միաժամանակ ուղեղի թաղանթի և ուղեղի բորբոքումն է։

Sputnik Արմենիա