Բագրատ Սրբազան․ Այսօր պետք է վերաանկախացնենք ու վերաազատագրենք մեր պետությունը

Բագրատ Սրբազանը Անկախության Հռչակագրի 34-րդ տարեդարձին հանդես է եկել ուղերձով։

Նա նշեց, որ Անկախության Հռչակագրով հռչակվել են մեր պետության իղձերն ու երազանքները, որով հիմքը դրվել է մեր նոր պետականության, և թե ինչ արժեքներ է դավանում նորաստեղծ պետությունը փաստացիորեն դառնալով մեր նոր պետության ծննդյան վկայականը

«Այն ծնվեց չափազանց ծանր պայմաններում, սակայն հակառակ բոլոր դժվարությունների, այն սահմանեց մեր գոյության իրավունքը, և միևնույն ժամանակ խտացրեց մեր ազատության և անկախության տեսիլքը և պատմական արդարությունը վերականգնելու ձգտումը։ Մեզ համար մեր պետությունը միակ ու բարձրագույն վայրն է, միջավայրն ու կառույցը, որը մենք ստեղծել ենք մեր ձեռքերով ու ջանքերով, մեր հազարավոր քույրերի և եղբայրների արյան ու կյանքի գնով և վճարումով, ցանկանալով հավատարիմ մնալ մեր այն տեսիլքին, որն ունեցել են մեր նախնիները և որով ուրվագծել են մեր գալիքը։

Դժբախտաբար, այսօր մեր իսկ պետության մեջ կանգնած ենք առավել ծանր մարտահրավերների առջև, երբ գողացված են մեր պատիվը, կենսագրությունը, իղձերն ու երազանքները, երբ հանձնված է մեր հայրենիքը՝ Արցախ աշխարհը, երբ անվտանգ չեն մեր պետության սահմանները, երբ բոլոր առումներով խախտված են քաղաքացիների ապրելու իրավունքները, հարցականի տակ է դրված Ցեղասպանության ճանաչումը, ամբողջությամբ խախտված են թե՛ հռչակագրի, թե՛ նրանից բխած մեր Սահմանադրության դրույթները, չարիքի կողմից զավթված են մեր պետականությունը, և վերջապես, թշնամու թելադրանքով ու պահանջով փորձ է արվում փոփոխության ենթարկել մեր Սահմանադրությունը, որը հայտարարված մասով վերաբերում է Սահմանադրության նախաբանին, ու դրանում եղած հղմանը՝ անկախության հռչակագրին»։

Սրբազանի խոսքով՝ այժմ կանգնած ենք մեր պետությունը վերանկախացնելու և վերաազատագրելու իրականության առջև

«Մենք պետք է հասկանանք, որ սեփական պետականություն ունենք, և, որ կոչված ենք այն դարձնելու մեր ավետյաց երկիրը, մեր իղձերի և երազանքների իրացման և իրականացման սրբազան երկիրը։ Հայացքներս ուղղած մեր իսկ ժողովրդի հարազատ ներուժին և կարողականությանը, հոգևոր և բարոյական հիմքերին, առանց դրսի որևէ ուժի թելադրանքի կամ պարտադրանքի և կամ նրանցից ողորմություն մուրալու հոգեբանության, այլ արտաքին հարաբերություններում վերադառնալու կանխատեսելի և վստահելի գործընկերոջ կարգավիճակին։ Անկախության հռչակագրին համահունչ մենք կոչված ենք սեփական հայկական օրակարգով կրելու բոլոր պարտավորություններն ու պատասխանատվությունները, որը ենթադրում և թելադրում է ազատ և անկախ պետականություն ունենալու մեծ գաղափարը»։

News.am