Կարեն ՄԻՐԶՈՅԱՆ․ ԱՐՑԱԽ ՀԱՅԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՀԱՐՑԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԴԱՌՆԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ադրբեջանը մտադիր է ստորագրել ոչ թե խաղաղության պայմանագիր, այլ ճանապարհային քարտեզի մասին ինչ-որ փաստաթուղթ, որում արձանագրվեն ապագա խաղաղության համաձայնագրի սկզբունքները։ Դրա մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Արցախի նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանը։
Նա նշել է, որ վերջին շրջանում Հայաստանում փաստաթղթի ստորագրումը բացարձակայնացվում է, թեպետ խոսքը հայերի ազգային շահերը հաշվի առնող փաստաթղթի մասին չէ։
«Ադրբեջանը քաջ գիտակցում է դա և առաջ է տանում իր շահերը, այդ թվում՝ ուժի կիրառման և դիվանագիտական մանևրների միջոցով։
Մենք հայկական կողմից նման մոտեցում չենք տեսնում: Մեզ փորձում են համոզել, թե ինչ-որ թուղթ պետք է լինի, և որ բոլոր խնդիրները պայմանավորված են նրանով, թե նախկինում այդ թուղթը չի եղել։
Սակայն ոչ մի թուղթ խաղաղության երաշխիք չէ։ Համաշխարհային պատմությունը դրա մասին է վկայում։
Իրական խաղաղություն է ձեռք բերվում, երբ կա ուժերի հավասարակշռություն, որին կարելի է հասնել տնտեսության զարգացման, բանակի հզորացման և այլնի միջոցով»,- հավելել է Միրզոյանը։
Նրա համոզմամբ՝ Արցախ հայերի վերադարձի հարցը պետք է անպայման քաղաքական օրակարգ վերադառնա:
«Կա հավաքական միավոր՝ հանձին արցախահայության, որը Ադրբեջանի հանցավոր քաղաքականության արդյունքում կորցրեց հայրենիքը։ Այս փաստն անհնար է անտեսել։
Այն քայլերը, որոնք ձեռնարկվում են, այդ թվում՝ Հայրենադարձության և Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների կոմիտեի քայլերը, օգնում են պահպանել խնդրի արդիականությունը, բայց դա բավարար չէ։
Նման աշխատանքն արտաքին աշխարհի համար ավելի հասկանալի ու ընդունելի կդառնա, երբ այդ նախաձեռնությունների թիկունքում կանգնած լինի պետությունը։ Հայաստանի իշխանությունների համար այսօր այդ խնդիրը համարվում է փակված, ինչը թուլացնում է դրանով զբաղվողների դիրքերը։ Բայց դա չի նշանակում, որ հարցը փակված է։
Հասարակության լայն աջակցությունն ու իշխանությունների վրա ճնշումները հնարավորություն կտան շտկել իրավիճակը։
Արցախ հայերի վերադարձի մեխանիզմները տևական, լուրջ դիվանագիտական աշխատանք են պահանջում: Սակայն առանց արցախահայության իրավունքները հաշվի առնելու հարցը չի կարող լուծվել»,- ընդգծել է նախկին նախարարը։
Նա վստահ է, որ Հայաստանի Անկախության Հռչակագիրը և դրանում ամրագրված սկզբունքները շարունակում են կարևոր մնալ։
«Սակայն մենք այդ սկզբունքները վերանայելու, իսկ որոշ դեպքերում՝ կտրուկ դրանցից հրաժարվելու փորձեր ենք տեսնում։ Սա վտանգավոր միտում է, որը խաթարում է հայկական պետության հիմքերը։
Հայաստանի ներկայիս իշխանությունները նպատակ են հետապնդում վերաձևավորել հայոց պետականությունն ու հայ ինքնությունը։ Այն, ինչ նրանք փորձում են մեզ պարտադրել, ծիծաղելի կլիներ, եթե այդքան տխուր չլիներ:
Այսօր խոսում են իրական անկախության մասին, բայց միաժամանակ անհնար է ձեռնարկություն կառուցել սահմանամերձ բնակավայրերում, քանի որ դա առաջացնում է մեր հարևանի դժգոհությունը։
Այսօր Հայաստանում հարևան երկրների կողմից թելադրված դիսկուրս է ծավալվում: Եթե սա է իրական անկախությունը, ուրեմն դա ցավ է պատճառում»,- եզրափակել է Միրզոյանը։