ՌԴ արտգործնախարարության դիվանագետներն այցելել են Մեղրի
ՌԴ արտգործնախարարության առաջապահ խմբի դիվանագետները, որոնք զբաղվում են Կապանում գլխավոր հյուպատոսության բացմամբ, այցելել են Մեղրի և փոխգործակցության ամրապնդմանն ու համատեղ ծրագրերին վերաբերող հարցեր քննարկել համայնքի ղեկավարության հետ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանության մամուլի ծառայությունը։
«Կառուցողական զրույց է տեղի ունեցել մշակութային-հումանիտար ոլորտում փոխգործակցության ամրապնդման և համատեղ նախագծերի իրականացման շուրջ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը ներկայացրել է համայնքի զարգացման հեռանկարային ծրագրերը, ընդգծել ռուսական քաղաքների հետ կապերն առաջ մղելու գործնական քայլերի նկատմամբ հետաքրքրվածությունը:
Աշխատանքային հանդիպումից հետո ռուս դիվանագետները հանդիպել են նաև համայնքի երիտասարդ ակտիվիստների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Մասնավորապես ներկաները հետաքրքրվել են Ռուսական տան և «Եվրասիա» ՀԿ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի և դրամաշնորհների մասին։
Sputnik Արմենիա