1 տարի անց «հիշեցին». Գեղամ Մանուկյանին հարցաքննության են կանչել

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանին հարցաքննության են կանչել անցած տարվա սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ։ Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան էջում։

Խոսքը վերաբերում է 2023թ սեպտեմբերի 19-ին կառավարության շենքի մոտ տեղի ունեցած միջադեպին, երբ Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիան հարյուրավոր քաղաքացիների էր բերել ՀՀ կառավարության շենքի մոտ։ Նրանք պատասխան էին պահանջում ՀՀ իշխանություններից։ Ոստիկանության և ակցիայի մասնակիցների միջև հրմշտոց ու բախումներ սկսվեցին, որոնց ընթացքում դեմքի շրջանում վնասվածք ստացավ նաև պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Արդեն բուժկենտրոն տեղափոխվելուց հետո հայտնի դարձավ, որ կոտրվել է Մանուկյանի քիթը։

«Ի զարմանս ինձ` քննչական կոմիտեն մեկ տարի անց վերջապես «հիշեց», որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին կառավարության շենքի դիմաց ոստիկանների կողմից ենթարկվել եմ բռնության։ Առաջին անգամ օրերս կանչել էին հարցաքննության։ Վճռական եմ, որ քննություն տարվի ու պատժվի արդեն տարիներ շարունակ մեր հայրենակիցների, պայքարի ընկերների համար պատուհաս դարձած ոստիկանական համակարգի գեթ մեկ ներկայացուցիչ»,- գրել է Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում։

Նա դիմել է քաղաքացիներին՝ կոչ անելով, որ իր հետ կապվեն նրանք, ովքեր տեսել են, թե ինչպես են իրեն հարվածել, ունեն լուսանկարներ կամ պատրաստ են ցուցմունք տալ։ Պատգամավորը շեշտել է, որ նպատակն անձնական չէ, ցանկանում է, որ բոլոր մեղավորները հերթով գտնվեն ու պատժվեն։

Sputnik Արմենիա