Եվրամիությունը դատապարտել է բռնաճնշումներն Ադրբեջանում
ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել հարգել հայտնի գիտնականի իրավունքները, որը բանտարկվել է կառավարությանը հրապարակայնորեն քննադատելուց հետո՝ ձերբակալությունների ալիքի հետնապատկերում, որի արդյունքում լրագրողներն և գիտնականները հայտնվել են ճաղերի հետևում:
Politico-ի հետ զրույցում ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության խոսնակ Պետեր Ստանոն նշել է, որ Բրյուսելը մտահոգությամբ հետևում է Հարավային Կովկասում խաղաղության օգտին հանդես եկող երիտասարդ ակադեմիկոս Բահրուզ Սամեդովի գործին:
Ադրբեջանը սերտ հարաբերություններ է պահպանում ԵՄ-ի հետ և 2022 թվականին համաձայնագիր է ստորագրել բնական գազի արտահանման ծավալների ավելացման մասին՝ օգնելու համար Միությանը նվազեցնել Ռուսաստանից կախվածությունը: Բաքուն այս տարի կհյուրընկալի COP29-ը, որը, ինչպես հայտարարել է Ադրբեջանը, ցանկանում է դարձնել «խաղաղության համաժողով»:
Սամեդովը Բաքվում ներկայացել է դատարան՝ «դավաճանության» մեղադրանքով։ Նրան կարող է սպառնալ ցմահ ազատազրկում։ Նա հայտարարել է, որ չորս ամսվա նախնական կալանքի դատապարտվելուց հետո մտադիր է հացադուլ սկսել։
«Նրա գործը գալիս է լրացնելու անցյալ տարվա վերջից անկախ լրագրողների, իրավապաշտպանների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների տագնապալի և աճող թվով կալանավորումները»,- հայտարարել է Ստանոն:
«Մենք կրկնում ենք Ադրբեջանին մեր կոչը՝ ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր ձերբակալվել են իրենց հիմնարար իրավունքների իրականացման համար։ Միաժամանակ Ադրբեջանին կոչ ենք անում ապահովել թափանցիկություն և պատշաճ ընթացակարգ, ինչպես նաև արժանապատիվ և անվտանգ պայմաններ բոլոր կալանավորների համար, ներառյալ նրանց լիարժեք հասանելիությունը առողջապահական և անկախ իրավաբանական ծառայություններից», - հավելել է նա:
Սամեդովի ընտանիքը հայտնել է, որ նա ձերբակալվել է, երբ չորեքշաբթի անվտանգության ուժերը ներխուժել են իրենց տուն: 28-ամյա երիտասարդը քննադատել է Ադրբեջանի ավտորիտար իշխանություններին և փորձել է հարաբերություններ հաստատել հարևան Հայաստանի ակտիվիստների հետ:
Freedom House-ը զգուշացրել է, որ Ադրբեջանում բացակաում է անկախ դատական համակարգը։ Քաղաքացիական հասարակության տասնյակ գործիչներ վերջին ամիսներին բախվել են իրարամերժ մեղադրանքների հետ:
News.am