Ֆրանսիայում ձերբակալել են Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին

Ֆրանսիայում օգոստոսի 24-ին ձերբակալել են Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին, հայտնում է BBC-ին։ Նրան ձերբակալել են Փարիզի «Լե Բուրժե» օդանավակայանում, երբ նա դուրս է եկել ինքնաթիռից:

Նշվում է, որ ավելի վաղ Ֆրանսիայի դատական ոստիկանության ազգային վարչությունը նախնական քննության արդյունքներով գործարարի ձերբակալության օրդեր էր գրել:

BFM-ի տվյալներով՝ մեսենջերի հիմնադրին կարող են մեղադրանքներ առաջադրվել մի քանի հոդվածներով, այդ թվում՝ Telegram-ում մոդերացիայի բացակայության պատճառով թմրանյութերի վաճառքին մեղսակցելու, երեխաների դեմ հանցագործությունների և խարդախությունների կետերով։ Ֆրանսիայում Դուրովին կարող են մեղադրել նաև փողերի լվացման և ահաբեկչությանն աջակցելու մեջ։

Telegram-ի հիմնադիրին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում, Դուրովը Ֆրանսիայի քաղաքացի է 2021 թվականից, ասված է հրապարակման մեջ։

Ֆրանսիայում ՌԴ դեսպանատունը հայտարարել է, որ ֆրանսիական իշխանություններից պահանջել է ապահովել Դուրովի իրավունքների պաշտպանությունը և հյուպատոսական հասանելիություն տրամադրել:

Armenia Today