ՀԱՄԱՍ-ը մերժել է հրադադարի շուրջ բանակցություններում Իսրայելի առաջադրած նոր պայմանները

Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը կիրակի օրը հայտարարել է, որ մերժում է Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցություններում Իսրայելի առաջադրած նոր պայմանները՝ կասկածի տակ դնելով 10 ամիս շարունակվոց պատերազմին վերջ տալու ԱՄՆ վերջին փորձի հաջողության հնարավորությունը, հաղորդում է Reuters-ը:

ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Քաթարի միջնորդությամբ ընթացող բանակցությունների առանցքային կետերն են Իսրայելի ներկայությունն, այսպես կոչված, Ֆիլադելֆիայի միջանցքում, որը 14,5 կմ երկարությամբ ցամաքային նեղ հատված է Եգիպտոսի հետ Գազայի հարավային սահմանի երկայնքով:

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Իսրայելը հրաժարվել է զորքերը միջանցքից դուրս բերելու պարտավորությունից և առաջ է քաշել այլ նոր պայմաններ, ներառյալ տեղահանված պաղեստինցիների ստուգումը, որոնք հրադադարի սկսվելուց հետո վերադառնում են անկլավի առավել բնակեցված հյուսիսային մասը:

«Մենք չենք ընդունի հուլիսի 2-ի պայմանավորվածությունից հրաժարվելու կամ նոր պայմանների շուրջ քննարկումները», - կիրակի օրը խմբավորմանը պատկանող «Ալ-Աքսա» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՀԱՄԱՍ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ուսամա Համդանը:

Համդանը նաև տեղեկացրել է, որ ՀԱՄԱՍ-ը միջնորդներին է փոխանցել վերջին առաջարկի վերաբերյալ իր պատասխանը՝ հայտարարելով, որ գործարքի մոտալուտ կնքման մասին ԱՄՆ-ի խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը:

Հուլիսին ՀԱՄԱՍ-ն ընդունել էր ԱՄՆ-ի առաջարկը՝ բանակցություններ սկսել իսրայելցի պատանդներին, այդ թվում՝ զինվորներին և տղամարդկանց ազատ արձակելու շուրջ, Գազայում պատերազմի դադարեցման համաձայնագրի առաջին փուլից 16 օր անց, Reuters-ին է հայտնել ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան աղբյուրը:

News.am