Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ. ՀԱՅԵՐՆ ՈՒ ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը բացահայտում է հայության մեջ խորապես արմատացած դավադրության տեսության ակունքները։ «Հրապարակ» թերթի հոդվածում հեղինակը վերլուծում է, թե ինչ պատմական ողբերգություններ և ժամանակակից մարտահրավերներ են սնում այդ վտանգավոր պատրանքները։ Մինասյանը գրում է.

«Համաշխարհային պատմության փորձը ցույց է տալիս, որ բոլոր ժողովուրդներին բնորոշ է Լև Գումիլյովի շրջանառության մեջ դրած կենսաշրջանների (էթնոսների ցիկլերի) տեսությունը, երբ ազգերը ձևավորվում են, վերելք ապրում, կայունանում, հասնում զարգացվածության և հզորության գագաթնակետին, այնուհետև անկում ապրում (հաճախ՝ ողբերգական ընթացքով և հետևանքներով)՝ ամբողջովին վերանալով կամ վերափոխվելով այլ ժողովրդի կամ էլ կրկին բռնելով վերելքի ճանապարհը: Հայ ժողովուրդն իր հազարամյակների պատմության ընթացքում այս փուլերով անցել է մի քանի անգամ՝ վերջին 150 տարվա ընթացքում՝ ևս մեկ շրջան արագացված ռեժիմով:

Մարդկության պատմությանը չափազանց քիչ են հայտնի դեպքեր, որ ազգը կարողացել է պահել իրեն հասցված ամենածանր հարվածը՝ ցեղասպանությունը: 1915-ի Հայոց ցեղասպանության հարվածը հայերը պահեցին պատվով: Ցավի, կորստի ու տառապանքի պայմաններում պահպանելով խիստ ադեկվատ վարքագիծ և ռացիոնալ հավաքական գնահատական տալով իրավիճակին՝ սկսեցին արագորեն ինքնակազմակերպվել ու կազմակերպել ազգային կյանքը՝ սկսած Սփյուռքում հայապահպանության ինստիտուտներից, Հայաստանում որբանոցներից ու դպրոցներից, վերջացրած Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծումով: Իր հերթին, Խորհրդային Հայաստանը դարձավ Առաջին Հանրապետության առաքելության տրամաբանական ու վարքաբանական շարունակությունը: Թեև հայ ժողովրդի 2 հատվածները՝ Սփյուռքը և ՀԽՍՀ-ն (Արևելյան Հայաստանը) աշխարհակարգի իրողություններից դրդված ընթանում էին տարբեր ճանապարհներով, բայց դրանք հաճախ խաչվում էին, էլ չասած, որ նույնանման ազգային նպատակներ էին հետապնդում:

Հայության երկու հատվածներին գլխավորապես միավորում էր միանման վարքագիծ. ազգային առաջնորդները՝ Խորհրդային Հայաստանի ղեկավարությունից մինչև Բուրջ Համուդի և Կալիֆոռնիայի ազգային հեղինակություններ ու կարծիք ստեղծողներ, հստակ գիտակցում էին ազգի շահը, գիտեին իրենց անելիքը, հնարավորությունների ամբողջ զինանոցով զբաղված էին խնդիրների լուծմամբ: Նրանց միավորում էր մեկ այլ ընդհանրություն. ակնհայտ փաստերն ու իրադարձությունները նրանք չէին փորձում բացատրել, առավել ևս՝ պայմանավորել դավադրությունների տեսություններով և կոնսպիրոլոգիայով:

Ուշագրավ է, որ մինչև 20-րդ դարի վերջը և 21-րդ դարի սկիզբը Հայոց ցեղասպանության հիմնախնդիրը հայերի ժողովրդական խոսույթում տեղ չի զբաղեցրել դավադրությունների տեսության համատեքստում: Անգամ պատմագիտությունից հեռու և պատմությունը լավ չիմացող հայ մարդկանց շրջանում տիրապետող էր կարծիքը, որ թուրքերը կոտորել են հայերին` իրենց համար Հայրենիք ստեղծելու, Թուրքիան դարձնելու այնպիսին, ինչպիսին ուզում էին, իսկ Օսմանյան կայսրության, ապա Արևելյան Հայաստանի տարածքում ցեղասպանական գործողությունների ընթացքում մեծապես փրկվել են այն հայերը, որոնք դիմադրել են, իսկ որոնք հավատացել են թուրքերի բարեգթության խոստումներին, սպանվել են կամ սովամահության դատապարտվել սիրիական անապատներում: Հենց այդ շրջանում էր, որ Հայոց ցեղասպանության հավաքական հիշողության առաջնագծում էին Վան քաղաքում, Վանի նահանգի այլ բնակավայրերում, Սուետիայում (Մուսա լեռ), Ուրֆայում, Շապին Գարահիսարում և այլուր հայերի հերոսական ինքնապաշտպանության ու փրկության մասին պատմությունները: Հիշում ու հերոսացնում էին նրանց, որոնք դիմադրել ու փրկվել էին, և նրանց, որոնք չէին հանձնվել, նահատակվել էին, բայց փրկել էին իրենց և իրենց ազգի պատիվը: Դա թույլ էր տալիս ապրելու և արարելու. Ցեղասպանությունը վերապրածներն ամոթի զգացումով չէին ապրում, իսկ թուրքերի կողմից նահատակվածների զոհողությունը հիշում և իմաստավորում էին:

Այս նարատիվը նոր շունչ ստացավ 1950-ականների կեսից, երբ Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը կարողացավ Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը պետական քաղաքականության վերածել նախ միութենական, ապա նաև միջազգային մակարդակում: Զարկ էր տրվել ոչ միայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և հիշատակի քաղաքական ու սոցիալ-մշակութային բաղադրիչներին, այլև գիտական գործունեությանը: Հայերը սկսեցին հպարտանալ ապրելու իրենց կամքով, վերապրել կարողանալու ուժով: Հայոց ցեղասպանության գիտական ուսումնասիրությանը և լուսաբանմանը նվիրված աշխատությունների (տարբեր լեզուներով) քանակն աճում էր երկրաչափական պրոգրեսիայով: Այդ առումով բավական է հիշատակել, որ Ջոն Կիրակոսյանի «Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ» գիտական մենագրությունը Խորհրդային Միությունն արժանացրեց պետական մրցանակի:

Նույնն էր դրությունը նաև Սփյուռքի գաղթօջախներում. Վահագն Տատրյանի և մեծանուն այլ հայ գիտնականների ջանքերով տարեցտարի աշխարհում ավելանում էր Հայոց ցեղասպանությամբ հետաքրքրվողների և արդարություն պահանջողների քանակը:

Այդ ամենը շարունակվեց մինչև 1980-ականների սկիզբը, երբ արտաքին ու ներքին անվտանգությունն ապահոված, սոցիալական խնդիրները լուծած Խորհրդային Հայաստանում առաջնային դիրքերում հայտնվեց կուշտ ապրողի հոգեբանությամբ աչքի ընկնող «անպատասխանատու հայրենասեր պոետների» սերունդը, որը (գուցե՝ միամտորեն, գուցե՝ ազնիվ մղումներով) ժողովրդական ընկալումների դաշտում ցանեց այն սերմերը, որոնք հետագայում ծաղկելու էին որպես դավադրության տեսություններ: Անշուշտ, նրանք միակ «մեղավորը» չէին կամ պատճառը, սակայն հենց նրանց ջանքերով 1980-ականների կեսից հայ ժողովրդի շրջանում սկսեց զարգանալ «ընտրյալ ազգի» գաղափարը: Եվ եթե այդ ժամանակ Սփյուռքում դեռ շարունակվում էր ներկայի և անցյալի փաստերի ավելի ադեկվատ և ազնիվ ընկալումը, ապա երկրորդ և հատկապես երրորդ սերնդի խորհրդահայերի մոտ սկսեցին տարածվել մտայնությունները, թե «Ցեղասպանության հետևանքով է վերացել Հայաստանը», «Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել Ռուսաստանի, մի քիչ էլ հայկական լեռները բարձրանալու ոչ ունակ նավերի տերերի՝ Անգլիայի պատճառով», «Ամերիկան ցանկանում էր ծովից ծով Հայաստան ստեղծել, բայց ռուսներն ու թուրքերը թույլ չտվեցին», «Ցեղասպանությունը կազմակերպել են հրեաները, որ տիրանան օսմանյան հայերի կապիտալին»:

Աստիճանաբար այդ ամենը սկսեց շաղախվել 1980-ականների ԽՍՀՄ-ի օրգանական այնպիսի հիվանդության հետ, ինչպիսին էր «ռաբիզը»՝ որպես պրոլետարիատի սոցիոմշակույթ՝ խրախուսված «դուք եք տերը այս երկրի» այդրոպեական կարգախոսով, ինչին արագորեն միացավ նաև «ջերմուկն ու ծիրանը կվաճառենք ու դրանով կապրենք» էժանագին խաբկանքը: Դա էր պատճառը, որ 1988-ի զարթոնքը մտավորականությունն այլ կերպ էր ընկալում, իսկ ժողովուրդը՝ այլ: Նույն այդ մտավորականության «գնացքն արդեն գնացել էր», քանզի սկսել էին արմատներ տալ դավադրությունների տեսությունների այն սերմերը, որոնք ցանել էր այդ նույն մտավորականության մեծամասնությունը: Դրա առաջին ազդանշանը եղավ 1988-ի Սպիտակի երկրաշարժը, երբ «խորքային ժողովուրդը» սկսեց հավատալ հիվանդ գլուխներում ծնված երկու զառանցանքի. «Երկրաշարժը հատուկ զենքով կազմակերպել է Մոսկվան, որ հայերին հետ պահի Արցախը պահանջելուց», «Երկրաշարժը հատուկ զենքով կազմակերպել է ԱՄՆ-ը, որ քայքայի Խորհրդային Միությունը»:

Մի կարևոր հանգամանք ևս. անկախությունից հետո մեր պետական կյանքի կազմակերպիչը` «էլիտան», նպատակ է ունեցել բավարարել հանրային լայն տրամադրությունները՝ վստահություն և քվե ստանալու համար, իսկ խորհրդային շրջանի գործիչները հանրային լայն շրջանակների ցանկություններին ընդառաջ գնալու, էմոցիաներին տեղի տալու խնդիր չեն ունեցել։

ԽՍՀՄ փլուզման պայմաններում ժողովրդական բանահյուսության և դավադրությունների տեսությունների հետ կապված վիճակն ավելի բարդացավ: Եվ դա բացատրելի է: Ըստ կոնսպիրոլոգիայի և դավադրությունների տեսությունների հայտնի ուսումնասիրող Ռոբ Բրազերթոնի՝ սոցիալական հզոր ցնցումները և գլոբալ աղետները կտրուկ փոխում են մարդկանց աշխարհայացքը, արժեհամակարգը և վարքագիծը՝ կանգնեցնելով նրանց շփոթության անդունդի առջև և ստիպելով վերաիմաստավորել փոփոխվող իրականությունը: Դա հանգեցնում է տարբեր ձևերի և բովանդակության հոգեբանական երևույթների ի հայտ գալուն, որոնք երբեմն ավելի խոր ազդեցություն են ունենում կյանքի որակի վրա, քան աղետների նյութական և սոցիալական հետևանքները:

Դրանով էր պայմանավորված, որ «խորքային ժողովուրդն» արագորեն ընդունեց «Միխայիլ Գորբաչովը փլուզեց ԽՍՀՄ-ը, որովհետև արտասահմանյան լրտես էր» մտայնությունը (անկախ տարբեր շերտերի` ԽՍՀՄ նկատմամբ ունեցած վերաբերմունքից և Երևանում տեղի ունեցած հակախորհրդային միլիոնանոց ցույցերի փաստից):

Այնուհետև իր իսկ ուսերի վրա Լևոն Տեր-Պետրոսյանին նախագահ դարձրած ժողովուրդն առաջին իսկ ցուրտ ու մութ տարին անցնելուց հետո առաջին նախագահին «կարգեց» մասոն, տիկնոջը` հրեա, հավատալով դավադրության տեսությանը, թե «Տեր-Պետրոսյանը մասոնահրեական ծրագրի շրջանակում կործանում է Հայաստանը, և այդ ծրագիրը հրեաները սկսել են դեռ Ցեղասպանության ժամանակ»:

1990-ականների սկզբին և կեսին անխափան աշխատում էին բոլոր այն տեսությունները, համաձայն որոնց՝ հայերն ընտրյալ ազգ են կամ զոհ: Այդ դավադրությունների տեսությունների փաստարկման համակարգը (պսևդոհամակարգը) այնքան դետալային էր, կենդանի և ավյունով լեցուն, որ նույնիսկ ամենահեռու գյուղի բնակչին կարող էր թվալ համոզիչ:

1990-ականների վերջից Հայաստանում քաղաքականությունը հայտնվեց ժողովրդական բանահյուսության և դավադրությունների տեսությունների թակարդում: Սկզբում 1999-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունն արագորեն վերածվեց «Մեղրին տալ-չտալու» տեսության, ապա տասնամյակներ շարունակ դարձավ քաղաքական շահարկման առարկա, որին առանձնակի ջանասիրությամբ մասնակցում էր նաև «խորքային ժողովուրդը»: Նույնիսկ այսօրվա իշխանության, որը տարիներ շարունակ եղել է հոկտեմբերի 27-ի շահարկման գլխավոր շահառուն, և Վազգեն Սարգսյանի եղբոր, որն այսօրվա իշխանության հետ ունի սերտ ու ջերմ հարաբերություններ, իրենց իսկ լեզվով ասած` «դուխները չի հերիքում», որ ժողովրդին ուղիղ ասեն՝ այդ քրեական գործում դավադրություն չկա: Կամ էլ վերաբացեն գործն ու քննեն. չէ՞ որ, բացի ահաբեկչության զոհերից, ամեն ինչ տեղում է՝ օրենքը, քննիչները, դատարանները, ի վերջո՝ ահաբեկիչները:

Եվ ահա, այդ ամենի կուլմինացիան 2018-ի համաժողովրդական հեղափոխությունն էր: Վաղուց սպասված հեղափոխությունն իրականում բոլորի համար այնպիսի անակնկալ էր ու շոկ, որ հայաստանցիներն ամենասկզբից սկսեցին հերքել ակնհայտ փաստերը: Դավադրությունների տեսությունների դասական կանոնների համաձայն՝ նրանք, ովքեր ամենաակտիվն են փողոցային շարժումներին մասնակցել, սկսեցին Նիկոլին «բերելու» համար մեղադրել նրանց, ում իրենք իսկ «մերժում» էին։ Այս խայտառակ խելահեղությունն այսօր պատել է գրեթե բոլոր կողմերին. որքան Նիկոլը դառնում է հակաժողովրդական, այնքան ժողովուրդը «Էս հարիֆն ի՞նչ անի, իրենից ոչ մի բան կախված չի» բովանդակությամբ դավադրության տեսություններ է հորինում և դրանց մեջ հանգիստ ապրում:

Բոլոր հավաքականությունները, այդ թվում՝ ժողովուրդը, իռացիոնալ են, ուղղակի յուրաքանչյուր ժողովրդի իռացիոնալիզմը վերջնահաշվարկում ցավ է պատճառում հենց իրեն։ Այլ կերպ ասած` նորմալ է, որ խնդիրների մեջ թաղված գյուղացին իր խնդիրները բացատրելու համար փնտրում է պարզ պատճառներ, որտեղ նա մեղավոր չէ։ Աղետալին այն է, որ դրանով զբաղված են նրանք, որոնք կոչված են առաջնորդել ժողովրդին։ Երկրի վիճակը ներքին ու արտաքին (սկսած կոնկրետ պետությունից, վերջացրած աշխարհաքաղաքական կոնյունկտուրայով) գործոններով լեցուն դավադրության տեսություններով են բացատրում նաև ակտիվ քաղաքական բևեռները: Բոլո՛րը:

Այսօր այս իրավիճակը շատ ավելի հրեշավոր են դարձրել սոցիալական ցանցերը, որոնք, մասնագետների պնդմամբ, հիվանդ երևակայությամբ մարդկանց թույլ են տալիս, առանց աշխարհագրական խոչընդոտի, արագորեն գտնել միմյանց, քանակ կազմել ու դրանով ավելի խորն ու համապարփակ համոզվել իրենց դավադրապաշտության մեջ, այնուհետև դառնալ ինտերնետային ոհմակ ու վերբալ բռնության ճանապարհով հոշոտել ոչ միայն բոլոր նրանց, ովքեր համաձայն չեն իրենց հետ, այլև ցանկացած բանական, տրամաբանական և առողջ միտք ու գաղափար:

Ի՞նչ են տալիս դավադրության տեսությունները, ինչո՞ւ են բոլորը վանում իրականությունն ու փորձում ապրել իրենց նախընտրած կոնսպիրոլոգիական տեսությունների մեջ: Այս երևույթը, կարծես, բացատրելի է. ստեղծված խելագարության մթնոլորտի բոլոր շահառուներին՝ ժողովրդին, Նիկոլին, ընդդիմությանը, քաղաքացիական ակտիվ խմբերին միավորում է մեկ ընդհանուր հատկանիշ՝ սեփական պատասխանատվությունն ու սեփական անկարողությունը արդարացնել դավադրությունների տեսություններով (ամեն մեկը՝ ըստ իր շահի, ճաշակի ու գիտելիքի): Այլ բացատրություն չկա և չի էլ կարող լինել: Սա 21-րդ դարի հայկական ազգային հիվանդությունն է:

Ամեն սխալ կարելի է շտկել, կորցրած նյութական ամեն ինչը կարելի է հետ բերել՝ Արցախից մինչև Վան, բայց չի կարելի դա անել՝ ապրելով դավադրությունների մտացածին աշխարհում, մերժելով իրականությունը և ադեկվատ գնահատական չտալով փաստերին ու իրավիճակներին:

Կգա՞ այդ համազգային գիտակցումը (ինչպես Ցեղասպանությունից հետո եկավ), կցանկանա՞ ազգն առողջանալ, ուրեմն կգան հաղթանակները, հաջողությունները, ի վերջո՝ պատիվն ու առաքինությունը»:

News.am