Կահիրեի բանակցությունները Գազայում հրադադարի վերաբերյալ անարդյունք են ավարտվել

Գազայի հատվածում հրադադարի հաստատման բանակցությունների (Կահիրե) հերթական փուլն ավարտվել է անարդյունք, բայց գործընթացը շարունակվելու է, գրել է The Times of Israel-ը՝ հղում կատարելով ամերիկացի պաշտոնյային։

Աղբյուրի տվյալներով՝ Կահիրեի բանակցությունները եղել են «կառուցողական և նպատակ ունեին հասնել վերջնական և իրականանալի համաձայնության, և բոլոր կողմերն այդ կարծիքին էին»։

Նրա խոսքով՝ «գործընթացը կշարունակվի առաջիկա օրերին աշխատանքային խմբերի շրջանակում»։

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը Գալիֆաքսի մամուլի ասուլիսում հայտնել է, որ Վաշինգտոնը «դեռ տենդագին» աշխատում է Կահիրեում, եգիպտացի և կատարցի միջնորդների, ինչպես նաև իսրայելցիների հետ, նշվել է ԶԼՄ հաղորդագրությունում։

«Հատկանշական է, որ ԱՄՆ պաշտոնատար անձինք, ըստ երևույթին, բանակցությունների միակ կողմն են, որը հետագա ընթացքի հույս ունի»,- նշել է թերթը։

ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի անդամ Իզաաթ ար-Ռիշքը կիրակի հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ «ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը հեռացել է Կահիրեից եգիպտացի և կատարցի միջնորդների հետ հանդիպումից հետո, որոնք իրենց տեղեկացրել են վերջին բանակցությունների արդյունքների մասին», տեղեկացնում են արաբական ԶԼՄ-ները։

Ար-Ռիշքը նշել է, որ «ՀԱՄԱՍ-ը պատրաստ է կատարել «Բայդենի պլանը (որը նախագահը հնչեցրել է հուլիսի 2-ին)»։

ՀԱՄԱՍ-ի տվյալներով՝ Իսրայելը հրաժարվել է Ֆիլադելֆիայի և Նեցարիմի միջանցքներից իր զորքերը դուրս բերելու պարտավորությունից և լրացուցիչ պահանջներ ներկայացրել, ինչպիսին են տեղահանված պաղեստինցիների ստուգումները անկլավի հյուսիս վերադառնալիս։

ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Ուսամա Համդանը «Ալ-Աքսա» հեռուստաալիքին կիրակի ասել է. «Մենք չենք քննարկի հրաժարումն այն բանից, ինչի շուրջ պայմանավորվել էինք հուլիսի 2-ին, կամ նոր պայմանները»։

Նրա խոսքով՝ ԱՄՆ հայտարարությունները պատրաստվող համաձայնագրի մասին չեն համապատասխանում իրականությանը, և որ ՀԱՄԱՍ-ը միջնորդներին ասել է կարգավորման վերջին պլանի վերաբեյալ իր արձագանքի մասին։

News.am