Ազատի կացարանի հրդեհի գործով անցնող Գոռ Աղեկյանի խափանման միջոց կալանքը փոխվեց
ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում զինվորական կացարանի հրդեհի, դրա հետևանքով 15 զինծառայողի մահվան գործով ամբաստանյալ, N զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ Գոռ Աղեկյանը կալանքից ազատ է արձակվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Գուրգեն Ներսիսյանը։
Որոշումը կայացվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում` դատավոր Վարդան Հարությունյանի նախագահությամբ։
«Աղեկյանի նկատմամբ տնային կալանք է կիրառվել 3 ամիս ժամկետով։ Դատական ակտը դեռ չենք ստացել, բայց Աղեկյանը 1 տարի 8 ամիս ժամկետով անազատության մեջ էր և ակնհայտ էր, որ նվազ է այն մտահոգությունը, թե նա կարող է ազդել գործի քննության վրա»,– նշեց Ներսիսյանը։
Գոռ Աղեկյանի կալանքից ազատ է արձակվել անմիջապես դատարանի դահլիճից:
Քրեական գործով անցնող ամբաստանյալի փաստաբանը շեշտեց, որ դեռ երկարատև համբերատար աշխատանքի անհրաժեշտություն կա. իրավական գործընթացի շրջանակում կներկայացնեն իրենց պնդումները, հավաքագրած ապացույցները։
Ներսիսյանը հույս հայտնեց, որ դատավարության արդյունքում վերջնականապես հիմնավորվելու է Գոռ Աղեկյանի անմեղությունը: