ՀՀ տնտեսական ակտիվությունը 2024 թ-ի հունվարի-հուլիսին աճել է 9.6%-ով

ՀՀ տնտեսական ակտիվությունը 2024 թվականի հունվար–հուլիսին աճել է 9,6 %–ով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։

Այս ցուցանիշը տարվա առաջին ամիսների համեմատ շատ ավելի ցածր է, եթե հաշվի առնենք, որ տարեսկզբին տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելի քան 13 % էր։

Վերջին երեք տարվա ընթացքում ՀՀ–ում տնտեսական ակտիվությունն աճում է գրեթե նույն` հիմնականում 9–11 %–ի սահմաններում:

Տնտեսական աճ հիմնականում գրանցվել է արդյունաբերության աճի շնորհիվ, որն էլ իր հերթին պայմանավորված է ոչ թե իրական արտադրական հզորություններով, այլ ոսկերչական կիսաֆաբրիկատների արտադրությամբ և վերջնական արտադրության արտահանմամբ։

Այս բիզնեսի շնորհիվ, որը սկսեց զարգանալ 2023 թվականի վերջից, այս տարվա հունվար–ապրիլին արդյունաբերության աճը գրանցվեց ավելի քան 30 %: Արդեն հունվար–հուլիսին արդյունաբերության աճը դանդաղել է մինչև 15,7 %։

Շինարարության աճը շարունակում է մնում է բարձր` 16,1 %, որը հիմնականում պայմանավորված է մասնավոր բնակարանային շինարարության հարկային արտոնություններով, ինչպես նաև ենթակառուցվածքների կառուցման համար պետպատվերի աճով։

Առևտրի շրջանառությունն աճել է 21,4 %–ով՝ հիմնականում նորակառույց շենքերում կենցաղային տեխնիկայի և այլ ապրանքների վաճառքի, ինչպես նաև ԼՂ–ից բռնի տեղահանված և ՀՀ–ում բնակություն հաստատած քաղաքացիների հաշվին:

Ծառայությունների ոլորտն աճել է 4,5 %–ով։ Այս ոլորտում աճը փոքր–ինչ նվազել է, քանի որ ռելոկանտների ժամանման արդյունքում առաջացած պահանջարկը հասել է որոշակի մակարդակի և դադարել է զգալիորեն աճել։

Երկրից արտահանումն աճել է 2,2 անգամ՝ հասնելով մոտ 8 մլրդ 739 մլն դոլարի, ներմուծումը՝ մոտ 80 տոկոսով՝ կազմելով 11 մլրդ 686 մլն դոլար։

Եվրասիական զարգացման բանկի մոտավոր գնահատականներով՝ առանց ոսկու կիսաֆաբրիկատների` 2024 թ. առաջին կիսամյակում Հայաստանից և՛ ներմուծման, և՛ արտահանման դինամիկան բացասական է եղել։

Sputnik Արմենիա