Ֆրանսիական որոշ պետական կայքեր կիբեռհարձակման են ենթարկվել Դուրովի ձերբակալությունից հետո

Հաքերները Պավել Դուրովի ձերբակալությունից հետո DDoS հարձակումներ են կազմակերպել ֆրանսիական պետական կայքերի վրա, գրում է Le Parisien-ը։

«Պավել Դուրովին աջակցող հաքերային խմբավորումները կիրակի օրը ստանձնել են DDoS հարձակումների պատասխանատվությունը։ Ֆրանսիական մի քանի կայք օրվա ընթացքում դանդաղել են կամ ժամանակավորապես անհասանելի են եղել»,-ասվում է հոդվածում։

Դրանց թվում են պետծառայությունների և բժշկի այցելելու համար առցանց գրանցման հարթակները։ Թերթը նշում է, որ հարձակման են ենթարկվել նաև դեղերի և բժշկական արտադրանքի անվտանգության ազգային գործակալության (ANSM), «Գյուղացիական կոնֆեդերացիա» արհմիության, Voix du Nord թերթի կայքերը, ինչպես նաև մի շարք այլ ռեսուրսներ։

Հիշեցնենք` Telegram–ի հիմնադիր Պավել Դուրովին ձերբակալել են Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում: Ձերբակալությունը տեղի է ունեցել Դուրովին պատկանող ինքնաթիռից նրա դուրս գալու ժամանակ, որը ժամանել է Ադրբեջանից։ Ֆրանսիական մամուլի տեղեկություններով՝ Դուրովը, որն ունի Ֆրանսիայի քաղաքացիություն, հայտնվել է երկրում հետախուզվող անձանց ցուցակում:

Ֆրանսիական լրատվամիջոցների տվյալներով՝ երկրի իրավապահ մարմինները Դուրովին հանցակից են համարում մի շարք դրվագներով, այդ թվում՝ իշխանությունների հետ համագործակցությունից Telegram-ի հրաժարվելու պատճառով: Ֆրանսիացի լրագրող Սիրիլ Ամուրսկու տեղեկություններով՝ գործարարին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում:

Sputnik Արմենիա