ԱԼԻԵՎԸ ԿԱՋԱԿՑԻ ՆԻԿՈԼԻՆ COP29-ԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ. ԿՄԵԿՆԻ՞ ԱՐԴՅՈՔ ԱՐԱԲԱՏԸ ԲԱՔՈՒ
Ամառային սեզոնի ավարտին և ՄԱԿ-ի СОР29 կլիմայական համաժողովի մոտենալուն զուգընթաց իրավիճակն Ադրբեջանի շուրջ և նրա ներսում նկատելիորեն շիկանում է։ Համաշխարհային ԶԼՄ-ներում հաճախակիացել են հրապարակումները որպես ՄԱԿ-ի կարևորագույն իրադարձության անցկացման վայր Բաքուն ընտրելու կասկածելիության մասին՝ էկոլոգիական և իրավապաշտպան տեսանկյունից: Նույնիսկ հայտնի Գրետա Թունբերգն է խոսել, և նույնիսկ բրիտանական BBC-ն սկսեց խստորեն քննադատել Ադրբեջանի իշխանություններին, հաղորդելով երկրում «Ալիև որդու կառավարման ողջ ընթացքում ամենալայնածավալ բռնաճնշումների» մասին:
ԶԼՄ-ների եվ իրավապաշտպանների կողմից ավտորիտար ռեժիմի քննադատությունն Ալիևի համար, իհարկե, նորություն չէ։ Դա տեղի է ունենում նրա կառավարման ավելի քան երկու տասնամյակների ողջ ընթացքում, կտրուկ պոռթկումներով բնութագրվելով այն ժամանակաշրջաններում, երբ արևմտյան երկրները պետք է ինչ-որ բան կորզեն կամ թեթևակի շշպռեն բռնապետին՝ պարբերաբար նրա գքխավրևում ճոճելով ցուցադրական «ճիպոտը»։ Այնպես որ դժվար թե այդ բանավոր հարձակումները խիստ մտահոգեն պաշտոնական Բաքվին, թեև շատ թե քիչ, բայց ստվեր են գցում ալիևյան greenwashing-ի վրա։ Մանավանդ որ իրավիճակը տարածաշրջանում ծայրաստիճան թեժանում է, և միանգամայն հնարավոր է, որ Ադրբեջանի համար ոչ այնքան շահավետ զարգացումներ խոստանում։
Մյուս կողմից, հայկական Սփյուռքը դեռևս օգոստոսի կեսերին արշավ է նախաձեռնել ողջ աշխարհում, պահանջելով ազատ արձակել Բաքվում ապօրինի պահվող գերիներին և պատանդներին: ՀՅԴ Հայ Դատի համաշխարհային ցանցը մեծածավալ աշխատանքներ է իրականացնում այդ ուղղությամբ, որոնց աջակցում են նաև այլ հայկական կազմակերպություններ, մասնավորապես Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), որի նախագահ Պերճ Սեդրակյանը օրերս նույն կոչով դիմեց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին:
Հայ դատի գրասենյակները ակցիաներ են նախապատրաստում և նամակներ ուղարկում երկրների և կազմակերպությունների ղեկավարներին, դիվանագիտական գերատեսչություններին և իրավապաշտպաններին, տեղեկացնելով Արցախում Ադրբեջանի ոճրագործությունների մասին. էթնիկ զտումների և ցեղասպանության (որոնք ավարտվեցին պատմական Հայրենիքից հայերի համատարած գաղթով), անթաքույց վանդալիզմի և Բաքվի վարած էթնոցիդի քաղաքականության:
Հիշեցնեմ, որ այս արշավը, ըստ էության, սկսել է արգենտինացի հայտնի իրավաբան, Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, որը բաց նամակով դիմել է հայությանը՝ կոչ անելով օգտագործել СОР29-ը գերիներին ազատագրելու համար: Պետք է ակնկալել, որ առաջիկայում գործընթացը թափ կառնի, և տարբեր երկրներում ակտիվ ակցիաներ կանցկացվեն հայ գերիների, այդ թվում՝ անցած տարվա սեպտեմբերին առևանգված և Բաքվում ապօրինի պահվող արցախցի առաջնորդների ազատ արձակման պահանջով։
Մինչդեռ բաց է մնում կլիմայի հարցերով խորհրդաժողովին Հայաստանի ներկայացուցիչների մասնակցության հարցը։ Չնայած դրա հնարավորության մասին նույնիսկ ենթադրության ողջ սրբապղծությանը, ՀՀ իշխանությունները դեռևս հստակ պատասխան չեն տվել և քար լռություն են պահպանում, թեև օրերս Բաքուն հաստատեց ՀՀ արտգործնախարար Միրզոյանին հասցեագրված հրավերը։ Ադրբեջանը ամեն կերպ փորձում է ներկայացնել խորհրդաժողովն իբրև «խաղաղության СОР»։ Հայաստանի մասնակցությունն այդ առումով սկզբունքային առանցքային գործոն է, որը լեգիտիմացնում է ալիևյան greenwashing-ի ցինիկ շոուն, նպաստելով ցեղասպան Ադրբեջանի և անձամբ դրա առաջնորդի միջազգային իմիջի ճերմակեցմանն ու ամրապնդմանը։
ԱՌԱՋԻՆ ՀԱՅԱՑՔԻՑ՝ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԲԱՐԴ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ՀԱՅՏՆՎԵԼ։ Մասնակցելու որոշումը լավագույնս տեղավորվում է Հայաստանի իշխանությունների կողմից անխոնջ ազդարարվող խաղաղության ձգտման մեջ, և Նիկոլի արևմտյան տերերը հաստատ խստորեն խորհուրդ են տալիս նրան հենց դա։ Մյուս կողմից, գնալ ու չհայտարարել հայ գերիների մասին Միրզոյանն այնուամենայնիվ չի կարող։
Իրականում Հայաստանի օկուպացիոն իշխանություններն ընտրության որևէ խնդիր չունեն, և ՔՊ ներկայացուցիչների մշուշոտ ակնարկներն էլ վկայում են, որ մասնակցության որոշումը կայացված է, ընդ որում՝ վաղուց։
Այս առնչությամբ բավական ուշագրավ է Կանադայի դեսպանի պատասխանը, որին Լիբանանի Հայ Դատի գրասենյակը, ի թիվս այլ երկրների մի քանի տասնյակ դիվանագետների, նամակ է հղել՝ կոչ անելով բոյկոտել մասնակցությունը խորհրդաժողովին: Դեսպանը բերեց մեկ, բայց ծանրակշիռ փաստարկ. «Հայաստանի Հանրապետությունը տվել է իր համաձայնությունը СОР29-ը Բաքվում անցկացնելուն»:
Հիմա հիշենք, թե ինչ հանգամանքներում դա տեղի ունեցավ. անցած տարվա դեկտեմբերին Ադրբեջանը ազատ արձակեց 32 հայ գերիների՝ ներկայացնելով դա իբրև «բարի կամքի ակտ»։ Փոխարենը Հայաստանի իշխանությունները հրաժարվեցին Բաքվում խորհրդաժողով անցկացնելու վրա վետո դնելու իրավունքից։ Հարց. ի՞նչն է խանգարում այս անգամ ևս նման ցինիկ գործարք իրականացնել:
Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելն օրերս գրել է. «Ես կանխատեսում եմ, որ Ադրբեջանը ազատ կարձակի մի քանի ակտիվիստների, որոնց վերջերս ձերբակալել էր, բոլորովին չարդարացված գովասանքի կարժանանա ԵՄ-ի և ընկերների կողմից և ցույց կտա, թե բաց է առաջադիմական բարեփոխումների համար СОР29-ի նախաշեմին: Մյուս կողմից, պատմությունը ցույց է տալիս, որ եթե անգամ Ադրբեջանը դա չանի, ոչ մի հետևանք չի լինի»։
Կիրառելով Սնելի կանխատեսումը հայ գերիների հետ կապված իրավիճակի նկատմամբ՝ մեծ հավանականությամբ կարելի է ենթադրել, որ կխաղարկվի հետևյալ սցենարը։
Բաքուն ազատ կարձակի մի խումբ հայերի, այդ թվում, հնարավոր է, արցախցի մեկ-երկու առաջնորդների։ Փոխարենը Արարատ-Արաբատը կմեկնի Բաքու, որտեղ ջերմագին կգովաբանի տերերին հարաբերությունների կարգավորման նկատմամբ «կառուցողական մոտեցման» և խաղաղության անկեղծ ձգտման համար: Միանգամայն հնարավոր է, որ նույնիսկ շնորհակալություն հայտնի Ալիևին։
Համաշխարհային հանրությունը երեսպաշտորեն շնչակտուր կլինի բռնապետի «մեծահոգի» ժեստի առթիվ հրճվանքից և բուռն հաճոյախոսությունների տարափ կտեղա Երևանի ու Բաքվի հասցեին՝ «խաղաղության գաղափարին հավատարմության» համար։ Եվ ոչ ոք ընդ որում ծպտուն անգամ չի հանի այն մասին, որ Արցախի առաջնորդների առևանգումը, նրանց ապօրինի կալանավորումն ու խոշտանգումը միջազգային հանցագործություն է։ Իսկ գլխավորը, որ բոլոր հայ գերիների ազատ արձակումը Ադրբեջանի պարտավորությունն է՝ հաստատված ինչպես տարբեր կոնվենցիաներով, 2020թ. նոյեմբերի 9-10-ի Եռակողմ հայտարարությամբ, այնպես էլ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումներով ու տարբեր պետությունների ղեկավարների հայտարարություններով։
Ավելորդ է ասել, որ մնացած հայ գերիների ազատ արձակումն ընդ որում կհետաձգվի անորոշ ժամանակով, քանզի Բաքվի վրա ճնշում գործադրելու ավելի լավ առիթ, քան ՄԱԿ-ի խորհդրաժողովը, դժվար է պատկերացնել։ Եվ դժվար թե առաջիկա տարիներին այդպիսի այլ առիթ լինի։
Կրկնեմ. ասվածը լոկ վարկած է, բայց շատ արժանահավատ, քանզի հայ ժողովրդի արյան, շահերի ու արժանապատվության հաշվին այդօրինակ հանցավոր գործարքներ վերջին տարիներին շատ են եղել։ Մանավանդ որ այդ սցենարը միանգամայն կբավարարի և՛ Փաշինյանին, և՛ Ալիևին, և՛ անխտիր բոլոր արտաքին դերակատարներին։ Խափանել իրադարձությունների նման խայտառակ և առանց չափազանցության հանցավոր զարգացումը կարող է միայն միջազգային ինտենսիվ արշավը՝ հայ հասարակության ակտիվ ներգրավմամբ։
Բայց առայժմ դրա առանձնակի նախադրյալներ, անկեղծ ասած, չեն նշմարվում։ Եվ, ամենայն հավանականությամբ, Արաբատ Միրզոյանը կմեկնի Բաքու և ելույթ կունենա ալիևյան հաղթանակի ամբիոնից, մինչ իրենից մի քանի կիլոմետր հեռավորության վրա զնդաններում կտառապեն սեփական կյանքը հայ ժողովրդին ծառայելուն նվիրած արցախյան նախագահներն ու մյուս առաջնորդները։ Եվ նաև՝ Հայաստանի տասնյակ այլ քաղաքացիներ, ոմանք՝ արդեն մոտ 4 տարի։
Բայց Արաբատը, ինչպեսև իր շեֆը, առաջին անգամ չէ, որ կգրի իր գարշելի անունը հայկական աղետի պատմության հերթական էջում։ Որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ նա կանի դա մեծ հաճույքով: