ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԱՀԱՑՈՒ ԵՌԱՆԿՅՈՒՆՈՒՄ. «ՀԵԾԱՆԻՎ-ԷԺԱՆԱԳԻՆ ԱՄԲՈԽԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ-ՊԱՌԱԿՏՎԱԾ ՀԱՅՈՒԹՅՈՒՆ»

Նոր գլոբալ աշխարհակարգի ձևավորման գործընթացն արդեն սարերի հետևում չէ։ Իսկ թե որտեղ կլինենք մենք և արդյոք կլինենք ընդհանրապես՝ կախված է ոչ թե նրանից, թե ով է ավելի շատ ատում Մոսկվային կամ Վաշինգտոնին, այլ նրանից, թե որքան ենք մենք սիրում Հայաստանը։

Քանի դեռ հայկական լրատվական դաշտում գործող թրքամետ և հակահայկական տեղեկատվական ռեսուրսները նորից ու նորից՝ ուժգնորեն իրար դեմ են հանում հայ հասարակությանը՝ մարդկանց բաժանելով «հպարտ քաղաքացիների» և «Կրեմլի ստրուկների» (հիշո՞ւմ եք` նախկինում կային «ղարաբաղցիներ» և «հայաստանցիներ», հետո՝ «նախկիններ» և «հեղափոխականներ», հետո՝ «կաշառակերներ» և «ոչ նյութասերներ» և այլն)՝ թուրք-ադրբեջանական տանդեմն ակտիվորեն պատրաստվում է Հայաստանի վրա ճնշման նոր փուլին։

Ակնհայտ է, որ հարձակումը հետ մղելուն պատրաստվելու փոխարեն կրկին ունենում ենք ինչ-որ ապուշ հակառուսական, հակաիրանական և այլ հակա.. ջղաձգումներ։

Այսպես. ըստ որոշ տվյալների` թուրք-ադրբեջանական տանդեմը 2024 թվականի նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 համաշխարհային կլիմայական գագաթնաժողովի շրջանակում նախատեսում է ակտիվորեն առաջ մղել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» որպես «շահավետ» տնտեսական նախագիծ՝ փորձելով հետաքրքրել արտաքին «խաղացողներին»։

Այսինքն, պաշտոնական Բաքուն փորձելու է համաշխարհային խոշոր «խաղացողներին» հետաքրքրել Հայաստանի հարավը հօգուտ թուրք-ադրբեջանական տանդեմի օտարելու տնտեսական նպատակահարմարության մեջ՝ համաշխարհային տնտեսության համար նոր լոգիստիկ հնարավորությունների ձևավորման անվան տակ։

Իսկ ի՞նչ ենք անում մենք։

Իսկ մենք, կուրացած հայկական իշխանությունների կողմից միմյանց նկատմամբ արհեստականորեն բուծվող ատելությամբ, այլևս պարզապես չենք ընկալում արտաքին սպառնալիքները, այլ սևեռվելով բացառապես ներքին օրակարգի վրա` շարունակում ենք սպառել պարտադրված իրականությունը, որը կարելի է կոչել «հեծանիվ+էժանագին ամբոխավարություն+Զանգեզուրի միջանցք» կոչվող տեղեկատվական ինչ-որ եռանկյունի։

Մինչդեռ թշնամին շարունակում է համակարգված պատրաստվել իր հակահայկական ծրագրերի իրականացմանը։

Այսպես, Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը բառացիորեն մի քանի ամիս առաջ հայտարարել է. «Եթե «Զանգեզուրի միջանցքը» հաջողությամբ ավարտվի, ապա դա կլինի շատ կարևոր միջանցք, որը ոչ միայն Ադրբեջանը, այլև Իրանը, Թուրքիան և Վրաստանը «զանգյազուրի» (հայկական Սյունիքի մարզի աղավաղված անվանումը – հեղ) միջոցով կմիացնի Կենտրոնական Ասիայի հետ:

Կամ թեկուզ սա, որ ասում է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլին. ««Զանգեզուրի միջանցքի» բացումը կմեծացնի երկաթուղային հաղորդակցության բեռնատարողությունը թյուրքական գոտու գծով»։

Փաստորեն, թուրքերն այժմ փորձում են արտաքին դերակատարներին հետաքրքրել Հայաստանի մասնատման տնտեսական նպատակահարմարության մեջ և այդ ուղղությամբ աշխատում են բոլորի հետ անխտիր՝ ամերիկացիների, իրանցիների, ռուսների, եվրոպացիների, չինացիների․․․

Իսկ մենք, որպես քաղաքական մտագարներ, գլուխ ենք կոտրում ՀԱՊԿ-ի դեմ, հետո անդրադարձով ցատկում ՆԱՏՕ-ի կողմը, հետո հայհոյում ռուսներին ու վարում այնպիսի քաղաքականություն, որը նյարդայնացնում է իրանցիներին։

Աղաղակում ենք մեր անկախության և ինքնիշխանության մասին, սակայն դրան զուգահեռ զարմանալի համառությամբ մսխում տարածաշրջանում մեր ինքնիշխանությունն ու դիվանագիտական հենակետերը՝ գործնականում ամբողջապես կախյալ դառնալով թուրք-ադրբեջանական տանդեմի, Արևմուտքի և Արևելքի կամքից։

Արդեն ուղղակի անտանելի է դիտել այս ամբողջ հակահայկական կրկեսը, որտեղ պայմանականորեն հայկական ազգանուններով «քաղաքականապես կոփված» մեկնաբանները նստած են համացանցում և փնովում են բոլորին ու ամեն ինչ՝ իրենց երևակայելով որպես մեծ քաղաքական գործիչներ»` անգիտակցաբար (իսկ գուցե և միանգամայն գիտակցաբար) դառնալով սեփական երկիրը քանդելու գործիք։

Մենք պարզապես հրաժարվում ենք հասկանալ, որ քաղաքականությունը խորքային բան է՝ զուրկ այնպիսի հասկացություններից, ինչպիսիք են՝ «սիրում/ատում է», և միշտ չէ, որ այն, ինչ ընկած է տեղեկատվական մակերեսի վրա, համապատասխանում է իրական գործընթացներին։

Դժվա՞ր է դա հասկանալ:

Պայմանական «Կրեմլի» դեմ բոլոր մարտնչողների բթամտությունը թույլ չի տալիս հասկանալ, որ Արևմուտքն ու Արևելքը երբեք չեն կորցրել կապը միմյանց հետ և, ի վերջո, աշխարհաքաղաքական ազդեցության նոր սահմաններ հաստատելուց հետո կպայմանավորվեն ու «կհաշտվեն»։ Ինչպես և դժվար չպիտի լինի հասկանալ, որ համաշխարհային աշխարհաքաղաքական «խոհանոցում» վերջին ամիսներին ձևավորվող միտումը, այն է՝ նոր աշխարհի ստեղծման գործընթացը, արդեն սարերի հետևում չէ։

Իսկ թե որտեղ կլինենք մենք և արդյոք կլինենք ընդհանրապես՝ կախված է ոչ թե նրանից, թե ով է ավելի շատ ատում Մոսկվային կամ Վաշինգտոնին, այլ նրանից, թե որքան ենք մենք սիրում Հայաստանը։

Հուսով եմ, որ այս տարրական ճշմարտությունն ի վերջո կգերիշխի հայ հասարակության մեջ տիրող «բոլորը բոլորի դեմ» պայքարում։

Արման ԱԲՈՎՅԱՆ, Sputnik Արմենիա