ՍԻԼԻԿՈՆՅԱՆ ՀՈՎՏԻՑ ՀԱԶԱՐԱՎՈՐ ՄՂՈՆ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՌՈՒՑՈՒՄ Է ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՂ ՈԼՈՐՏ
Երկար տարիների ընթացքում համաշխարհային մի շարք վայրեր՝ Մանհեթենի Սիլիկոնային ծառուղուց մինչև Շոտլանդական Սիլիկոնային հովիտ և Հարավային Աֆրիկայի Սիլիկոնյան հրվանդան տեխնոլոգիական կենտրոններ են ճանաչվել:
Ներկայում, Սիլիկոնային հովտից 7000 մղոն հեռավորության վրա, Կովկասում զարգանում է մեկ այլ տեխնոլոգիական հանգույց: Դրա մասին գրում է ամերիկյան MarketWatch պարբերականը։
Խորհրդային Միության փլուզումից հետո անկախություն ձեռք բերելուց ավելի քան քառորդ դար անց Հայաստանըն արևմտյան տեխնոլոգիական հսկաներն ու տեղական բազում ստարտափներն ընդգրկող բարգավաճման ձգտող տեխնոլոգիական ոլորտ ստեղծեց:
Անցյալ տարի երկրի այն ժամանակվա բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հայտարարեց, որ Հայաստանում գործող ՏՏ ընկերությունների թիվը 2022-ի համեմատ կրկնապատկվել է, իսկ աշխատողների թիվն աճել է 30%-ով։
Ամենամեծ հաջողության պատմություններից մեկն արհեստական բանականության վրա աշխատող լուսանկարչական և տեսանկարահման խմբագիր Picsart-ն է, որը հիմնադրվել է Հայաստանում 2011 թվականին և 10 տարի անց դրա արժեքը կազմում է ավելի քան 1 միլիարդ դոլար: Picsart-ն իր գլխամասային գրասենյակը տեղափոխել է ԱՄՆ 2015 թվականին ներդրումներ ստանալուց հետո, սակայն մինչ օրս մեծ գրասենյակ է պահպանում Հայաստանում։ Ընկերությունը հայտնել է, որ ամբողջ աշխարհում իր մոտ 700 աշխատակիցներից մոտ 500-ն աշխատում են Երևանում։
Սակայն Հայաստանը, որը մոտավորապես Մերիլենդ նահանգի չափ է, միաժամանակ բախվում է մարտահրավերների: Մոտ 3 միլիոն բնակչություն ունեցող երկիրը քիչ բնական ռեսուրսներ ունի և գտնվում է լարվածությամբ հղի տարածաշրջանում։ 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում արյունալի պատերազմ էր ընթանում:
Ընդսմին, երկիրը թիրախավորում է տեխնոլոգիաները՝ որպես տնտեսական աճի միջոց։
«Լինելով դեպի ծով ելք չունեցող երկիր՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սահմանափակումներով՝ հայկական էկոհամակարգին դեռ հաջողվում է զգալի նորարարություն ստեղծել», - ասված է StartupBlink համաշխարհային ստարտափների հետազոտական կենտրոնի 2024 թվականի ստարտապ էկոհամակարգերին նվիրված զեկույցում։
Հայաստանի կառավարությունը վաղուց է հասկացել, որ նորարարությունը չափազանց կարևոր է երկրի ապագայի համար, և ռեսուրսները հատկացվել են տեղական էկոհամակարգերի զարգացմանը:
«Հայկական ստարտափներն ի սկզբանե թիրախավորում են համաշխարհային շուկան, և երկիրն զգալի քանակությամբ տեխնոլոգիական տաղանդներ է առաջարկում»,- ասված է զեկույցում։
Հայաստանը 2022 թվականին գրանցել է ՀՆԱ-ի «տպավորիչ» 12,6% աճ՝ դառնալով Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ամենաարագ զարգացող երկիրն, ըստ Համաշխարհային բանկի։
Ծառայությունների, մասնավորապես՝ ՏՏ ոլորտը, առևտուրը և տրանսպորտը, նշանակալի դեր են խաղացել այս աճի խթանման գործում, հայտարարել է Համաշխարհային բանկը: Երկրի տեխնոլոգիական արդյունաբերության արմատները կարելի է գտնել դեռևս խորհրդային ժամանակներից:
Երկիրը միաժամանակ օգտագործում է աշխարհով մեկ մեծ հայ համայնքը, որը 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանության ժառանգությունն է: Հայաստանն ունի աշխարհի ամենամեծ և հնագույն սփյուռքերից մեկը, ՄԱԿ-ի գնահատմամբ՝ 8-10 միլիոն հայ ապրում է երկրից դուրս: Ենթադրվում է, որ ԱՄՆ-ում մինչև 2 միլիոն հայ է ապրում։
Տնային և առևտրային կապալառուների համար ծրագրային ապահովման ամերիկյան ServiceTitan ընկերության նախագահ և համահիմնադիր Վահե Կուզոյանը Սփյուռքի նշանավոր դեմք է: Նա ծնվել է Հայաստանում, մանուկ հասակում տեղափոխվել է Ամերիկա։ 2012 թվականին նա Արա Մահտեսյանի հետ Գլենդելում հիմնել է ServiceTitan-ը:
Այժմ ընկերությունն ունի շուրջ 2800 աշխատակից, որից մոտ 400-ն աշխատում է Հայաստանում։ Ծրագրային ապահովման ընկերությունը գնահատվել է 9,5 միլիարդ դոլար։
Հայաստանի ՏՏ ոլորտին խթանող գործոններից մեկը Ռուսաստանի քաղաքացիների վերջին հոսքն է այդ երկրի զինված ուժերի զորահավաքից հետո: Ենթադրվում է, որ 2022 թվականի փետրվարից հետո Հայաստան է գաղթել մինչև 100 հազար ռուսաստանցի, հիմնականում ՏՏ ոլորտի մասնագետներ։
Փորձագետները հայտնել են, որ 2023 թվականի դրությամբ երկրի ՏՏ ոլորտում աշխատել է ՀՀ քաղաքացիություն չունեցող մոտ 10 հազար մարդ, որոնց գրեթե 90%-ը ռուսներ էին։