ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆԵՐԸ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԿԻՐԱՌԵԼ ԵՎ ԾԱՂՐԵԼ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ

Բուլղարիայի սահմանապահները կոպիտ և խտրական վերաբերմունք ունեն Երևանից ժամանող հայերի նկատմամբ։ Այս մասին հրապարակում է արել «Հետք» պարբերականը` ներկայացնելով քաղաքացիների ահազանգերը։

Բուլղարիայում խտրական վերաբերմունքի արժանացած քաղաքացիներից մեկը` Արամ Մնացականյանը, մանրամասներ է պատմել, թե ինչպես են իր և իր ընկերոջ հետ վարվել Սոֆիայի օդանավակայանում։

Նրանք օգոստոսի 7–ին ՀՀ–ում Բուլղարիայի դեսպանատնից ստացել են շենգենյան վիզա և մեկնել Սոֆիա։ Արդեն Բուլղարիայում սահմանապահները չեն կնքել նրանց անձնագրերը, նրանց տարել են առանձին տարածք, որտեղ խուզարկել են և մոտ երեք ժամ սպասեցնելուց հետո տեղեկացրել, որ մերժում են երկիր մուտք գործել։

Մուտքը մերժելուց հետո նրանց տարել են բանտանման տեղ, որտեղ չի եղել հոսանք, ինտերնետ կապը չի աշխատել, շատ շոգ եղել, ամենուր միջատներ էին, սարսափելի վիճակ էր։ Արամին ու նրա ընկերոջն ուտելիք չեն տվել, արտաքին աշխարհի հետ կապը միայն մի պատուհան էր, որի մոտ պիտի ժամերով սպասեին` մի ոստիկան անցներ, որ կարողանային խնդրել նրան՝ ուղեկցել սրճարան` ուտելիքի համար։

Արամն ու իր ընկերը այդ պայմաններում անցկացրել են 4 օր, սպասել են Սոֆիայից Երևան հաջորդ չվերթին։

Հայաստան վերադառնալուց հետո, երբ պարզաբանման համար նամակ են գրել ՀՀ–ում Բուլղարիայի դեսպանատուն, պատասխանը եղել է այն, որ կարող են բողոքարկել որոշումը։

ՀՀ քաղաքացիներին մերժում են մուտք գործել երկիր նույնիսկ այն դեպքում, երբ նրանք չեն պատրաստվում Բուլղարիայից մեկնել շենգենյան այլ երկիր, չեն փոխում այցի նպատակը։

«Ստացվում է՝ Հայաստանից Բուլղարիա ժամանող ամեն չվերթից մի քանի քաղաքացու կամայական մերժում են՝ ինչ-որ բան ցույց տալու և քաղաքացիներին վախեցնելու համար»,– նշված է «Հետքի» հոդվածում։

Պարբերականը նշում է նաև, որ ՀՀ քաղաքացիներին Բուլղարիան սկսել է հետ ուղարկել այս տարվա մարտ ամսից հետո, երբ այդ երկիրը պաշտոնապես միացել է շենգենյան գոտուն։

Հիշեցնենք, որ օգոստոսի 25–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարություն էր տարածել, թե վերջին շրջանում դիմումներ են ստացել այն մասին, որ ՀՀ քաղաքացիներին մերժում են մուտք գործել Շենգենյան համաձայնագրի երկիր և հետ են ուղարկում։ Որպես պայմանական օրինակ նշված էր հենց Բուլղարիան։ Ըստ մեր արտաքին գերատեսչության` այցելության նպատակի փոփոխությունը հիմք է տալիս տվյալ երկրի իրավասու մարմիններին արգելել մուտքը, քանի որ դա գնահատվում է որպես այցելության հայտարարված և իրական նպատակի կամ պայմանների անհամապատասխանություն։

Sputnik Արմենիա