Հայաստանում կանցկացվի ՄԱԿ-ի համաշխարհային Գինու զբոսաշրջության համաժողովը

Հայաստանում կանցկացվի ՄԱԿ-ի համաշխարհային Գինու զբոսաշրջության համաժողովը: Այս տարվա համաժողովը նվիրված կլինի «Ժառանգությունը յուրաքանչյուր շշում. ստեղծելով գինու զբոսաշրջության իսկական փորձ» թեմային:

Ըստ ՄԱԿ-ի մամուլի ծառայության՝ հիմնական շեշտը դրվելու է գինու զբոսաշրջության զարգացող լանդշաֆտի ավանդույթների վերակենդանացման վրա՝ հավասարակշռություն պահպանելով արդիականացման ու մշակութային ժառանգության միջև:

ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին հայտարարել է. «Գինու տուրիզմը շարունակում է ժողովրդականություն վայելել զբոսաշրջիկների շրջանում: Գինու տուրիզմի համաշխարհային համաժողովը ևս մեկ անգամ կհավաքի ոլորտի ամենահետաքրքիր առաջնորդներին: Ես նրանց բոլորին անհամբերությամբ սպասում եմ Հայաստանում»:

Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի ղեկավարի պաշտոնակատար Սուսաննա Հակոբյանը հայտարարեց. «Հայաստանը պատիվ ունի հյուրընկալելու ՄԱԿ-ի Գինու տուրիզմի 8-րդ համաշխարհային զբոսաշրջային համաժողովը։

Մեր հազարամյա գինեգործական ավանդույթներով և հարուստ մշակութային ժառանգությամբ Հայաստանը գինու մշակույթում ուրույն տեղ է գրավում։

Այս համաժողովը համագործակցության, ուսուցման և գինու զբոսաշրջության վերաբերյալ համաշխարհային դիսկուրսի առաջմղման համար եզակի հարթակ է առաջարկում»:

Համաժողովն ի ցույց կդնի հաջողված նախաձեռնություններն ու փորձի փոխանակման և նորարարական նախագծերի մշակման համար հարթակ կստեղծի: Գինեգործության նշանային տարածաշրջանների ներկայացուցիչները, ներառյալ Ստրադա դել Բարոլոն (Իտալիա); Բուրգունդիան (Ֆրանսիա) և Մենդոսան (Արգենտինա) լավագույն փորձի օրինակներ կներկայացնեն:

Համաժողովին կներկայացվեն ոլորտի հայտնի առաջնորդները, մասնավորապես՝ 2023 թվականի աշխարհի լավագույն գինեգործական գործարան ճանաչված Catena Zapata-ն:

Մասնակիցները կկարողանան վարպետության դասերի հաճախել հայկական հայտնի գինեգործարաններում, մասնավորապես պատմական Areni-1-ը` աշխարհի ամենահին հայտնի գինեգործարանը:

Թեմաները կտարբերվեն՝ սկսած գինու զբոսաշրջության մեջ էլեկտրոնային առևտրի ռազմավարությունների կիրառումից մինչև գինու կայուն զբոսաշրջության մեջ տեխնոլոգիաների ինտեգրում:

News.am