Թուրքագետն ահազանգում է` Անկարան մտադիր է ուժեղացնել ճնշումը Երևանի վրա

Թուրքիան մոտ ժամանակներս կուժեղացնի ճնշումը Հայաստանի վրա Հարավային Կովկասում թուրքական ազդեցության գոտին ամրապնդելու համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։

Նա նշել է, որ Սիրիայում և Լիբանանում մի քանի շաբաթ տևած դաշտային աշխատանքների ընթացքում նրա մոտ տպավորություն է ստեղծվել , որ մերձավորարևելյան տարածաշրջանը զիջել է իր դիրքերը Անկարայի արտաքին քաղաքական առաջնահերթությունների ցանկում:

«Թուրքիայի համար Հարավային Կովկասն ու Սև ծովի շրջանն այս պահին դարձել են արտաքին քաղաքական թիվ մեկ առաջնահերթությունը՝ առաջ անցնելով սիրիա-իրաքյան ուղղությունից։ Իսկ սա նշանակում է, որ Թուրքիան այս պահին իր լավագույն ռեսուրսները (դիվանագիտականից մինչև ռազմական, կադրայինից մինչև տնտեսական) ուղղելու է մեր կողմ՝ լուծելու իր առջև դրված խնդիրները»,– գրել է թուրքագետը։

Անկարայի հիմնական խնդիրը, Գեղամյանի կարծիքով, թուրքական ազդեցության գոտու ընդլայնումն է և թուրքական գոտու ամրապնդումը Կենտրոնական Ասիայից մինչև Բալկաններ: Իսկ «Զանգեզուրի միջանցք» նախագիծն այդ ուղղությամբ առանցքային քայլերից մեկն է։

«Այս պարզ ճշմարտությունն ամեն գնով կոծկելու համար հանրային տիրույթում քննարկվելու է ամեն անլուրջ և երկրորդային բան, ինչը հաջողությամբ արվում է վերջին շաբաթներին, և ինչին մասնակցում ենք նաև մենք»,– գրել է նա։

Նա խորհուրդ է տալիս այդպիսի քննարկումներին չմասնակցել ու շարունակել խոսել միայն իրական օրակարգի մասին։

Sputnik Արմենիա