Հրայր ՂՈՒԿԱՍՅԱՆ․ ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԹԱՆՈՒՄ Է ԿՈՊՏԱԳՈՒՅՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՈՎ

Երևանի ընդհանուր իրավասության առաջի ատյանի դատարանի Կենտրոն նստավայրում օգոստոսի 28-ին կշարունակվի արդարադատության նախկին նախարար, Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի դատավարությունը։ Պաշտպանական կողմը պետք է ճառով հանդես գա։

Panorama.аm-ը դիմել է իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, Քրեական դատավարության օրենսգրքի մշակման աշխատանքային խմբի ղեկավար Հրայր Ղուկասյանին՝  խնդրելով ներկայացնել փորձագիտական կարծիքը Հրայր Թովմասյանի քրեական գործին առնչվող մի քանի դատավարական հարցերի վերաբերյալ։

- Այս գործի քննության ընթացքում պարզվել է, որ Հրայր Թովմասյանի դեմ քրեական գործը հարուցվել է ինչ-որ օպերատիվ տվյալների հիման վրա։ Կարող է դա քրեադատավարական ընթացակարգ սկսելու օրինական հիմք հանդիսանալ։

- Որքանով ինձ հայտնի է հանրամատչելի տեղեկատվական աղբյուրներից, այդ քրեական գործը քննվում է 1998 թվականին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի հիման վրա, հետևաբար, դրա հետ կապված ընթացակարգային հարցերը պարզաբանելիս անհրաժեշտ է հիմք ընդունել հենց այդ, այլ ոչ թե 2021 թվականին ընդունված և ներկայումս գործող օրենսգրքի իրավակարգավորումները։

1998 թվականի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 175-րդ և 182-րդ հոդվածները սահմանում են, որ իրավասու անձինք քրեական գործ են հարուցում միայն քրեական գործի հարուցման առիթների և հիմքերի առկայության դեպքում։ Քրեական գործ հարուցելու առիթները սպառիչ թվարկված են Օրենսգրքի 176-րդ հոդվածում, ըստ որի՝ այդպիսին են հանդիսանում հանցագործությունների մասին ֆիզիկական և իրավաբանական անձանց, լրատվության միջոցների հաղորդումները, ինչպես նաև հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից հանցագործության մասին տվյալների, հանցագոր¬ծության նյութական հետքերի և հետևանքների հայտնաբերումը` իրենց լիազորություններն իրականացնելիս։

Այս իրավանորմերի համալիր վերլուծությունից պարզորոշ հետևում է, որ քրեադատավարական ընթացակարգ կարող է սկսվել միայն այն դեպքում, երբ ենթադրյալ հանցագործության մասին տվյալները ստացվել են Օրենսգրքում ուղղակիորեն նշված աղբյուրներից գոնե մեկից։

Առերևույթ հանցագործության մասին որևէ այլ սուբյեկտից տեղեկություններ ստանալու դեպքում (անկախ դրանց բովանդակությունից) քրեական գործ հարուցելու առիթը կդառնա անօրինական, և Օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասի ուժով քրեական գործի հարուցումը պետք է մերժվի։

Ենթադրում եմ, որ ձեր նշած «օպերատիվ տվյալները» ստացվել են օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու լիազորություն ունեցող որևէ մարմնից, ինչը նույնպես խնդրահարույց է, քանի որ Օրենսգիրքն այդ մարմիններին չի համարում ենթադրյալ հանցագործության մասին տվյալների տրամադրման օրինական աղբյուր (տես՝ Օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը)։ Դրանք չեն կարող համարվել նաև հետաքննության մարմին, քանի որ Օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ կետի համաձայն՝ հետաքննության մարմինն օրենսգրքով հետաքննության իրավասություն ունեցող պետական մարմնի համապատասխան, ստորաբաժանման, այսինքն՝ հետաքննության վարչության, բաժնի կամ բաժանմունքի պետը և աշխատակիցներն են։ Իսկ 1998 թվականի Օրենսգիրքը, ի տարբերություն ներկայումս գործողի, իրավասու մարմինների օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանումներին հետաքննության մարմին չի համարել։

Այսպիսով, քրեական գործ հարուցելու առիթի օրենքով նախատեսված լինելը քրեադատավարական ընթացակարգի օրինականությունը գնահատելու առաջնային չափանիշն է, և եթե նույնիսկ ենթադրյալ հանցագործության մասին հաղորդումը, բավարարում է որոշակիության բովանդակային չափանիշին, այն է՝ վերաբերում է կոնկրետ հանցագործությանը և պարունակում է դրա հատկանիշները մատնանշող բավարար փաստեր, ապա անօրինական աղբյուրի առկայությունը բացառում է քրեական գործի հարուցումը։

- Այդուհանդերձ, փաստ է, որ այդ պայմաններում քրեական գործը հարուցվել է։ Որն է ձեր կարծիքով ստեղծված իրավիճակից դուրս գալու դատավարական ճանապարհը։

- Քրեական գործի անօրինական հարուցումը ծանրագույն դատավարական հետևանքներ առաջացնող ոչ իրավաչափ գործողություններից մեկն է։ Դրա «շնորհիվ» սկսված քրեադատավարական ընթացակարգը զրկվում է լիգիտիմությունից, ըստ էության չեղարկվում են այդ ընթացքում կայացված դատավարական բոլոր որոշումները (այդ թվում՝ անձին որպես մեղադրյալ ներգրավելու և մեղադրական եզրակացությունը հաստատելու մասին որոշումները), փաստացի զրոյացվում են իրականացված ապացուցողական գործունեության արդյունքները՝ անթույլատրելի դարձնելով նաև հավաքված բոլոր ապացույցները։ Ստեղծված իրավիճակում դատարանում գտնվող քրեական գործով միակ իրավաչափ հանգուցալուծումը ամբաստանյալի արդարացումն է։

- Պարոն Թովմասյանի փաստաբանները պնդում են, որ նրա նկատմամբ քրեական հետապնդումն իրականացվել է օրենքի խախտմամբ, մասնավորապես, որ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի նկատմամբ քրեական հետապնդումը քննիչի կողմից փաստացի իրականացվել է նրան պաշտոնական մեղադրանք առաջադրելուց շատ առաջ (դեռևս 2019 թվականի հոկտեմբեր ամսից), ինչն արձանագրվել է նաև վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ։ Արդյոք դա օրենսդրական պահանջի խախտում է և ինչ դատավարական հետևանքներ կառաջանան, եթե բարձրաձայնվող խախտումները հաստատվեն։

- Թեև ես անձամբ ծանոթ չեմ ձեր նշած դատական ակտին, սակայն օրենսդրական կարգավորումները թույլ տալիս են նման իրավիճակների համար որոշակի հիմնավորված հետևություններ անել։

Նախ և առաջ հարկ է նշել, որ քրեադատավարական ընթացակարգերում դատավորները, ներառյալ՝ Սահմանադրական դատարանի դատավորներն օժտված են հավելյալ պաշտպանությամբ, որը կոչվում է դատավորի անձեռնմխելիություն։ Այն, ի թիվս այլնի, սահմանում է, որ դատավորի և Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցել և տվյալ մինչդատական վարույթի նկատմամբ դատախազական հսկողություն կարող է իրականացնել միայն գլխավոր դատախազը կամ նրա հանձնարարությամբ՝ տեղակալը (տես՝ Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասը և ՀՀ դատական օրենսգրքի 51-րդ հոդվածի 6-րդ մասը)։

Այս կարգավորումը դատավորին չի ազատում իրեն մեղսագրվող ենթադրյալ հանցանքի համար հնարավոր քրեական պատասխանատվությունից և չի սահմանափակում քննություն իրականացնող մարմինների դատավարական հնարավորությունները։ Սակայն այն ընթացակարգային լուրջ երաշխիք է, որը դատավորին զերծ է պահում անհիմն քրեական հետապնդումից՝ ապահովելով նրա անկախությունն ու անաչառությունը, իսկ վերջին հաշվով նաև՝ դատական իշխանության հեղինակությունը։ Անձեռնմխելիության այս դրսևորումը ոչ այնքան դատավորի անձի, որքան արդարադատության շահերի պաշտպանության միջոց է։

Ինչ վերաբերում է այս հիմնարար պահանջի խախտման կոնկրետ դեպքերին, ապա դրանք կարող են դրսևորվել երկու ձևով

1/ երբ քրեական հետապնդումը դատավորի նկատմամբ իրավաբանորեն հարուցվում կամ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացվում է ոչ գլխավոր դատախազի կամ նրա տեղակալի կողմից,

2/ երբ դատավորի նկատմամբ փաստացի իրականացվում է քրեական հետապնդում և դրա բովանդակությունը կազմող գործողությունները կատարվում են գլխավոր դատախազի կամ նրա տեղակալի դատավարական գործունեության տիրույթից դուրս։

Օրենսգիրքը սահմանում է ինչպես քրեական հետապնդում հարուցելու (6-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետ), այնպես էլ քրեական հետապնդում իրականացնելու (6-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետ) հասկացությունները։ Եթե առաջինը սահմանափակվում է երեք կոնկրետ որոշում կայացնելով (անձին որպես մեղադրյալ ներգրավելու, ձերբակալելու կամ նրա նկատմամբ խափանման միջոցի կիրառելու մասին), ապա երկրորդը ներառում է բոլոր այն դատավարական գործողությունները, որոնք իրականացվում են ենթադրյալ հանցանքը կատարած անձին բացահայտելու, նրա մեղավորությունն ապացուցելու, ինչպես նաև նրա նկատմամբ պատժի և հարկադրանքի այլ միջոցների կիրառումն ապահովելու համար։ Դա նշանակում է, որ անձի նկատմամբ փաստացի քրեական հետապնդման իրականացումը կարող է ունենալ բազմաթիվ դրսևորումներ՝ սկսած գաղտնի կերպով նրան հետևելուց, օրինակ՝ անձի հեռախոսային խոսակցությունները լսելը կամ նամակագրությունը վերահսկելը, վերջացրած նրա նկատմամբ բացահայտ գործողություններ կատարելուց, օրինակ՝ նրա բնակարանում խուզարկություն կատարելը կամ նրանից մատնահետքեր կամ այլ նմուշներ վերցնելը։

Դատավորի անձեռնմխելիության հիմնարար պահանջից ուղղակիորեն հետևում է, որ իրենց բնույթով փաստացի քրեական հետապնդում ենթադրող գործողությունները ևս պետք է իրականացվեն գլխավոր դատախազի կամ նրա տեղակալի դատավարական գործունեության տիրույթում, այսինքն՝ պետք է կատարվեն կամ նրանց որոշումների կամ հատուկ թույլտվությունների հիման վրա։ Հակառակ մեկնաբանությունը հնարավորություն կտա շրջանցել դատավորի պաշտպանության այդ կարևորագույն երաշխիքը։ Արդյունքում ցանկացած քննիչ կկարողանա դատավորի նկատմամբ փաստացի իրականացնել քրեական հետապնդում՝ ստեղծելով դատական իշխանության գործունեությանը գործադրի անօրինական միջամտության լուրջ վտանգներ։

Հետևաբար, բոլոր այն դեպքերում, երբ դատավորի նկատմամբ քրեադատավարական ընթացակարգի շրջանակներում իրականացված գործողությունները կրել են քրեական հետապնդման ակնհայտ տարրեր, կարող ենք փաստել, որ չի հարգվել նրա անձեռնմխելիության երաշխիքը։ Դա անխուսափելիորեն հանգեցնում է կատարված քննչական կամ այլ դատավարական գործողության կարգի էական խախտման, որն էլ իր հերթին ձեռք բերված ապացույցներն անթույլատրելի ճանաչելու հիմք է։

- Պարոն Ղուկասյան, այս քրեական գործը քննող դատարանի որոշմամբ Հրայր Թովմասյանը հեռացվել է դատական նիստերի դահլիճից դատախազին վիրավորելու (նրան «ամենագետ» անվանելու), ինչպես նաև ձեռքում գտնվող քրիստոնեական խորհրդանիշեր պարունակող թևնոցը չթաքցնելու համար։

- Դատական նիստերի դահլիճից հեռացնելը դատական սանկցիա է, որը կարող է կիրառվել օրենքով նախատեսված մի շարք պայմանների և հիմքերի առկայության դեպքում։ Նախ, կարևոր է նկատի ունենալ, որ դատական սանկցիայի կիրառումը պետք է նպատակ հետապնդի պաշտպանել դատական իշխանության հեղինակությունը և ապահովել դատական նիստի բնականոն ընթացքը։

Թվարկվածից բացի որևէ այլ արդյունքի ձգտելը, օրինակ՝ անձի իրավունքները սահմանափակելը կամ մյուս կողմի համար բարենպաստ պայմաններ ստեղծելը, դատական սանկցիայի կիրառման իրավաչափության հետ որևէ աղերս չունի։ Բացի այդ, սանկցիայի կիրառման համար անհրաժեշտ է, որպեսզի անձը դրսևորած լինի ոչ իրավաչափ վարքագիծ, օրինակ՝ չարամտորեն չկատարի իր դատավարական պարտականությունները, խախտի դատական նիստի կարգը կամ անհարգալից վերաբերմունք դրսևորի դատարանի նկատմամբ։ Այլ գործողությունները, որոնք չեն համընկնում դատավորի սուբյեկտիվ հայացքների, համոզմունքների կամ պատկերացումներ հետ, չեն կարող գնահատվել որպես ոչ իրավաչափ վարքագծի դրսևորումներ։

Ի վերջո, հարկավոր է, որպեսզի կիրառված սանկցիան համաչափ լինի անձի վարքագծի բնույթին և հետևանքին, ինչը նշանակում է, որ խիստ սանկցիաների կիրառման հարցում դատարանը պետք է լրացուցիչ զգուշավորություն և շրջահայացություն ցուցաբերի։Թեև դատավորը որոշ արտահայտություններ (կախված դրանց արտաբերման ձևից և համատեքստից) կամ առանձին գործողություններ (կախված վարքագծի կոնկրետ դրսևորումներից) որպես ոչ պատշաճ գնահատելու չափելի հայեցողություն ունի, այդուհանդերձ, նա պարտավոր է իր վարքագծով կանխել և նվազագույնի հասցնել դատական սանկցիա կիրառելու անհրաժեշտությունը և դեպքերը։ Այս ամենը նշանակում է, որ սանկցիայի գործադրումը չի կարող ինքնանպատակ լինել և չպետք է կամայական բնույթ կրի։

Դատական նիստի դահլիճից հեռացնելու խիստ սանկցիայի կիրառման դեպքում դատական օրենսգրքով, ինչպես նաև քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված այս պահանջներից որևէ մեկի խախտումն առաջացնում է անձի` իրեն ներկայացված մեղադրանքին վերաբերող գործի դատաքննությանը մասնակցելու և իր իրավաչափ շահերն արդյունավետ պաշտպանելու սահմանադրական և կոնվենցիոն իրավունքների չարդարացված սահմանափակում, ինչն էլ կարող է հանգեցնել ամբողջ դատաքննության անարդար լինելուն։

- Պարոն Ղուկասյան, վերջին դատական նիստի ընթացքում պարզվեց, որ պարոն Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանի համար նախատեսված ծանուցագրերն առաքվել են այլ հասցեով և դրանք ստացել են Պարոն Օրբելյանի հետ որևէ առնչություն չունեցող անձինք։ Այդ պարագայում դատարանը համարել է, որ պարոն Օրբելյանը պատշաճ ծանուցված է եղել և անհարգելի չի մասնակցել նիստերին։ Արյդոք այս երևույթը տեղավորվում է քրեադատավարական վերաբերելի կարգավորումների շրջանակներում։

- Որպեսզի կոնկրետ դատական նիստին վարույթի մասնակցի չներկայանալը գնահատվի անհարգելի, նախ և առաջ անհրաժեշտ է, որ նա պատշաճ ծանուցված լինի այդ նիստի տեղի և ժամանակի մասին։ Ծանուցման պատշաճությունը կարգավորված է Օրենսգրքի 1764 հոդվածով, որտեղ սպառիչ թվարկված է, թե անձին տրված ծանուցումը որ դեպքում է համարվում պատշաճ։ Ոչ պատշաճ ծանուցման դեպքում անձը չի կարող որևէ պատասխանատվություն կրել դատական նիստին չմասնակցելու համար։ Ավելին՝ դա չի կարող հիմք հանդիսանալ նրա դատավարական իրավունքները կամ հնարավորությունները սահմանափակելու համար։

Եթե ծանուցումը չի տրվել օրենքով նախատեսված եղանակներից կամ ձևերից որևէ մեկով, ապա դրա հետևանքների պատասխանատուն ծանուցումը տված մարմինը կամ պաշտոնատար անձն է։ Դատական նիստը շարունակելուց առաջ դատարանը պարտավոր է հավաստիանալ իր կողմից տրված ծանուցման պատշաճության մեջ, իսկ պատշաճ ծանուցման բացակայության կամ դրա կապակցությամբ ողջամիտ կասկածների առկայության դեպքում պետք է հետաձգի դատական նիստը, քանի որ նման պարագայում անձը չի մասնակցում դատական նիստին իրենից չկախված, ասել է թե՝ հարգելի պատճառով։

Եթե դատական նիստերն անցկացվել են պատշաճ չծանուցված պաշտպանի բացակայությամբ, ապա դա դատական ընթացակարգի կոպիտ խախտում է, քանի որ պաշտպանի մասնակցությունը դատական քննությանը պարտադիր է։ Իսկ Օրենսգրքի 304-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պաշտպանի չներկայանալու և այդ նիստում նրան մեկ ուրիշ պաշտպանով փոխարինելը հնարավոր չլինելու դեպքում գործի քննությունը հետաձգվում է: Դրա հետ մեկտեղ պետք է նկատի ունենալ, որ դատական նիստին չներկայացած պաշտպանի փոխարինումը թույլատրվում է միայն ամբաստանյալի համաձայնությամբ: Օրենսգիրքը սա համարում է քրեադատավարական օրենքի էական խախտում և 398-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի ուժով այն դիտում է որպես դատավճռի անվերապահ բեկանման հիմք։

- Այս համատեքստում ևս մեկ հարց։ Վերջին երկու-երեք նիստերի մասին չի ծանուցվել նաև պարոն Թովմասյանը։ Կարող է դա իրավաչափ համարվել այն պատճառաբանությամբ, որ նա հեռացված է եղել դատական նիստի դահլիճից։

-Դատական նիստի դահլիճից ամբաստանյալի հեռացման փաստը պաշտպանի մասնակցությունը պարտադիր է դարձնում։ Դա նշանակում է, որ ամբաստանյալի բացակայության դեպքում առանց պաշտպանի դատական նիստ անցկացվել չի կարող։ Եթե ամբաստանյալի կողմից հրավիրված պաշտպանի մասնակցությունը դատական նիստին անհնար է, դատարանը պետք է հետաձգի դատական քննությունն ու ամբաստանյալին առաջարկի ընտրելու այլ պաշտպան, և միայն նրա հրաժարվելու դեպքում՝ նշանակի նոր պաշտպան:

Այս պարագայում դատական նիստի դահլիճից հեռացված ամբաստանյալը զրկվում է իր ընտրած պաշտպանի միջոցով պաշտպանվելու և իր պաշտպանությունը նախապատրաստելու համար նրա հետ հաղորդակցվելու հիմնարար իրավունքներն իրականացնելու հնարավորությունից, եթե պատշաճ չի ծանուցվում հերթական դատական նիստի անցկացման տեղի և ժամանակի մասին։

Panorama.аm