ԳՈՒՆԱԳԵՂ ԱՇՈՒՆԻՑ ԱՄԵՆԻՑ ՇԱՏԸ ՀՀ-Ն ԿԱՐՈՂ Է ՏՈՒԺԵԼ

Տելեգրամի և Դուրովի շուրջ սկսված աղմուկի պայմաններում աննկատ մնաց Բաքվից Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանի վաղաժամ հետ կանչումը։

Պաշտոնական հայտարարության մեջ նշված էր, որ պատճառը դեսպանի չափից դուրս պասիվությունն է Ադրբեջանում’ տեղի հասարակության Վրաստանի նկատմամբ լոյալության ապահովման հարցում։ Մինչդեռ, ըստ վրացական լրատվամիջոցների, պատճառն ավելի խորքային է։

Դեսպանը ոչինչ չի կարողացել հակադրել վրացական ընդդիմության քայլերին, որը ակտիվ աշխատանք է տանում ադրբեջանական հասարակության մեջ իրենց նկատմամբ լոյալություն ապահովելու համար։ Սա տրամաբանական է, եթե հաշվի առնենք, որ հոկտեմբերին Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են և Միացյալ Նահանգները ամեն ինչ (բառի ուղիղ իմաստով) անելու են Վրացական երազանք կուսակցությանը իշխանությունից հեռացնելու համար։

Հիմա ի՞նչ կապ ունի այստեղ Ադրբեջանը: Շատ ուղիղ։ Ադրբեջանական հասարակության մեջ վրացական իշխանությունների նկատմամբ բացասական դիրքորոշում ամրապնդելուն զուգահեռ անկասկած մեծ աշխատանք է տարվելու նրանց միջոցով Մառնեուլիի և ադրբեջանաբնակ այլ շրջանների բնակչության մեջ հակաիշխանական տրամադրություններ սերմանելու և նրանց իրենց փողոցային ակցիաներին օգտագործելու համար։ Կա մտավախություն, որ նույնը կարող է արվել նաև մեր երկրում, քանի որ ՀՀ մի շարք ՀԿ-ամերձ երիտասարդներ քեռի Ջոնի հրահանգով պատրաստ են լինելու իրենց լիբերաստական պարտքը կատարելու Վրաստանում, մանավանդ, որ դրա փորձը արդեն կա։

Այնպես որ գունագեղ աշուն է սպասվում մեր տարածաշրջանում, որից ամենից շատը մենք կարող ենք տուժել։

Գրիգոր Բալասանյան, միջազգայնագետ

Verelq.am