ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ Ե՛Ս ԵՄ, կամ՝ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՆՑԱԿԻՑՆԵՐԻ ԱՆԿՇՏՈՒՄ ԲՈԼՈՒԿԸ

Մեր փառապանծ, բայց աղքատ պետությունում իրենց համար ապրում ու քեֆ են քաշում շուրջ 12 հազար բարձրաստիճան վարչարարներ։ Պետական մասնահատվածում աշխատող ևս ավելի քան 130 հազար պետծառայողները, մանր ու միջին տրամաչափի պաշտոնյաները եթե անգամ ճոխ չեն ապրում, ապա հաստատ չոր հացի վրա չեն, ընդ որում պետությունից ունենալով նաև սոցփաթեթ։ Փոքր երկրի համար պետական ապարատի այսպիսի ուռճացումն անթույլատրելի ճոխություն է և անտանելի բեռ հարկատուների համար։ Բայց ձեռնարկվո՞ւմ են արդյոք փորձեր, Փաշինյանի վաղուց տված խոստումների համաձայն, կրճատելու Հայաստանի պետական ապարատի տարողությունը և առհասարակ պետկառավարման համակարգում զբաղվածների անկշտում բոլուկը։

Պետկառավարման համակարգի բարեփոխումների շրջանակներում նշանակալի քայլի մասին վերջին անգամ խոսվել է 2017 թվականի հոկտեմբերի վերջին՝ 2018 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ: Այն ժամանակ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտարարեց Հայաստանի պետական մասնահատվածում աշխատողների թվաքանակի օպտիմալացման մասին, ինչը ենթադրում էր 5564 հաստիքային միավորների և համապատասխանաբար աշխատավարձի ընդհանուր ֆոնդի կրճատում 3 մլրդ դրամով։

Հստակ հայտնի չէ նշված ուղղությամբ ավելի քան 6 տարվա ընթացքում Փաշինյանի արած որևէ հասկանալի և համակարգային քայլի մասին։ Դժվար թե այդպիսին կարելի լինի համարել գյուղնախարարության կամ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության անմտածված լուծարումը, ծանր «հավաքական կառույցների» ձևավորումը՝ ի դեմս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ահռելի ու անդյուրաշարժ նախարարության կամ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ)։ Սփյուռքի նախկին նախարարությունը փոխարկվեց Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի անկշիռ գրասենյակի։ Բացի այդ, վարչապետի աշխատակազմում ընդգրկված են ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերով բաժինը (երբեմնի Պետական խորհուրդը) և բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդատվական հանձնաժողովը։ Ի դեպ, բարեգործական ծրագրերի շրջանակներում իրականացված աշխատանքների մասին 2003 թվականից ի վեր կառավարության կայքում հրապարակվող ամենամյա հաղորդագրությունները Փաշինյանի իշխանության գալուն պես ակնթարթորեն ընդհատվեցին. այդօրինակ վերջին հաղորդագրությունը թվագրված է 2018թ.: Մինչդեռ այդ ծրագրերը, սկսած «Ազնավուր» հիմնադրամի կողմից Մշակութային կենտրոնի ստեղծումից, տարբեր զբոսայգիների բարեկարգումից և վերջացրած բարեգործական ծանրակշիռ բեռների ներկրմամբ ու բաշխմամբ, միշտ նշանակալի ազդեցություն են ունեցել Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման վրա: Այսպես, 2018-ի վերջին հասանելի հաղորդագրության մեջ ասվում է, որ միայն այդ տարվա ընթացքում 37 երկրներից ներկրվել է 6,18 մլրդ դրամ մաքսային արժեքով բեռ:

Փաշինյանը լիովին իրենով արեց այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են ազգային անվտանգությունը, պետական պահպանությունը, արտաքին հետախուզությունը, պետական վերահսկողությունը։ Բացի այդ, կառավարությանն առընթեր գործում են 5 կոմիտեներ և 6 տեսչական մարմիններ: Դրանք բոլորն էլ, ի տարբերություն նախարարությունների կազմում գտնվող տեսչությունների, ունեն իրենց կադրերի բաժինները, հաշվապահությունները, ընդհանուր բաժինները, ֆինանսատնտեսական ծառայությունները, մի խոսքով՝ այն ամենը, ինչ հասնում է իրենց՝ կառավարությանը կից լինելու կարգավիճակի շնորհիվ։ Մյուս կողմից, մարդկանց համար կարևոր նշանակություն ունեցող պետական մարմինները, այսպես ասած, մղվում են ճամփեզր՝ կորցնելով ինքնուրույնությունն ու նախկին բարձր կարգավիճակը։ Մասնավորապես, դա տեղի ունեցավ արտակարգ իրավիճակների ոլորտի հետ, երբ առանձին ԱԻՆ-ը սկզբում «իջեցրին» կառավարությանն առընթեր ԱԻ վարչության աստիճանի, իսկ համեմատաբար վերջերս Փաշինյանն ընդհանրապես «տշեց» այն ՆԳՆ կազմ։

Հասկանալի է, որ պետկառավարման համակարգում կրկնակ օղակների վերացումը հանգեցնում է բյուջետային ուղիղ խնայողության։ Բայց ներկայիս կառավարությունում ինչ-որ մեկի մտքով կանցնի՞ արդյոք վերջապես ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ կառավարությանն առընթեր նշյալ 6 տեսչական մարմինների մեջ գործում է Սննդամթերքի անվտանգության տեսչություն, իսկ էկոնոմիկայի նախարարության կազմում կա... (բազմակետը՝ մեր կողմից - Ա. Ա.) սննդամթերքի անվտանգության ճիշտ նույնպիսի վարչություն։ Նույնը կարելի է ասել ԿԳՄՍՆ կազմում գործող միջազգային կապերի և Սփյուռքի վարչության և Սփյուռքի հետ կապերի բաժնի մասին՝ վարչապետի աշխատակազմում նույն հարցերով գլխավոր հանձնակատարի վերոնշյալ մի ամբողջ գրասենյակի առկայության պարագայում: Այսինքն, մի կողմից՝ պետկառավարման համակարգում պահպանվում են կրկնակ օղակները, իսկ մյուս կողմից՝ անհասկանալի տրամաբանությամբ մեկ պետական մարմնի մեջ մեխանիկորեն միավորվում են միմյանց հետ ոչ մի կապ չունեցող ոլորտներ։ Որպես ևս մեկ օրինակ կարելի է հիշատակել կառավարությանն առընթեր մեկ տեսչական մարմնում առողջապահության և աշխատանքի ոլորտների միավորումը:

Մեր տրամադրության տակ է հայտնվել հետևյալ ուշագրավ թիվը. դեռևս 2002 թվականին այն ժամանակվա վարչապետի որոշմամբ Առևտրի և տնտեսական զարգացման նախարարության 232 հաստիքային միավորներից մնացել էին 155-ը։ Այդ գերատեսչության իրավահաջորդը Էկոնոմիկայի նախարարությունն է։ Իսկ գիտե՞ք, թե այսօր քանի հաստիքային միավոր կա այնտեղ: Ամբողջ 384։ Եզրահանգումներն արեք ինքներդ:

Ընդհանրապես այնպիսի տպավորություն է, որ իշխանության ուռճացված հաստիքները փոխհատուցվում են... դրանց համալրման ոչ պարտադիր լինելով։ Իհարկե, այստեղ իրենց դերն ունեն նաև Փաշինյանի անձնական հատկանիշները, քանի որ քչերն են ցանկանում աշխատել քմահաճ ու անհավասարակշիռ ղեկավարի ձեռքի տակ, չենք խոսում արդեն նրանց մասին, ովքեր սկզբունքորեն գործարքի չեն գնում սեփական խղճի և երկրի զարգացման ուղիների մասին իրենց պատկերացումների հետ։ Բայց որքանո՞վ է արդյունավետ նման իրավիճակում հենց նույն էկոնոմիկայի նախարարության աշխատանքը՝ իր բազմաթիվ թափուր աշխատատեղերով, և ընդհանրապես պետապարատի աշխատանքը:

Դատեք ինքներդ: Նշյալ նախարարության թեթև արդյունաբերության վարչությունում հաստիքային 9 միավորներից թափուր են 8-ը, այդ թվում՝ պետի պաշտոնը: Այսինքն ամբողջ վարչությանը բաժին է ընկնում միայն մեկ գլխավոր մասնագետ, որը միանգամայն իրավունք ունի արտաբերելու «Վարչությունը ե՛ս եմ» արտահայտությունը։ Ճիշտ և ճիշտ անձնական իշխանությունն ամեն կերպ ամրապնդել ձգտող Փաշինյանի ոգով, որը, հավանաբար, Լյուդովիկոս 14-րդ թագավորի օրինակով՝ բարբառում է. «Պետությունը ե՛ս եմ»։

Ինչևէ, եկեք շարունակենք դիտարկել Էկոնոմիկայի նախարարության ստորաբաժանումները: Ռազմավարական ոլորտների վարչությունում, որը ներառում է ծանր արդյունաբերության և թանկարժեք քարերի ու մետաղների բաժինները, բացակայում են ոչ միայն նշյալ բաժինների ղեկավարները, այլև հաստիքակազմով նախատեսված աշխատողների կեսը: Ձեռնարկատիրության, ինչպեսև ներդրումային ծրագրերի վարչությունում թափուր են 9 հաստիքից 4-ը, գիտելիքահենք տնտեսության վարչությունում՝ 9-ից 5-ը: Միջազգային համագործակցության վարչությունում թափուր են 11-ից 7-ը, տնտեսական հետազոտությունների վարչությունում՝ 9-ից 7-ը: Եվ այսպիսի վիճակ է տիրում բնավ միայն Էկոնոմիկայի նախարարությունում։

Պետական կառավարման համակարգի, այսպես կոչված՝ բարեփոխման գործում Փաշինյանի վրիպումներն ու կոպիտ սխալները հանգեցրել են որակյալ մասնագետների սուր պակասի, երբ պետապարատի արդյունավետ աշխատանքի մասին խոսելն ուղղակի անտեղի է։ Ահա և ստիպված են ապավինել բացառապես առաջին դեմքերի մտավոր ունակություններին, երբ, օրինակ, Փաշինյանը՝ գյուղացիական տնտեսություններն անձամբ զննելիս, դիլետանտ ու անիմաստ խորհուրդներ է տալիս ֆերմերներին, իսկ կառավարության նիստերի ժամանակ, երկրի համար ռազմավարական հարցեր քննարկելու փոխարեն՝ հարկ է լինում սիրողական դատողություններ լսել թթվասերի և կովերի բեղմնավորման մասին։