Բայրամով․ Խաղաղության պայմանագրի հիմնական խոչընդոտն Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներն են
ՀՀ սահմանադրության մեջ Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներ կան, որոնք հանիսանում են խաղաղության պայմանագրի հիմնական խոչընդոտը։ Այս մասին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Անկարայում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նշվում է, որ արտգործնախարարները քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Բայրամովն ասել է, որ ադրբեջանական կողմը Հայաստանին է ներկայացրել խաղաղության պայմանագրի նախագիծ՝ 5 հիմնարար սկզբունքով։
Բայրամովը նաև մտահոգություն է հայտնել Հայաստանի «արագ վերազինման» հետ կապված։ Նա սխալ է որակել այդ քաղաքականությունը և այն դիտարկել որպես տարածաշրջանի համար լրացուցիչ սպառնալիքի աղբյուր։
Հուլիսի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի 80-90%-ն արդեն համաձայնեցված է։ Նրա խոսքով՝ Երևանը պետք է արձագանքի համաձայնագրի վերաբերյալ Բաքվի առաջարկներին և համատեղ դիմի ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու համար։
Հունիսի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի տեքստն իր վերջնական փուլում է, ինչը թույլ է տալիս մոտ ապագայում խաղաղություն կնքել Բաքվի հետ։ Փաշինյանը հայտնել էր, որ վերջին քայլերն են մնացել, սակայն չէր պարզաբանել, թե համաձայնագրի որ դրույթներն են քննարկվում և որոնք պետք է վերջնական տեսքի բերվեն։
Հունիսի 6-ին Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևն անդրադարձել էր Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրին՝ նշելով, որ անհնար է այն կնքել, քանի դեռ Հայաստանի սահմանադրությունը չի փոխվել։ Նույն օրն Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն Երևանին առաջարկել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու համար։
Armenia Today