Վարուժան ԳԵՂԱՄՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՑԱՆԿԱՑԱԾ ՄՈԴԵԼ ԹԵՐԻ Է, ԵԹԵ ՀԱՇՎԻ ՉԻ ԱՌՆՈՒՄ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի զարգացման ցանկացած մոդել, ծրագիր, տեսլական թերի է և ոչ արդյունավետ, եթե այն հաշվի չի առնում աշխարհագրական իրականությունը։ Այս մասին գրում է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:

«Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը վերջերս հարցազրույց է է տվել Politico պարբերականին, որտեղ հնչեցրել է բավական հետաքրքիր և անկեղծ մտքեր։ Կուզեմ ձեր ուշադրությունը սևեռել դեսպանի այս մտքի վրա.

«Կան հասկացող մարդիկ, որոնք գիտեն, որ Թուրքիան անփոխարինելի գործընկեր է։ Երբ աշխարհը խաղաղության փուլում է, Թուրքիան կարևոր դիրքերում է զուտ իր աշխարհագրության բերում։ Իսկ երբ աշխարհն իրարանցման մեջ է, ապա Թուրքիան դառնում է շատ ավելի կարևոր»։

Գիտության մեջ սա կոչվում է աշխարհագրական դետերմինիզմ, կամ, պարզ բառերով ասած, երբ աշխարհագրությունը կանխորոշում է քաղաքական ու հասարակական զարգացումները։

Աշխարհագրությունը հնարավոր չէ անտեսել։ Երբ անտեսում ես, այն վրեժ է լուծում։ Թուրքիայի քաղաքական վերնախավերը մշտապես հասկացել են իրենց աշխարհագրական ռեսուրսները՝ Քեմալ Աթաթյուրքից մինչև Դավութօղլու և Էրդողան։

Հայաստանի զարգացման ցանկացած մոդել, ծրագիր, տեսլական թերի է և ոչ արդյունավետ, եթե այն հաշվի չի առնում աշխարհագրական իրականությունը։ Մեկ հայացք քարտեզին ավելի և մեծ վերլուծությունների կարիք չկա. հասկանալի է, թե որն է իրական խնդիրը, որտեղ են լուծումները»։

News.am